Ինչպես վարվել կեսարյան հատումից հետո

13.03.201721624

Կեսարյան հատումից հետո վերականգնումը կախված է վիրահատության ցուցումներից և կնոջ ընդհանուր վիճակից։ Վիրահատությունից հետո առաջին օրը կինն անցկացնում է վերակենդանացման բաժնում կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժիշկների հսկողության ներքո։

Վեր կենալ անկողնուց խորհուրդ է տրվում հաջորդող օրերին։ Որոշ մայրեր սկսում են վեր կենալ ավելի շուտ, սակայն եթե ողնուղեղային (սպինալ) անզգայացում է կատարվել, պետք չէ ռիսկի դիմել, ավելի լավ կլինի սպասել բժշկի թույլտվությանը։ Մի վեր կացեք կտրուկ շարժմամբ և մեջքին ուժ տալով, ավելի հեշտ կլինի վեր կենալ կողքի պառկած դիրքից` չճնշելով որովայնի հատվածը։ Հատուկ աղեկապ՝ բանդաժ, կրեք․ երբ պառկած չեք, այն կպահի որովայնը և կօգնի արագ վերականգնել մկանները։

Սնունդը

Թույլատրվում է խմել 4-6 ժամ անց՝ սկսելով փոքր կումերից, ուտել՝ հաջորդ օրը։ Ուտելիքը պետք է լինի թեթև, զերծ ճարպերից (արգանակ, կեֆիր, բանջարեղենի կամ մսի խյուս և այլն), փոքր չափաբաժնով՝ աստիճանաբար մեծացնելով քանակն ու բազմազանությունը։ Կարելի է սովորական ջուր, թեյ կամ մասուրի թուրմ խմել։ Ցանկալի է առաջին օրերին բացառել մրգահյութերը, որպեսզի երեխայի մոտ ալերգիա, գազերի գոյացում և ցավ չսկսվի։

Մի քանի օր անց կարելի է քայլել, շարժվել, ինչը բարենպաստ ազդեցություն կթողնի և կնպաստի արագ ապաքինմանը, հետծննդաբերական կպումների կանխարգելմանը, աղիների աշխատանքի խթանմանը և այլն։

Եթե չկան հակացուցումներ կրծքով կերակրելու վերաբերյալ, հաճախ կերակրեք երեխային, այդպես ավելի շատ կաթ կարտադրվի և կկարգավորվի երեխայի հետ հուզական շփումը։ Կերակրման վերաբերյալ ցուցումներ կստանաք բուժքրոջից, ով կօգնի կարգավորել կերակրման պրոցեսը։

Ցավը կեսարյան հատումից հետո

Վիրահատական ծննդալուծման թերություններից մեկը ցավն է, որն ուժգնանում է անզգայացման ազդեցության թուլանալուն պես։ Սովորաբար վիրահատությունից հետո ցավազրկող միջոցներ են նշանակվում։

Կեսարյան հատումից հետո ցավի առաջացման պատճառները մի քանիսն են․

  • սպին բավականին մեծ է, 
  • արգանդի կրճատումները բավականին ցավոտ են, հատկապես առաջին օրերին, 
  • ցավն առաջանում է նաև հազալու պատճառով (անզգայացումից հետո բնական է հազալը), հարկավոր է ձեռքով պահել որովայնը կամ աղեկապ կրել, 
  • աղիներում գազերի կուտակում, 
  • բարդությունների առաջացում։ 

Երկարատև ցավի դեպքում հարկավոր է դիմել բժշկի, ով կպարզի պատճառը և կրծքով կերակրման ընթացքում թույլատրելի ցավազրկող կնշանակի։ Սովորաբար ցավն ուժգնանում է կրծքով կերակրման ընթացքում, քանի որ արգանդն սկսում է կրճատվել։ Առաջին օրերին կրճատումն ինտենսիվ է լինում և արյունային արտադրություն է նկատվում։ Պետք չէ վախենալ, բնական է։

Արտադրությունը կեսարյան հատումից հետո

Կեսարյան հատումից հետո արտադրություն է նկատվում, ինչպես սովորական ծննդաբերությունից հետո, սակայն ավելի երկարատև կարող է լինել․ կախված է կնոջ օրգանիզմի առանձնահատկություններից։ Հետծննդաբերական արտադրությունը՝ լոխիան, շարունակվում է մոտ երկու ամիս։ Ոչ մի դեպքում չի կարելի տամպոն օգտագործել․ այն կարող է բորբոքման հանգեցնել։ Ավելի լավ է սովորական միջադիր օգտագործել։

Վիրահատական կարը

Վիրահատական կարը քանդվում է վիրահատությունից 5-7 օր անց, կոսմետիկ կարի դեպքում նյութը ներծծվում է, և սպին գրեթե չի նկատվում։ Առաջին օրերին խորհուրդ է տրվում չթրջել կարը, որպեսզի բորբոքման վտանգ չառաջանա։ Լոգանքից հետո հարկավոր է անձեռոցիկով չորացնել վերքը, կարմրածության դեպքում կարող եք ցանկացած անտիսեպտիկ օգտագործել և վերքը մշակել օրական երկուսից երեք անգամ։ Եթե սպիացումն ուշանում է, ի հայտ է գալիս շիճուկային կամ արյունային արտադրություն, կարմրածություն, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, ապա պետք է դիմել բժշկի։

Կազմվածքը

Կարելի է սկսել մարզումները միայն սպիացումից հետո, մեկ ամսից ոչ շուտ։ Հարկավոր է մեծ ճնում չգործադրել որովայնի վրա։

Կարդացեք՝ Ձիգ որովայն ծննդաբերությունից հետո

Սեռական հարաբերությունը

Խորհուրդ է տրվում սեռական կյանքը վերականգնել մոտ 40 օր անց, երբ արգանդը լիովին կրճատված կլինի, հետծննդաբերական արտադրությունն էլ դադարած։ Շատերը սակայն ավելի վաղ են սկսում սեռական կյանքը։

Կարդացեք՝ Սեռական կյանքը երեխայի ծնունդից հետո

Կարևոր է սեփական ցանկություններին և օրգանիզմի հնարավորություններին ականջ դնելը։ Եթե այլևս արտադրություն չկա, ձեզ լավ եք զգում, փորձեք, սակայն ցավի կամ կասկածի դեպքում ավելի լավ կլինի սպասել որոշ ժամանակ։