Մրգերը կրծքով կերակրման շրջանում

03.03.201734136

Կրծքով կերակրման շրջանում շատերին է հետաքրքրում, թե որ մրգերն է կարելի ուտել, որոնք՝ ոչ։

Խուրմա

Խուրման հարուստ է վիտամին C-ով, ինչպես նաև երկաթով, կալիումով և մագնիումով։ Ուստի դրական ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, ինչպես նաև կանխարգելիչ հրաշալի միջոց է շնչառական սուր հիվանդությունների համար։ Այդ միրգը, սակայն, բավականին քաղցր է, հարուստ է գլյուկոզայով և սախարոզայով, այդ պատճառով էլ հակացուցված է շաքարային դիաբետ ունեցող մայրերին։ Բացի այդ, քաղցր մրգերը հանգեցնում են փքվածության և փորկապության։ Հնարավոր է, որ խուրման անդրադառնա նաև երեխայի ինքնազգացողության վրա։ Այն կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել, ավելի լավ է ռիսկի չդիմել։

Բանան

Բանանը նույնպես վիտամիններով հարուստ միրգ է, հագեցնում է և բարձրացնում տրամադրությունը, սակայն կերակրող մոր համար լավագույն միրգը չէ, համենայն դեպս առաջին 2-3 ամսվա ընթացքում ցանկալի է չուտել այն։ Բանանի չարաշահման հետևանքով երեխան փորկապություն է ունենում, փքվում։

Խնձոր

Խնձորի օգտակարությունն անգնահատելի է։ Այն հարուստ է երկաթով, բջջանյութով, պեկտինով, B խմբի վիտամիններով և ոչ միայն։ Խնձորը լավացնում է աղիների աշխատանքը, մարսողությունը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և ալերգիա չի առաջացնում։ Կերակրող մորն այն կարելի է և անհրաժեշտ։ Հարկավոր է սկսել ջեռոցում եփած խնձորից, դրանում պահպանվում են բոլոր վիտամինները։ Ավելի լավ է եփել կեղևով, հենց նրանում են առկա հանքանյութերն ու պեկտինը։

Նուռ

Նուռը կամ դրա հյութը նշանակվում է հեմոգլոբինի մակարդակի բարձրացման համար, այն պարունակում է կալիում, վիտամին A, C և այլն։ Պետք է այդ միրգը չչարաշահել, որովհետև կառաջացնի ստամոքսաղիքային տրակտի խնդիրներ։ Կարելի է նուռն օգտագործել, երբ փոքրիկը դառնա չորս ամսական։

Խաղող

Այն մրգերը, որոնք ուտում ենք սնվելուց հետո, խմորում են առաջացնում ստամոքսաղիքային տրակտում, ուստի պետք է ազատվել այդ սովորությունից։ Խոսքը վերաբերում է հատկապես խաղողին, որն ավելի լավ է ուտել որպես առանձին սնունդ․ այն դանդաղ է մարսվում և համատեղելի չէ այլ մթերքների հետ։ Խաղողը բավականին քաղցր է ու կալորիաներով հարուստ, բայց օգտակար է, պարունակում է ֆոլաթթու, վիտամին K, P և այլն։ Խորհուրդ է տրվում ուտել ծննդաբերությունից երեք ամիս անց, որպեսզի երեխայի աղիների կոլիկաներն ավելի ուժգին չլինեն։

Ձմերուկ

Ձմերուկը հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև վիտամին A, C և կալիում։ Ունի միզամուղ ազդեցություն, սակայն հակացուցված է ալերգիկներին և ալերգիայի հակվածություն ունեցող մարդկանց։ Խորհուրդ է տրվում ուտել, երբ փոքրիկը դառնա չորս ամսական, բացի այդ պետք է ուտել, եթե գիտեք որտեղ է աճեցվել և ինչ պայմաններում։

Տանձ

Տանձը հարուստ է բջջանյութով, կալիումով, երկաթով ու ցինկով, բազմաթիվ այլ վիտամիններով։ Միակ խնդիրն այն է, որ կարող է երեխայի աղիների կոլիկաներ առաջացնել։ Կերակրող մայրերին չի արգելվում, սակայն խորհուրդ է տրվում զգույշ լինել։ Կերեք և հետևեք երեխայի արձագանքին, եթե ամեն բան լավ է, կարող եք շարունակել։