Ցնցուղով լոգանքը հղիության ընթացքում

15.06.201715288

Ցնցուղը հիգիենիկ այն հիմնական միջոցն է, որը հասանելի է հղի կանանց և ցուցված է հղիության բոլոր ժամկետներում։ Կարելի է և՛ ընդհանուր ցնցուղ ընդունել, և՛ տեղային՝ լվանալով մարմնի միայն ինտիմ հատվածներն ու կուրծքը։

Ընդհանուր կանոններ հղի կանանց համար

1. Ջրի ջերմաստիճանի կտրուկ տարբերության բացակայություն։ Կոնտրաստային լոգանքը թարմանալու և մաշկը լավ վիճակում պահելու լավագույն ձևը չէ։ Հղիության ուշ ժամկետներում հղիազոլերի կանխարգելման համար կոնտրաստային ցնցուղումը կատարում են որովայնի, կրծքի և ազդրերի հատվածում գոլ և տաք ջրի հերթագայությամբ (գոլ, այլ ոչ թե սառը)։

2. Ջրի թույլ շիթ։ Ջրի ուժեղ շիթը կարող է արգանդի հիպերտոնուս առաջացնել, հատկապես, երբ համադրվում է կոնտրաստային լոգանքի հետ։

3. Խուսափել շատ տաք ջրից։ Տաք ջրի ազդեցությամբ անոթները լայնանում են, ինչը կարող է գիտակցության կորստի պատճառ դառնալ հատկապես հղիության վաղ ժամկետներում և ծննդաբերությունից առաջ։

Ճիշտ կլինի՝

  • ցնցուղով լողանալ օրական երկու անգամ, 
  • տաք կամ գոլ ջուր օգտագործել, 
  • չմրսել լոգանքից հետո։ Ոտքերի հատվածի կոնտրաստային լոգանքը կօգնի խուսափել երակների վարիկոզ լայնացումից։ Ջրի շիթը պետք է ուղղել ներքևից վերև՝ դեպի ազդրերը։ Լոգանքը պետք է հաճելի լինի և անհանգստություն չպատճառի։

Սահմանափակումներ

Հետևյալ վիճակների դեպքում հարկավոր է հնարավորինս կրճատել լոգանքի տևողությունը, իսկ ջրի ջերմաստիճանը մոտեցնել մարմնի ջերմաստիճանին։

  • Հղիության ընդհատման կամ վաղաժամ ծննդաբերության վտանգ։ 
  • Ընկերքի առաջադրություն։ 
  • Վաղ տոքսիկոզ, որն ուղեկցվում է գլխապտույտով և գիտակցության կորստով։ 
  • Պրեէկլամպսիայի, գեստացիոն անոթային հիպերտենզիայի ֆոնին ընթացքող հղիություն (շատ տաք ջուրը կարող է անոթային ճնշման կտրուկ տատանումներ առաջացնել, ինչը կարող է վատացնել իրավիճակը և տխուր հետևանքների հանգեցնել)։ 

Ըստ ցուցման հնարավոր է, որ Շարկոյի լոգանք նշանակվի։ Օրինակ, երբ հղի կինը ողնաշարի որևէ բնույթի ախտահարում ունի (օրինակ՝ բնածին կիֆոսկոլիոզ, վնասվածքի հետևանք և այլն) և հղիությունը ցավ ի պատճառ է դառնում։ Դեղորայքային բուժումը հղիության ընթացքում խստիվ սահմանափակված է, ուստի հնարավորինս օգտագործվում են ոչ դեղորայքային մեթոդները՝ մերսում, ջրային պրոցեդուրաներ և այլն։