Հիպերպրոլակտինեմիա

06.04.20177957

Հիպերպրոլակտինեմիան բնորոշվում է արյան մեջ պրոլակտինի մակարդակի բարձրացմամբ։ Այդ վիճակը հնարավոր է ինչպես նորմայում (ֆիզիոլոգիական հիպերպրոլակտինեմիա), այնպես էլ ախտաբանության դեպքում։

Խնդիրը հասկանալու համար նախ հասկանանք, թե ինչ է պրոլակտինը և ինչ դեր է խաղում կնոջ օրգանիզմում։ Այն սպիտակուցային հորմոն է, արտադրվում է ադենոհիպոֆիզի կողմից, գլխավոր գործառույթը կաթնարտադրության՝ լակտացիայի կարգավորումն է։

Արյան մեջ պրոլակտինի պարունակության բնականոն չափը հարաբերական է, պետք է առաջնորդվել այն լաբորատոիայի սահմանած չափանիշներով, որտեղ կատարել եք հետազոտությունը։

Կարդացեք՝ Պրոլակտին հորմոն

Հիպերպրոլակտինեմիայի պատճառները

1. Ֆիզիոլոգիական՝

  • նորածնություն, 
  • պտուկների գրգռում, 
  • հղիություն, հետծննդաբերական շրջան, 
  • սնունդ, քուն, սթրես, սեռական ակտ։

2. Ախտաբանական՝

  • հիպոթալամուսի և հիպոֆիզի ոտիկի հիվանդություն (թուրքական դատարկ թամբի համախտանիշ, նեյրոսիֆիլիս, սարկոիդիոզ, տուբերկուլյոզ, մեխանիկական վնասվածքներ և այլն), 
  • հիպոֆիզի հիվանդություն (հիպոֆիզի ադենոմա, կրանիոֆարինգոմա, առաջնային հիպոթիրեոզ, չարորակ ուռուցքների մետաստազներ և այլն), 
  • մեծամասշտաբ վիրահատություն, ընդհանուր անզգայացում, 
  • կրծքավանդակի ախտաբանություն (օր․՝ այրվածք), 
  • լյարդի ցիրոզ, 
  • քրոնիկական երիկամային անբավարարություն։ 

3. Դեղորայքի ընդունում՝

  • դոֆամինային ընկալիչների բլոկատորներ, 
  • ֆենոտիազիններ, 
  • օրալային բեղմնականխիչներ և այլն։

Ֆունկցիոնալ հիպերպրոլակտինեմիան հաճախ դիտվում է գինեկոլոգիական տարաբնույթ հիվանդություններ ունեցող կանանց դեպքում, մասնավորապես՝ էնդոմետրիոզ, արգանդի միոմա, բորբոքում։

Ախտանշանները

1. Ամենորեա (դաշտանի բացակայություն)։ Դիտվում է ձվազատման բացակայություն, արդյունքում՝ բեղմնավորման հետ կապված խնդիրներ։

2. Գալակտորեա: Կաթի արտահոսք կաթնագեղձերից՝ անկախ երեխայի կերակրումից։

3. Հիպոէստրոգենիա․ հեշտոցի չորություն, սեռական ցավոտ ակտ՝ դիսպարեունիա, սեռական ցանկության նվազում։

4. Տեսողության վատացում։

5. Սեռական զարգացման հապաղում։

6. Հիպերպրոլակտինեմիայի և հիպերանդրոգենիայի համակցում։

Ախտորոշումը

Անամնեզի հավաքագրումից և գանգատների պարզաբանումից հետո բժիշկը սովորաբար անցկացնում է ախտորոշիչ հետևյալ միջոցառումները։

  • Արյան մեջ հորմոնի մակարդակի որոշման հետազոտություն։
  • Արյան մեջ վահանաձև գեղձի հորմոնների մակարդակի որոշման հետազոտություն։
  • Կրանիոգրամա՝ գանգի ռենտգենային լուսանկարում։
  • Ակնահատակի և տեսադաշտի հետազոտություն։
  • Համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա։

Բուժումը

Առաջին հերթին հարկավոր է բացառել առաջնային հիպոթիրեոզը, որի բուժումը կատարվում է թիրեոիդային դեղամիջոցներով։ Այդպիսի բուժման ֆոնին պրոլակտինի մակարդակը սովորաբար նվազում է։

Կարդացեք՝ Բրոմոկրիպտին

Բուժման հիմնական դեղորայքը բրոմոկրիպտինն է, որը ճնշում է պրոլակտինի արտադրությունը։ Կան նաև այլ դեղամիջոցներ (դոստինեքս և այլն), որոնք նշանակում է միայն բժիշկը։