Անպտղության առաջացման պարանոցային (ցերվիկալային) գործոնները

29.09.20178024

Ֆերտիլության խանգարումների հիմքում ընկած այն գործոնները, որոնք տեղակայված են արգանդի պարանոցում, կոչվում են ցերվիկալային։ Այդ գործոնները բաժանվում են երկու տիպի՝ արգանդի պարանոցի ձևախեղումներ և ցերվիկալ լորձի կազմի խանգարումներ։

Արգանդի պարանոցի ցանկացած շեղում կարող է հանգեցնել անպտղության։ Արգանդի պարանոցը կամ ցերվիկալ կանալը սերմնաբջիջբերին հեշտոցից դեպի արգանդի խոռոչ տանող ուղին է։ Այն պատված է էպիթելային բջիջներով, որոնք հատուկ նյութ են արտազատում։ Ցերվիկալ արտազատուկի՝ սեկրետի քանակությունը կարգավորվում է ձվարանների հորմոններով․ կազմավորումը՝ էստրոգենների կողմից, ճնշումը՝ պրոգեստերոնի։ Այդ հորմոնների ազդեցությամբ ցիկլի ընթացքում լորձը փոխում է իր որակը։

Ձվազատումից առաջ քանակն ավելանում է, այն դառնում է թափանցիկ և հիմնային ռեակցիա է ունենում: Արտազատուկից բացի լորձի բաղադրության մեջ մտնում են նաև այլ տարրեր՝ լեյկոցիտներ, էնդոմետրիումի մեռած բջիջներ, էնդոմետրիումային և փողային հեղուկ։ Այդ բաղադրիչների հարաբերակցությունից են կախված լորձի առաձգականությունն ու մածուցիկությունը։

Խիտ և մածուցիկ լորձը խոչընդոտում է սերմնաբջիջների շարժին՝ դրանք պահելով պարանոցի հատվածում։ Դրա արդյունքում արական սեռական բջիջները զրկվում են կենսունակությունից նախքան ձվաբջջին հասնելը։ Ցերվիկալ լորձի բաղադրության խանգարումները դիտվում են արգանդի պարանոցի բորբոքային հիվանդությունների, հորմոնային հավասարակշռության խախտման դեպքում։

Ցերվիկալ լորձում սերմնաբջիջների որակի, շարժունակության և կյանքի տևողության որոշման համար կիրառվում է պոստկոիտալային թեստը։ Այն անցկացնում են ձվազատման շրջանում, երբ միջավայրն ավելի բարենպաստ է արական բջիջների համար։

Սեռական ակտից մի քանի ժամ անց հատուկ պիպետկայով ցերվիկալ կանալից լորձ են վերցնում և գնահատում նրա հատկությունները, բաղադրությունը և թթվահիմնային հավասարակշռությունը։ Այնուհետև ուսումնասիրում են լորձում սերմնաբջիջների ակտիվությունը։ Այդ դեպքերում անպտղության բուժումն սկսվում է սկզբնապատճառի վերացմամբ։

Արգանդի պարանոցի լորձի ուսումնասիրման ընթացքում հնարավոր է, որ հայտնաբերվեն նաև հակասպերմալ հակամարմիններ, որոնք ոչնչացնում են զուգընկերոջ սպերմատոզոիդներին։ Այդ դեպքում խոսքը իմունաբանական անպտղության մասին է։ Պատճառը բորբոքային պրոցեսներն են, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, էնդոմետրիոզը, վիրաբուժական միջամտությունները։ Բուժումը կրկին սկսում են սկզբնական խնդրի բուժումից։

Բեղմնավորումը դժվարացնում են արգանդի պարանոցի կառուցվածքի փոփոխությունները՝ բնածին անոմալիաներ, աբորտից կամ ծննդաբերությունից հետո մնացած սպիներ, պարանոցի ստենոզ և հիպոպլազիա։ Արգանդի պարանոցի դեֆեկտները սովորաբար ենթարկվում են վիրահատական շտկման։ Կարելի է կիրառել նաև ներարգանդային ինսեմինացիայի մեթոդը։