Ինչպես սնվել և չգիրանալ․ 2 կանոն, 8 սկզբունք

20.03.201746873

Առաջին կանոն՝ եթե ցանկանում եք նիհարել և ամրապնդել արդյունքը, ստիպված կլինեք ուտեստներ պատրաստել սովորել։ Կիսաֆաբրիկատները, պատրաստի ճաշերը, երշիկեղենն ու ապխտած մթերքները հավասարակշռված չեն սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի առումով, պարունակում են մեծ քանակությամբ շաքարավազ , աղ և տարբեր հավելանյութեր, որոնք դանդաղեցնում են նյութափոխանակությունը՝ նպաստելով օրգանիզմում թունավոր նյութերի առաջացմանը։

Կարդացեք՝ Նիհարում ենք առանց դիետայի․ հոգեբանի խորհուդները

Երկրորդ կանոն՝ նիհարելու համար պետք է ուտել։ Այո, ուտել։ Կազմվածքը պահպանելու համար պետք է քաղցած չմնալ։ Սահմանափակումները հանգեցնում են խախտումների, օրգանիզմը պետք է ստանա իր բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սննդանյութերն ու կալորիաները։

Սննդարար նախաճաշ

Սննդաբանները միաձայն պնդում են, որ լիարժեք նախաճաշն օգնում է կանխել գիրացումը։ Այն ամեն, ինչ ուտում եք մինչև կեսօր, էներգիա է տալիս և ամբողջովին այրվում է։ Առավոտյան ապուրներ կերեք, ընկուզեղեն, չրեղեն, կաթնամթերք, մրգեր ու հատապտուղներ։

Վալսի ռիթմով

Սնվեք մեկ, երկու, երեք հաշվով։ Մասնագետների կարծիքով օրական երեք անգամ սնվելը կատարյալ չափն է։ Այդպես հնարավոր է խուսափել քաղցից և որպես հետևանք՝ չափից շատ ուտելուց։ Մի վախեցեք ուտելու ռեժիմը փոխելուց։ Ճաշել կարելի է ինչպես կեսօրին, այնպես էլ ժամը երկուսին։ Ընթրել կարելի է ինչպես երեկոյան ժամը յոթին, այնպես էլ ժամը տասին, եթե պատրաստվում եք ուշ քնել (պետք է ուտել քնելուց առնվազն չորս ժամ առաջ)։ Կարևորն այդ երեքից ոչ մեկը բաց չթողնելն է։

Բուսական թելիկներ

Ամեն անգամ սնվելիս հարկավոր է ուտել հում բանջարեղեն, ամբողջական ցորենից պատրաստված հաց, մակարոնեղեն, եփված կանաչ բանջարեղեն՝ լոբի, սպանախ, կաղամբ, բրոկոլի և այլն։ Այդ մթերքները լավացնում են մարսողությունը և օգնում վերահսկել քաշը։

Մի հրաժարվեք բարդ աշխաջրերից

Ավելի լավ է հրաժարվել պարզ շաքարներից՝ քաղցրեղեն, թխվածքեղեն, իսկ այ բարդ ածխաջրերից՝ ոչ։ Չափավոր օգտագործման դեպքում դրանք էներգիա են տալիս։ Այնպես որ օրվա ընթացքում առանց անհանգստանալու կարող եք բրինձ, բլղուր, հնդկաձավար, լոբեղեն ու մրգեղեն ուտել։

Ճարպերը նաև օգտակար են

Պետք չէ հրաժարվել նաև ճարպերից։ 9%-ոց կաթնաշոռն ավելի լավ է յուրացվում, քան ճարպազերծվածը։ Ձիթապտղի ձեթն օրգանիզմին անհրաժեշտ չհագեցած թթուներ է պարունակում, իսկ սերուցքային կարագն օգնում է լրացնել վիտամին E-ի և D-ի պակասը։

Պրոտեինը հիմք է

Գերազանց կլինի, եթե յուրաքանչյուր անգամ ուտելի 70-100գր միս, ձուկ, ձու, կաթնամթերք օգտագործեք։ Դրանք սպիտակուցների աղբյուրներ են։ Սպիտակուցը երկար ժամանակ հագեցածության զգացում է հաղորդում, ինչն օգնում է կառավարել ախորժակը։ Ածխաջրերի հետ օգտագործելիս դանդաղեցնում է մարսողությունը՝ կառավարելով արյան մեջ շաքարի և ինսուլինի մակարդակը։ Վերջիվերջո սպիտակուցը մկանների կառուցման կարևոր նյութերից է։ Մարզվելիս այն մեծացնում է մկանային զանգվածը, դրա հետ միասին՝ օրվա ընթացքում այրվող կալորիաների քանակը։

Ջուր՝ ըստ պահանջի

Օրական երկու լիտր ջուր խմելով օրգանիզմին օգնում եք ազատվել օրգանիզմում կուտակված վնասակար նյութերից։ Եթե մեկ բաժակ ջրին ավելացնեք 1-2 թեյի գդալ խնձորի քացախ, անանուխի կամ նեխուրի եփուկ, ապա կստանաք մի թուրմ, որը կակտիվացնի ճարպերի այրման պրոցեսները։ Անիսոնով թեյը կօգնի ազատվել փորի փքվածությունից։

Կարդացեք՝ Ինչպես նիհարել առանց սթրեսի

Բանջարեղենային արգանակ

Բանջարեղենային արգանակը լավացնում է նյութափոխանակությունը և կանխում է ճարպերի կուտակումը։ Այն պատրաստելը բավականին հեշտ է։ Կտրտեք գազարը, սոխը, նեխուրը, լոլիկն ու սխտորը, ավելացնելով նաև մաղադանոս, դափնու տերև և եփեք մարմանդ կրակի վրա։ Կարող եք խմել ճաշելու կամ ընթրելու ժամանակ։