Հղի կանանց հագուստը

25.09.20176625

Պատրաստվելով երեխայի ծնունդին՝ ցանկացած կին բախվում է հագուստի ճիշտ ընտրության խնդրին։ Կա երկու տարբերակ․ գնել մեծ չափսի հագուստ, կամ գնել հատուկ հղի կանանց համար նախատեսված հագուստ։ Բոլոր դեպքերում անհրաժեշտ է հաշվի առնել, որ հագուստը չպետք է ճնշի կուրծքն ու որովայնը, այն պետք է թույլ լինի։ Շատ հարմար են առաձգական դետալներով և մեծացման մի քանի աստիճան ունեցող ամրակներով հագուստները, որոնք հնարավոր է կրել հղիության ամբողջ ընթացքում։

Կարդացեք՝ Հագուստը հղիության ընթացքում․ առաջին եռամսյակ

Հագուստը չպետք է կաշկանդի գործողությունները, բոլոր դիրքերում այն պետք է հարմար լինի։ Ավելի լավ է ընտրել փափուկ, շնչող և խոնավությունը ներծծող գործվածքներ։ Ձմեռային հագուստը պետք է պահի ջերմությունը, իսկ ամառայինը չտաքացնի մարմինը։ Դետալները չպետք է սեղմեն ու ճնշեն՝ խանգարելով արյան շրջանառությանը։ Զուգագուլպաները, լեգինսներն ու տրիկոները պետք է մի քանի չափով մեծ լինեն, որպեսզի ռեզինը չսեղմի որովայնը։

Կարդացեք՝ Հագուստը հղիության ընթացքում․ երկրորդ եռամսյակ

Սովորական հագուստի բազմաթիվ մոդելներ հարմար են նաև հղի կանանց համար, օրինակ՝ լայն թիկնոցները, բարձր գոտկատեղով զգեստները։ Հղի կաննց համար նախատեսված հատուկ հագուստները թույլ կտան պահպանել սեփական ոճը նաև հղիության ընթացքում։ Եթե ջինսեր և շապիկներ եք սիրում, ապա բոլորովին էլ պարտադիր չէ հրաժարվել դրանցից, կարող եք գնել ձեզ համար նախատեսված մոդելները։

Առաջին եռամսյակում հարմար կլինեն առաձգական ցածր գոտկատեղով ջինսերը, իսկ վերջին եռամսյակում՝ բարձր, փորը ծածկող տրիկոտաժային ռեզինով ջինսերը։ Ամռան ամիսներին այդ տեսակ տաբատները գուցե շոգելու պատճառ դառնան, ավելի լավ է ազատ սարաֆան կրեք։

Կարդացեք՝ Հագուստը հղիության ընթացքում․ երրորդ եռամսյակ

Կոշիկը նույնպես առանձնահատուկ ուշադրություն է պահանջում։ Հղիության ընթացքում ոտքերը փոքր-ինչ ուռչում են, ինչի պատճառով կոշտ կոշիկն սկսում է սեղմել։ Այդ դեպքում հարկավոր է լայնության կարգավորման հնարավորություն ունեցող կոշիկ կրել՝ կոշկակապով, ինքնակպչուններով կամ այլ տեսակի ամրակներով։ Այն պետք է հարմար լինի, թեթև և առավելագույնս դիմացկուն, ընկնելու վտանգը և ողնաշարի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով խորհուրդ չի տրվում կրել երեք սանտիմետրից ավել բարձր կրունկ ունեցող կոշիկներ։

Պետք է աչքաթող չանել նաև ներքնաշորերը։ Հղի կանանց հատուկ կրծկալն ունենում է առաձգական թասակներ, չափսի կարգավորման մի քանի հարմարանքներ։ Մետաղական մասի բացակայությունը թեթևացնում է արյան հոսքը, իսկ կարերի բացակայությունն ապահովում է մաշկի գրգռումից։

Կարդացեք՝ Ներքնաշորերի ընտրությունը հղիության ընթացքում

Երրորդ եռամսյակում հատուկ աղեկապանման վարտիքների կարիք է զգացվում, վերջիններս որովայնը ճիշտ դիրքում են պահում։