Երբ պորտալարը փաթաթվում է պտղի մարմնի մասերին

Երբ պորտալարը փաթաթվում է պտղի մարմնի մասերին

Պատահում է, որ պորտալարը փաթաթվում է պտղի պարանոցին կամ մարմնի այլ մասերին։ Շատերն են լսել այդ երևույթի վտանգավորության մասին, սակայն պետք է նաև իմանալ, որ այն հազվադեպ է անմիջական վտանգ ներկայացնում երեխայի համար, քանի որ նա դեռևս թոքերով չի շնչում, և պարանոցի մի փոքր սեղմումը նրան չի վնասի։ Այնուամենայնիվ, իրավիճակը մեծ ուշադրություն է պահանջում, քանի որ փաթաթումը կարող է հանգեցնել որոշ դժվարությունների ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ ծննդաբերության։

Նախ պետք է միշտ ուլտրաձայնային հետազոտությունը կատարող բժշկից ճշտել փաթաթման տեսակը։ Բացի պարանոցից պորտալարը կարող է փաթաթվել նաև երեխայի ձեռքերին և ոտքերին։ Վտանգավոր է այն դեպքում, երբ օղակները երկուսն են և ձիգ։ Այդ դեպքում հնարավոր է, որ պորտալարը սեղմվի և պտղին թթվածին տեղափոխող անոթները նեղանան՝ մեծացնելով թթվածնաքաղցի առաջացման հավանականությունը։ Հարկավոր է պարբերաբար կարդիոտոկոգրաֆիա կատարել։

Մյուս վտանգը ծննդաբերության ընթացքում պորտալարի ձգվելն է։ Եթե փաթաթման օղը մեկն է, երեխան լույս աշխարհ է գալիս առանց որևէ խնդրի։ Երեխայի գլուխը երևալուն պես մանկաբարձը հանում է օղը՝ կանխելով արյունատար անոթների սեղմումը։ Եթե պորտալարը մի քանի անգամ է փաթաթված պարանոցին կամ մարմնի այլ մասերին, ապա ցուցված է կեսարյան հատում կատարել։ Պետք է հաշվի առնել, որ պորտալարի երկարությունը կարող է տատանվել 40-60սմ-ի սահմաններում և դրանից է կախված փաթաթման ձգությունը։

Չափազանց երկար պորտալարը հակված է փաթաթման և հանգույցների ձևավորմանը։ Ցավոք հնարավոր չէ հստակ որոշել պորտալարի երկարությունը, սակայն ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս ծննդաբերությունից առաջ մոտավոր պատկերացում կազմել երեխայի դիրքի և պորտալարի մասին։

Փաթաթման օղերի քանակի որոշման հարցում ավելի լավ է դոպլեր-հետազոտություն կատարել, որը գունավոր պատկերով ցույց է տալիս, թե քանի անգամ է պորտալարը անցնում կոնկրետ հատվածով։ Այսօր կարդիոտոկոգրաֆիայի շնորհիվ բժիշկը ծննդաբերության ընթացքում կարողանում է վերահսկել պտղի սրտի աշխատանքը։ Եթե սրտի բաբախումները նվազում են, բժիշկը խթանում է ծննդաբերությունը, իսկ թթվածնաքաղցի վառ արտահայտված նշանների դեպքում ընտրում կեսարյան հատման ճանապարհը։

Պորտալարի փաթաթմանը պատճառները

Փաթաթման ուղղակի պատճառներ չկան, քանի որ այդ պատահական երևույթ է՝ կախված արգանդում երեխայի շարժումներից։ Հնարավոր է, սակայն, առանձնացնել մի քանի գործոն, որոնք կարող են անուղղակիորեն ազդել փաթաթման հավանականության վրա։ Առաջինը պտղի թթվածնաքաղցն է․ երբ սննդանյութերը չեն բավարարում, երեխան ավելի ակտիվ է դառնում և շատ է պտտվում։ Երկրորդը գերջրությունն է․ մեծ քանակությամբ հարպտղային հեղուկի դեպքում արգանդում ավելի շատ տեղ է լինում շարժման համար։

Սրանք ընդամենը նախատրամադրող գործոններ են, որոնք մեծացնում են պորտալարի փաթաթման հավանականությունը։ Խորհուրդ է տրվում ավելի շատ լինել մաքուր օդով վայրերում, վիտամինային համալիրներ խմել և խուսափել սթրեսից։ Փաթաթման պարագայում ոչ մի դեպքում չփորձեք բացել օղը ակրոբատիկ վարժություններ կատարելով կամ ժողովրդական միջոցներից օգտվելով։ Այդ ամենն անօգուտ է, անգամ կարող է վնասել։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար