Ռետրոխորիալ հեմատոմա

Ռետրոխորիալ հեմատոմա

Ռետրոխորիալ հեմատոման հղիության վաղ ժամկետներում հաճախ հանդիպող խնդիրներից մեկն է։ Ախտորոշվում է ՈւՁՀ-ի միջոցով։ Ռետրոխորիալ հեմատոմայի առաջացման նշաններից է բաց շագանակագույն արտադրությունը, որն ուղեկցվում է հղիության 5-8-րդ շաբաթում որովայնի ստորին շրջանի ձգող ցավով։ Այդ երևույթները նկատելուն պես հարկավոր է դիմել բժշկի, ՈւՁՀ կատարել և պարզել սաղմին սպառնացող վտանգի աստիճանը։

Ռետրոխորիալ հեմատոման մակարդված արյունով լեցուն խոռոչ է, առաջանում է, երբ պտղաձուն շերտազատվում է թավկենու թաղանթից։ Առաջացման պատճառները հստակեցված չեն, կարող է պատահել արգանդի զարգացման անոմալիաների, հորմոնային ֆոնի խանգարման, միզասեռական համակարգի բորբոքային հիվանդությունների, ֆիզիկական ծանրաբեռնվածության և սթրեսների հետևանքով։ Փոքր քանակությամբ շագանակագույն արտադրությունը մտահոգող ախտանշան չի համարվում, ընդհակառակը, հեմատոմայի ներծծման և մաքրման նշան է։

Վտանգավոր է վառ գունավորմամբ արտադրությունը, որը վկայում է շարունակվող արնահոսության մասին։ Ռետրոխորիալ հեմատոմայի ախտորոշման հարցում մեծ դեր է խաղում նրա չափսը։ Վտանգավոր է պտղաձվի մակերևույթի 40%-ից ավել մասը պատող հեմատոման։ Հեմատոմայի չափսերը վերահսկելու և անցկացրած բուժման ազդեցությունը գնահատելու համար հարկավոր է պարբերաբար ուլտրաձայնային հետազոտություն կատարել։

Ռետրոխորիալ հեմատոմայի բուժումն անկողնային ռեժիմ է ենթադրում (հաճախ ստացիոնարում), ինչպես նաև ֆիզիկական ծանրաբեռնվածության նվազեցում, հատուկ դիետա, որը կանխում է գազագոյացումն ու ստամոքսի խանգարումը։ Խորհուրդ է տրվում ուտել ոչ շատ թանձր ապուրներ, կաթ, կոմպոտներ խմել, բացառել այն բոլոր մթերքները, որոնք գազեր ու փորկապություն են առաջացնում։

Արգելված են նաև թեյն ու սուրճը։ Դեղամիջոցներից հաճախ նշանակվում են արնահոսությունը դադարեցնող և արյունն արագ մակարդող միջոցներ, սպազմոլիտիկներ, պրոգեստերոնային դեղամիջոցներ և այլն: Հիմնականում հեմատոման անցնում է մի քանի շաբաթվա ընթացքում և երեխայի վրա չի ազդում։ Այդուհանդերձ պետք է լուրջ վերաբերվել այդ վիճակին, որպեսզի հնարավոր լինի կանխել հեմատոմայի մեծացումը և որպես հետևանք՝ հղիության ընդհատումը։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար