Ձվարանների հյուծման համախտանիշ

04.10.20173768

Կլիմաքսի ախտանշանները, որոնք դրսևորվում են ժամանակից շուտ (35-40տ․)՝ վաղաժամ կլիմաքս, բժշկությունը դիտում է որպես ձվարանների հյուծման համախտանիշ։ Այդ վիճակի դեպքում բնականոն գործող ձվարաններն անսպասելիորեն սկսում են չգործել առանց ակնհայտ պատճառների։ Հյուծման համախտանիշը ձվարանների անբավարարությունը չէ,․ անբավարարության դեպքում հնարավոր է արդյունավետ թերապիա ընտրել, իսկ հյուծման դեպքում անհնար է վերականգնել ձվարանների ֆունկցիան։

Ձվարաններում ձվաբջիջների պահուստային քանակը ձևավորվում է դեռևս ներարգանդային զարգացման ընթացքում։ Այդ ընթացքում միլիոնավոր ֆոլիկուլներ են կազմավորվում, որոնց 90%-ը հետագայում չի զարգանում, միայն 10%-ն էպատրաստ լինում հասունացմանը։ Կյանքի ամեն տարում այդ քանակը նվազում է։ Հետևաբար ձվաբջիջների պահուստային քանակն անմիջականորեն կախված է կնոջ տարիքից։ Ինչ-որ պահի պահուստն սպառվում է, և ֆոլիկուլյար ապարատը դադարում է գործել։ Այդ կարող է պատահել ինչպես ճիշտ ժամանակին (50տ․), այնպես էլ ավելի վաղ՝ կախված տարաբնույթ գործոններից։

Ձվարանների հյուծման համախտանիշի պատճառները պարզ չեն, հայտնի են միայն մի շարք գործոններ, որոնք տեսականորեն կարող են այդ պաթոլոգիան առաջացնել։ Առաջին հերթին ժառանգական նախատրամադրվածությունն է, որը հաճախ ուղեկցվում է ամենորեայով, ուշ մենարխեյով, փոքր ձվարաններով։

Ձվարանների վրա կարող են ազդել նաև վաղ հասակում տարած վարակիչ հիվանդությունները (կարմրուկ, պարոտիտ, ստրեպտոկոկային վարակ և այլն) և անգամ ներարգանդային գործոնները (մոր գեստոզը, դեղորայքային և քիմիական ներգործությունը)։ Հաճախակի սթրեսները, անբավարար սնունդը, հիպովիտամինոզը նույնպեսկարող են ձվարանների վաղաժամ հյուծման պատճառ դառնալ։

Համախտանիշի կլինիկական պատկերը դրսևորվում է սովորաբար 37-38 տարեկանում։ Հիմնական ախտանշանը օլիգոմենորեան է, որին հաջորդում է մենստրուացիայի դադարը, ուղեկցվում է գլխացավով, ջերմային առհոսքով, հոգնածությամն և սրտի ցավով։ Նկատվում է էստրոգենների և պրոլակտինի մակարդակի նվազմամբ, հանգեցնում է կաթնագեղձերի ատրոֆիայի, լյուտեինիզացնող հորմոնի մակարդակի կտրուկ աճի։

Ձվարանների հյուծման համախտանիշիախտորոշումը հիմնվում է փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտության և հորմոնների անալիզների արդյունքների վրա։ Անհրաժեշտության դեպքում ախտորոշիչ լապարասկոպիա և ձվարանի հյուսվածքի բիոպսիա են կատարում հիստոլոգիական՝ հյուսվածքաբանական հետազոտության համար։

Վերականգնողական բուժումը հյուծման դեպքում անարդյունավետ է։ Ընդհակառակը, ձվարանների աշխատանքի խթանումը հորմոնային դեղամիջոցներով կարող է անդառնալի հետևանքներ ունենալ այլ օրգան-համակարգերի համար։ Դրա փոխարեն կիրառվում է փոխարինիչ հորմոնային թերապիա՝ ուղղված ընդհանուր վիճակի շտկմանը նախքան բնական մենոպաուզայի սկիզբը։ Այն նաև օստեոպորոզի կանխարգելմանն ուղղված միջոցառում է։ Բուժումը հարկավոր է համակցել ֆիզիոթերապիայի, արոմաթերապիայի, մերսման, բուժական ֆիզկուլտուրայի և վիտամինաթերապիայի հետ։

Ձվարանների հյուծման համախտանիշի դեպքում բնական ճանապարհով հնարավոր է հղիանալ միայն օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ՝ ԱՄԲ դոնոր ձվաբջջով։ Նշենք, սակայն, որ երբեմն անգամ մի քանի տարվա ամենորեայի դեպքում ձվարանների ֆունկցիան կարող է անսպասելիորեն վերականգնվել։