Ցավ ծննդաբերությունից հետո

27.06.201714257

Ամենադժվարն անցյալում է, երեխան ծնվել է, և ամեն բան լավ է։ Հետծննդաբերական շրջանը, սակայն, ունի իր առանձնահատկությունները և օրգանիզմում ֆիզիոլոգիական տարաբնույթ գործընթացներ է ենթադրում։ Հնարավոր է, որ ուղեկցվի տհաճ զգացողություններով։ Ներքին օրգաններն իրենց սովորական վիճակին են վերադառնում ծննդաբերությունից հետո առաջին 6-8 շաբաթվա ընթացքում և այդ շրջանում հնարավոր է, որ ցավ զգացվի։

Լիովին բնական էառաջին օրերին շեքի հատվածում զգացվող ցավը․ չէ՞ որ երեխայի անցումը ծննդաբերական ուղիներով չի ընթանում առանց վնասվածքների, եթե անգամ չկան պատռվածքներ կամ կտրվածքներ, միևնույնն է հյուսվածքները ձգվում են կամ միկրոճաքեր են ի հայտ գալիս։ Էպիզիոտոմիայից հետո կարը լավանում է մոտ մեկ շաբաթում, որի ընթացքում սովորաբար խորհուրդ է տրվում չնստել։ Ցավը հնարավոր է մեղմել կարին սառույց դնելով կամ վրան սփրեյ-անէսթետիկ ցանելով։

Կարդացեք՝ Էպիզիոտոմիան և հղիությունը

Հնարավոր է, որ անհանգստացնի մարմնի տարբեր մասերի մկանների ցավը՝ գոտկատեղի և կոնքի մկանների, ոտքերի, մեջքի, կրծքավանդակի և անգամ ուսերի։ Պատճառը ծննդաբերության ընթացքում մկանների խիստ լարվածությունն է։ Այդ տեսակ ցավն անցնում է առանց բուժման, մեկ-երկու օրվա ընթացքում։

Որովայնի ստորին շրջանի ցավը, որն ուժգնանում է կրծքով կերակրման ընթացքում, արգանդի կրճատման արդյունքն է (արգանդը վեականգնում է նախքան հղիությունն ունեցած վիճակը)։ Արգանդի կրճատումը կատարվում է օքստիտոցին հորմոնի ազդեցությամբ, որը մեծ քանակությամբ արտազատվում է կրծքով կերակրման ժամանակ։

Ծննդաբերությունից մոտվորապես մեկ շաբաթ անց որովայնի ստորին շրջանի ցավը պետք է որ լիովին անցնի։ Ծննդաբերությունից հետո 2-4-րդ օրը կրծքում կաթ է ի հայտ գալիս։ Պատահում է, որ կաթը շատ է լինում և կուրծքը քարանում է ու ցավում։ Այդ դեպքում խորհուրդ է տրվում սահմանափակել հեղուկի քանակը, որպեսզի կաթը քիչ արտադրվի։ Որոշ ժամանակ անց լակտացիան կկարգավորվի և կաթը կարտադրվի այնքան, որքան պահանջվում է։

Ամենից հաճախ հանդիպող խնդիրը մեջքի ցավն է։ Այն կարող է տևել ամիսներ, անգամ մեկ տարի։ Առաջանում է ծննդաբերական ծանրաբեռնվածության, ինչպես նաև երեխային գրկած պահելու հետևանքով, պատճառները հաճախ մի քանիսն են լինում։ Հղիության ընթացքում մարմնի ծանրության կենտրոնը փոխվում է և ծննդաբերությունից հետո վերականգնվելով՝ առաջացնում մեջքի ցավ։

Մեջքի և որովայնի մկանների փոփոխությունից նույնպես հնարավոր է, որ ցավ առաջանա։ Մեջքի ցավը մեղմելու համար խորհուրդ է տրվում մի վարժություն կատարել՝ մեջքի վրա պառկած դիրքում ոտքերը բարձրացնելով և ծալելով։

Ծննդաբերությունից հետո կանայք հաճախ բախվում են նաև միզարձակման և դեֆեկցիայի ժամանակ առաջացող ցավին։ Միզարձակման ֆունկցիան վերականգնվում է մի քանի օր անց։

Դեֆեկացիայի ընթացքում առաջացող ցավը պայմանավորված է ծննդաբերության ժամանակ ուղիղ աղիքի ձևախեղմամբ, ինչպես նաև որովայնի մկանների ձգվածությմբ։ Դեր ունի նաև հոգեբանական գործոնը․ կինը վախենում է, որ միզարձակման կամ դեֆեկացիայի ժամանակ կարերը կքանդվեն։ Ստամոքսի աշխատանքի բարելավմանը կնպաստի բջջանյութով հարուստ սննդակարգը՝ մրգեր, բանջարեղեն, չրեղեն և այլն։

Ծննդաբերությունից հետո զգացվող ցավը բնական է․ չէ՞ որ ծննդաբերությունը բարդ գործընթաց է և չի կարող անցնել առանց հետևանքների։ Այդ ցավը, սակայն, պետք է անցնի որոշ ժամանակ անց, եթե տևական ժամանակ չի անցնում, պետք է դիմել բժշկի։