Ռեզուսկոնֆլիկտային հղիություն

29.08.201711079

Ինչպես գիտեք, արյունը լինում է ռեզուս-դրական և ռեզուս-բացասական։ Այդ կախված է էրիթրոցիտներում ռեզուս-գործոն կոչվող սպիտակուցի առկայությունից։ Մարդկանց մեծամասնությունն ունի այդ սպիտակուցը, այսինքն արյունը ռեզուս-դրական է, մյուս մասը չունի՝ ռեզուս-բացասական է։

Ռեզուս-գործոնը ժառանգվում է գենետիկորեն և ոչ մի կերպ չի ազդում մարդու առողջության վրա, սակայն հղիության ընթացքում ռեզուս-բացասական արյուն ունեցող կնոջ դեպքում կարող է վտանգավոր մի երևույթ առաջանալ՝ ռեզուս-կոնֆլիկտ։ Այդ պատահում է միայն այն դեպքերում, երբ պտուղը ռեզուս-դրական է։

Դրական ռեզուսը երեխան ժառանգում է հորից, իսկ եթե երկու ծնողներն էլ ունեն ռեզուս-բացասական արյուն, ապա երեխայինը նույնպես բացասական կլինի և ռեզուս-կոնֆլիկտ չի առաջանա։

Ինչու՞ է ռեզուս-կոնֆլիկտ առաջանում

Արյան անհամապատասխանությունը ենթադրում է, որ եթե ռեզուս-բացասական արյան մեջ ռեզուս-դրական արյան էրիթրոցիտներ հայտնվեն, օրգանիզմը կսկսի հակամարմիններ արտադրել, որոնք կքայքայեն դրական բջիջները։ Այսինքն՝ մոր արյան մեջ հակամարմիններ կան, ապա նրա օրգանիզմը պտղի արյան էրիթրոցիտներն ընկալում է որպես օտար մարմիններ և փորձում է ոչնչացնել դրանք։

Այդուհանդերձ ռեզուսկոնֆլիկտային հղիության զարգացման հավանականությունը փոքր է։ Չէ՞ որ ընկերքը, որը յուրահատուկ պատնեշ է մոր և պտղի արյունատար համակարգերի միջև, թույլ չի տալիս, որ արյունները խառնվեն, այնպես որ մոր օրգանիզմը պարզապես չի իմանում անհամապատասխան արյուն ունեցող պտղի գոյության մասին և հակամարմիններ չի արտադրում։

Ռեզուս-կոնֆլիկտն առաջանում է միայն այն դեպքերում, երբ հակամարմիններն արդեն իսկ առկա են մոր օրգանիզմում նախքան հղիությունը (նախորդող ռեզուս-դրական երեխայի ծնունդի, վիժման, աբորտի, դրական արյան փոխներարկման հետևանքով) կամ էլ ընթացիկ հղիության ընթացքում ընկերքի մեխանիկական վնասվածքի պատճառով այն պարագայում, եթե հակառեզուս իմունոգլոբուլին չի ներարկվել։

Փոքր հավանականություն է առաջանում նաև ամնիոցենտեզի կամ թավկենու բիոպսիայի ընթացքում։

Ի՞նչ անել ռեզուս-կոնֆլիկտը կանխելու համար

Եթե ձեր արյունը ռեզուս-բացասական է, իսկ ամուսնունը՝ ռեզուս-դրական, ապա պետք է հնարավորինս շուտ հաշվառվել կանանց կոնսուլտացիայի և սկսել հակամարմինների վերահսկումը։ Այն ենթադրում է հակամարմինների հետազոտման ամենամսյա անալիզ մինչև 32-րդ շաբաթը, ամսական երկու անգամ 32-35-րդ շաբաթում և ամենշաբաթյա հետազոտություն 35-րդ շաբաթից մինչև ծննդաբերություն։

Եթե հակամարմիններ չկան, նշանակում է ամեն բան հարթ է ընթանում և անհանգստանալու կարիք չկա։ Եթե անգամ հակամարմիններ հայտնվեն, ռեզուս-կոնֆլիկտի առաջացումը կախված կլինի դրանց խտությունից (տիտր)։ Ըստ տիտրերի բժիշկը կկարողանա որոշել կոնֆլիկտի սկիզբը և անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել։

Ծննդաբերությունից հետո որոշվում է երեխայի ռեզուս-գործոնը, եթե դրական է լինում, մորը իմունոգլոբուլին է ներարկվում հաջորդող հղիությունների ընթացքում ռեզուս-կոնֆլիկտը կանխելու նպատակով։

Այսպիսով, ռեզուս-կոնֆլիկտ կարող է առաջանալ միայն երկրորդ հղիության դեպքում, այն պարագայում, եթե կարիք է եղել և հակառեզուս իմունոգլեբուլին չի ներարկվել: Եթե առաջին հղիության ընթացքում հակամարմիններ չեն առաջացել և հակառեզուսային իմունոգլոբուլինը ժամանակին է ներարկվել, ապա հաջորդող հղիությունների ընթացքում ռեզուս-կոնֆլիկտի առաջացման հավանականությունը կտրուկ նվազում է։

Այսօր ռեզուսկոնֆլիկտային հղիության ախտորոշման և վարման, ինչպես նաև ռեզուս-կոնֆլիկտի կանխարգելման լավ մշակված մեթոդներ կան, այդ պատճառով անգամ հակամարմինների առկայությունը հղիության հակացուցում չէ։ Կարևորը մասնագետի խորհուրդներին հետևելն է։