Պիելէկտազիա․ պտղի երիկամի ավազանների լայնացում

25.05.20178547

Պատահում է, որ ուլտրաձայնային հետազոտության ընթացքում պտղի մոտ հայտնաբերվում է պիելոէկտազիա՝ երիկամի ավազանների լայնացում։ Այն ախտորոշվում է հղիության երկրորդ կեսին, առավելապես` արական սեռի երեխաների դեպքում։

Բնականում երիկամի ավազանների չափսը երկրորդ եռամսյակում չպետք է գերազանցի 5մմ-ը, իսկ երրորդ եռամսյակում՝ 7մմ։ Ավազանի 10մմ-ից ավել լայնացումը կոչվում է հիդրոնեֆրոզ՝ երիկամներում հեղուկի կուտակում։

Բախվելով պիելոէկտազիայի խնդրին՝ ապագա մորն սկսում են բազմաթիվ հարցեր տանջել՝ ինչ երևույթ է, որոնք են պատճառները, կպահպանվի նաև ծնունդից հետո, թե ոչ և այլն։ Այս հոդվածը կօգի հասկանալ։

Երիկամի ավազանները խոռոչներ են, որոնցում կուտակվում է մեզը նախքան միզածորաններ, իսկ այնտեղից միզապարկ տեղափոխվելը։ Երբեմն սովորականից շատ մեզ է կուտակվում ավազանում, ինչի արդյունքում վերջինիս պատերի ճնշումը մեծանում է, և այն լայնանում է։ Երևույթը կարելի է բացատրել այն բանով, որ մեզը դժվարությամբ է հոսում երիկամներից: Խնդիրը կարող է լինել մեկ անգամ և ինքնուրույն անցնել, կարող է և կապված լինել միզածորանների որևէ պաթոլոգիայի հետ։

Պիելոէկտազիան հիմնականում հանդիպում է արական սեռի մոտ՝ պայմանավորված կանանց և տղամարդկանց միզածորանների կառուցվածքային տարբերություններով։ Այսինքն՝ տղաների դեպքում երիկամի ավազանների լայնացումը հաճախ ֆիզիոլոգիական բնույթ է կրում և ոչ թե ախտաբանական։ Աղջիկների դեպքում հետագայում այդ փոփոխության պահպանման հավանականությունն ավելի մեծ է։

Բացի այդ միակողմանիի համեմատ երկկողմանի պիելոէկտազիան հաճախ ֆիզիոլոգիական է։ Կարևոր է համոզվել, որ արտազատական համակարգի ուրիշ շեղումներ չկան ․ դրանք մեծացնում են այլ պաթոլոգիայի առաջացման հավանականությունը։

Եթե պտղի մոտ միայն մեկ անգամ է հայտնաբերվում ավազանների լայնացումը (անգամ 10մմ-ից ավել), ապա անհանգստանալու կարիք չկա, պարզապես պետք է ուշադիր լինել հետագա հետազոտությունների ընթացքում կրկնվելու հանդեպ։ Եթե պիելոէկտազիան պահպանվում է մինչև ծննդաբերությունը, պետք է նեոնաթալ շրջանում շարունակել երեխայի հսկողությունը։

Երեխաների մեծամասնության դեպքում թույլ արտահայտված պիելոէկտազիան անհետանում է առանց բուժման՝ միզածորանների հասունացման արդյունքում։

Իզոլացված պիելոէկտազիան քրոմոսոմային անոմալիայի մարկեր չէ, չնայած որ հանդիպում է գենետիկական խանագարումների դեպքում այլ օրգանների էխոգրաֆիկ փոփոխությունների հետ միասին։

Այսպիսով, թույլ արտահայտված իզոլացված պիելոէկտազիայի հայտնաբերումն անհանգստության պատճառ չէ, պարզապես հետագա ուլտրաձայնային հետազոտությունների ընթացքում վերահսկողություն է պահանջում։