Գեստացիոն դիաբետ

24.10.20173575

Գեստացիոն դիաբետը զարգանում է հղիության ընթացքում և ինքնուրույն անցնում ծննդաբերությունից հետո։ Այդ վիճակը բնորոշվում է ինսուլինի՝ ենթաստամոքսային գեղձի հորմոնի պակասի պատճառով արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմամբ (հիպերգլիկեմիա)։ Հղիության երկրորդ կեսին ինսուլինի պահանջն օրգանիզմում աճում է, որովհետև հղիության մի շարք հորմոններ արգելում են դրա գործունեությունը։

Երբեմն պատահում է, որ ենթաստամոքսային գեղձը չի կարողանում բավարար քանակով ինսուլին արտադրել։ Այդ դեպքում շաքարը չի հեռանում արյան միջից, պահպանվում է նրանում մեծ քանակությամբ։ Մոր արյան միջից գլյուկոզան ընկերքի միջով անցնում է երեխայի արյան մեջ՝ առաջացնելով հիպերգլիկեմիա, ինչը հանգեցնում է երեխայի ավելորդ քաշի, ծննդաբերության բարդացման, շնչառական խանգարումների, ծնվելուց հետո՝ հիպոգլիկեմիայի, երեխայի դեղնախտի։

Գեստացիոն դիաբետի ախտանշանները

Գետսացիոն դիաբետը հատուկ որևէ նշան չունի, քանի որ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը քիչ է ազդում օրգանիզմի վրա։ Այնուամենայնիվ հնարավոր է, որ բերանում չորություն առաջանա, միզարձակումը հաճախակի և առատ լինի, տեսողության հետ կապված խնդիրներ ի հայտ գան, թուլություն և քաշի նվազում նկատվի։

Ռիսկային խմբում այն կանայք են, որոնք՝

  • ունեն ավելորդ քաշ, 
  • գենետիկական նախատրամադրվածություն, 
  • 30 տարեկանից մեծ են, 
  • ունեն գերջրություն, և պտուղը խոշոր է, 
  • նախորդ հղիության ընթացքում ունեցել են գեստացիոն դիաբետ։ 

Ռիսկային խմբում գտնվող բոլոր կանայք պետք է գլյուկոզայի մակարդակի ստուգման հետազոտություն անցնեն (արյան հետազոտություն)։ Եթե շաքարի մակարդակն արյան մեջ (որը վերցվել է մատից քաղցած ժամանակ) գերազանցում է 5մմոլ/լ-ն, ապա հատուկ գլյուկոզոտոլերանտ թեստ է նշանակվում, որը ցույց է տալիս օրգանիզմի կողմից շաքարի վերամշակման արագությունը։ Թույլատրելի մակարդակն անցնելու դեպքում ախտորոշվում է «գեստացիոն դիաբետ»։

Ի՞նչ անել

Առաջին հերթին պետք է սովորել ինքնուրույն չափել արյան մեջ շաքարի մակարդակը (գլյուկոմետրի կամ թեստ-գծիկների միջոցով)։ Սովորաբար շաքարի մակարդակը հնարավոր է լինում կարգավորել ածխաջրերի փոխանակությունը կարգավորող դիետայի միջոցով։ Վերջինիս դեպքում ածխաջրերի օգտագործումը նվազեցվում է, ինչը հանգեցնում է շաքարի մակարդակի նվազման։

Պետք է նախապատվությունը տալ հատիկավորներին, բանջարեղենին ու մրգերին, հրաժարվել քաղցրեղենից, յուղալի և աղի ուտելիքներից։ Օրգանիզմին անհրաժեշտ ճարպերը պետք է ստանալ բուսական և ոչ թե կենդանական աղբյուրներից։ Խորհուրդ է տրվում օրական 1-1.5լ ջուր խմել։ Եթե դիետան օգուտ չի տալիս, ապա ինսուլինոթերապիա է նշանակվում։ Սովորաբար հղի կանանց դիաբետն անհետանում է ծննդաբերությունից անմիջապես հետո։ Սակայն կա ռիսկ, որ այն հղիությունից հետո էլ կզարգանա։

Այդ պատճառով ծննդաբերությունից հետո որոշ ժամանակ պետք է շարունակել վերահսկել գլյուկոզայի մակարդակը, իսկ հետագայում խորհուրդ է տրվում երեք տարին մեկ անգամ շաքարի մակարդակի ստուգման հետազոտություն կատարել։