Ֆլյուորոգրաֆիան 
հղիության պլանավորման փուլում

25.08.20174051

Ֆլյուրոգրաֆիան այն հետազոտություններից է, որ պետք է պարբերաբար կատարի յուրաքանչյուրս: Ռենտգենաբանական հետազոտություն է, որի օգնությամբ ախտորոշում են տուբերկուլյոզը, թոքերի, սրտի և խոշոր անոթների հիվանդությունները, ոսկրային հյուսվածքի հիվանդությունները:

Բժիշկները հանգել են այն եզրակացության, որ հասուն մարդու համար մեկ անգամյա ճառագայթումը վնասակար չէ, իսկ այ սաղմի համար այն կարող է վտանգավոր լինել և վատ հետևանքներ ունենալ: Ֆլյուորոգրաֆիան պարտադիր հետազոտություն է համարվում նաև հղիության պլանավորման շրջանում:

Հղիության առկայությունը բացառելու նպատակով հարկավոր է հետազոտությունն անցկացնել մենստրուալ ցիկլի մեկ երրորդում, այդ պարագայում այն վնաս չի հասցնի ապագա երեխային: Ավելի լավ է առհասարակ հղիություն չպլանավորել այն ցիկլում, որի ընթացքում կատարվելու է հետազոտությունը: Բացառություն են այն դեպքերը, երբ ֆլյուորոգրաֆիայի լուրջ ցուցումներ կան:

Կարդացեք՝ Ռենտգենային հետազոտությունը հղիության ընթացքում

Բոլոր դեպքերում ֆլյուորոգրաֆիայի ընթացքում վերարտադրողական համակարգի օրգանները ծածկված են լինում կապարե գոգնոցով, որն արգելում է ռենտգենյան ճառագայթների ներթափանցումը: Դրանով հանդերձ կատեգորիկ արգելվում է ֆլյուորոգրաֆիա կատարել հղիության վաղ ժամկետներում: Մինչև12-րդ շաբաթը հետազոտությունն արգելված է առանց հատուկ ցուցումների:

Ի՞նչ անել, եթե կինը կատարել է ֆլյուորոգրաֆիա առանց իմանալու հղիության մասին: Պետք չէ անհանգստանալ, եթե հետազոտությունը կատարվել է նախքան դաշտանի ուշացումը: Հակառակ դեպքում այդ հղիությունը պետք է ընթանա բժիշկների հսկողության ներքո, առաջին շաբաթների ընթացքում պետք է պարբերաբար մարդու խորիոնային գոնադոտրոպինի անալիզ հանձնել, այնուհետև ուլտրաձայնային հետազոտություն և հիվանդությունների հայտնաբերման սկրինինգ կատարել: