Ցիտոմեգալովիրուսը և հղիությունը

24.08.201716914

Ցիտոմեգալովիրուսը լայնորեն տարածված վարակ է, հակամարմիններն առկա են գրեթե բոլորիս օրգանիզմում: Չնայած որ այն ազդում է մարդու բոլոր օրգան-համակարգերի վրա, էական վնաս չի հասցնում օրգանիզմին: Ցիտոմեգալովիրուսը վտանգավոր է հղիների համար, քանի որ կարող է հանգեցնել վիժման կամ պտղի զարգացման արատների: Ընդ որում վտանգավոր է միայն առաջին վարակումը, այսինքն, երբ վարակն առաջին անգամ է ներթափանցում մոր օրգանիզմ:

Ցիտոմեգալովիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն թքի, արյան և սեռական շփման միջոցով, ինչպես նաև մորից երեխային՝ կրծքի կաթի միջոցով: Հաճախ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, այդ պատճառով էլ շատերը, արյան մեջ ցիտոմեգալովիրուսի հակամարմիններ ունենալով, չեն կասկածում, որ հիվանդացել են: Չնայած հիվանդությունը կարող է մի շարք ախտանշաններով դրսևորվել, որոնք նման են մոնոնուկլեոզին կամ անգամ սովորական գրիպին՝ բարձր ջերմաստիճան, գլխացավ, ընդհանուր թուլություն, որը տևում է 2-6 շաբաթ և հետո անհետ կորչում:

Իմունային թույլ համակարգ ունեցող մարդկանց դեպքում ցիտոմեգալովիրուսը կարող է հանգեցնել ներքին օրգանների ախտահարման: Հղիության վաղ ժամկետներում պտղի վարակման դեպքում հնարավոր է, որ խանգարվի ներքին օրգանների կազմավորման պրոցեսը: Կամ հիվանդության պատճառով վաղաժամ ծննդաբերություն սկսվի:

Քանի որ հիվանդությունը հիմնականում ընթանում է առանց ախտանշանների, միայն արյան անալիզի կամ քսուքի միջոցով է հնարավոր պարզել մարդը նախկինում տարել է հիվանդությունը, թե ոչ: Այդ պատճառով էլ ցիտոմեգալովիրուսի հետազոտությունը կատարվում է հղիության պլանավորման փուլում կամ էլ հղիությունն սկսվելուն պես: Հղիության ընթացքում վարակվելու դեպքում միայն ամնիոցենտեզի միջոցով է հնարավոր պարզել պտուղը վարակված է, թե ոչ: Դա էլ կատարվում է միայն ցուցման դեպքում:

Ուլտրաձայնային հետազոտությունը ամբողջական պատկերը ցույց չի տալիս, թեև վարակման որոշ ախտանշաններ հնարավոր է հայտնաբերել՝ զարգացման հապաղում, փոքր գլուխ, մեծացած լյարդ, ուղեղի կառույցների խանգարումներ և այլն:

Պտղի վարակման վտանգը նվազեցնելու նպատակով համապատասխան դեղամիջոցներ են նշանակվում: Ցիտոմեգալովիրուսը չի ենթարկվում բուժման, ուստի ավելի լավ է պաշտպանվել դրանից հղիությունից առաջ և հետո:

Հարկավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, ամրացնել իմունիտետը և զգուշանալ անծանոթ մարդկանց հետ սերտ շփումից: