Էպիդեմիկ պարոտիտը (խոզուկ) հղիության ընթացքում

Էպիդեմիկ պարոտիտը (խոզուկ) հղիության ընթացքում

Խոզուկը մանկական վարակիչ հիվնդություն է, սակայն մեծահասակները նույնպես հիվանդանում են, ուստի հղիության ընթացքում հիվանդանալու որոշակի ռիսկ նույնպես կա, չնայած զգալիորեն ցածր է կարմրուկի և կարմրախտի համեմատ։

Կարդացեք՝ Ջրծաղիկը հղիության ընթացքում

Վարակումը

Էպիդեմիկ պարոտիտի հանդեպ իմունիտետ չունեցող մարդիկ անխուսափելիորեն վարակվում են հիվանդի հետ շփումից հետո։ Վարակը տարածվում է օդակաթիլային եղանակով կամ էլ խաղալիքների ու սպասքի միջոցով, որոնք կեղտոտված են հիվանդի թքով (օրինակ մանկապարտեզում կամ տանը)։ Մարդ վարակիչ է համարվում 17 օր (հիվանդության 9-րդ օրից մինչև առաջին ախտանշանների ի հայտ գալը)։ Այդ պատճառով էլ եթե ապագա մայրն իր տանը կամ աշխատավայրում շփվում է վարակակիր մարդու հետ, պետք է հաշվի առնի՝ փոքր տարիքում հիվանդացե՞լ է խոզուկ հիվանդությամբ, թե՞ ոչ, պատվաստում ստացե՞լ է, թե՞ ոչ։

Ինչպե՞ս է հիվանդությունն ընթանում հղիության ընթացքում

Վարակումից մինչև առաջին ախտանշանների ի հայտ գալը կարող է տևել 11-23 օր, սակայն գաղտնի շրջանը հաճախ տևում է 15-20 օր։ Պարոտիտի տիպիկ ձևն սկսում է սուր՝ բարձր ջերմաստիճան (մինչև 40°C), գլխացավ, մկանացավ, թուլություն։ Ականջի հատվածում ցավ է առաջանում (միակողմանի կամ երկկողմանի), որն ուժգնանում է շարժվելիս կամ բերանը բացելիս, թուլանում է լսողությունը, ցավոտ թքարտադրություն է նկատվում։

Առաջին օրերին ախտահարված թքագեղձերի հատվածն ուժգին այտուցվում է, արագ շատանում, երկկողմանի ախտահարման դեպքում հնարավոր է ախտանշանի անհավասարաչափ զարգացում նկատվի։ Բորբոքված մասը ցավոտ է։ Թքագեղձի տակի մաշկը խիստ ձգված է, փայլում է, սակայն մաշկի գույնը չի փոփոխվում։ Այտուցվածության և մեծացած թքագեղձի պատճառով ականջի բլթակը շեղվում է, դեմքը բնորոշ տանձանման ուրվագիծ է ձեռք բերում, ինչի պատճառով էլ հիվանդությունն ստացել է իր ժողովրդական «խոզուկ» անվանումը։

Այտուցվածությունը մեծանում է առաջին հինգ օրվա ընթացքում, այդ ամբողջ ընթացքում ջերմաստիճանը պահպանվում է բարձր աստիճաններում, այնուհետև իջնում է (մոտավորապես 38°C) և պահպանվում մոտավորապես երկու շաբաթ։ Հետո այտուցվածությունը նվազում է, աստիճանաբար կորչում է նաև գեղձի ցավը և սկսվում է ապաքինման ընթացքը։

Էպիդեմիկ պարոտիտի ոչ բնորոշ ձևերը

Որոշ դեպքերում խոզուկն ընթանում է իրեն ոչ հատուկ ձևով. հարականջային հատվածի թքագեղձի արտահայտված այտուցվածությունը բացակայում է։ Հիմնական ախտանշանը ընդհանուր թունահարումն է լինում (բարձր ջերմաստիճան, թուլություն) և շնչառական ախտանշանները, որոնք նման են վարակիչ սուր շնչառական հիվանդությունների նշաններին՝ կոկորդացավ, չոր հազ։

Երբեմն հիվանդությունն ընթանում է առանց որևէ ախտանշանի, այդ պատճառով էլ եթե հղի կնոջ դեպքում վարակվելու վտանգ կա, օրինակ շփվել է հիվանդի հետ, ապա պետք է արյան հետազոտություն կատարի՝ պարզելու հատուկ հակամարմինների առկայությունը կամ հենց վարակը հայտնաբերելու նպատակով։

Ո՞րն է վտանգը

Մեծահասակները հաճախ ավելի ծանր են տանում հիվանդությունը։ Ուստի առաջին վտանգը հղի կնոջ ընդհանուր ծանր վիճակն է։ Երբեմն գրանցվում են պարոտիտի ավելի ծանր ձևեր, երբ ներգրավվում են նաև այլ գեղձերը՝, կաթնագեղձերը, ենթաստամոքսային գեղձը և այլն։ Այդ դեպքում խոսում են պարոտիտի՝ մաստիտով, կամ պանկրեատիտով բարդացման մասին։

Ամենածանր բարդությունները մենինգիտն ու էնցեֆալիտն են։ Պտղի համար պարոտիտը վտանգավոր չէ, քանի որ այն չի անցնում ընկերքով։ Հիվանդությունը վաղ ժամկետներում երբեմն հանգեցնում է վիժման, ինչը բացատրվում է հղի կնոջ օրգանիզմի ծանր թունահարությամբ։

Բուժումը

Հղի կանանց էպիդեմիկ պարոտիտի բուժումը պետք է անցնի բժիշկների խիստ վերահսկողության ներքո։ Ծանր և բարդացած դեպքերում հիվանդը տեղափոխվում է հիվանդանոց, իսկ թույլ դեպքերում կարող է և մնալ տանը՝ պահպանելով անկողնային ռեժիմ։ Քանի որ էպիդեմիկ պարոտիտի բուժման հատուկ դեղամիջոցներ չկան, հիմնական թերապիան ուղղվում է թունահարման վերացմանը և ախտահարված օրգաններում բորբոքման նվազեցմանը։

Օրգանիզմի դեզինտոքսիկացիան կատարվում է մի քանի մեթոդով։ Հեղուկի առատ ընդունմանը զուգահեռ անհրաժեշտության դեպքում նշանակվում է ներերակային ինֆուզիա (կաթիլային՝ գլյուկոզա, հեմոդեզ,NaCl)։ Ջերմության բարձրացման դեպքում պետք է ջերմիջեցնող դեղամիջոց օգտագործել՝ պարացետամոլ, նուրոֆեն։ Ծանր դեպքերում հորմոնային դեղամիջոցներ են նշանակվում, այտուցվածության նվազեցման համար՝ հակահիստամինային դեղամիջոցներ։ Այտուցվածությունը ժամանակավորապես կմեղմեն սառը թրջոցները։

Էպիդեմիկ պարոտիտի բուժման համար հակաբիոտիկեր չեն կիրառվում, քանի որ այն վիրուսային հիվանդություն է։ Բուժման ընթացքում մեծ տեղ է զբաղեցնում սննդի ռեժիմը։ Սուր շրջանում սնունդը պետք է տաք լինի, դիետիկ, հեղուկ կամ տրորած վիճակում։ Ապաքինման շրջանում պետք է հավելյալ խթանել թքարտադրությունը, ինչի համար կիտրոնի հյութ են ըմպում։

Թքագեղձերի ախտահարման պատճառով խանգարվում է թքարտադրությունը, ուստի պետք է ուշադրություն դարձնել բերանի խոռոչի հիգիենային՝ կանոնավոր մաքրել ատամները, բերանի խոռոչը, հաճախ ջուր խմել, որպեսզի լորձաթաղանթի բնական խոնավությունը չտուժի։

Կանխարգելումը

Կանխարգելման հիմնական միջոցը պատվաստումն է։ Եթե հղիության պլանավորման շրջանում պարզվում է, որ կնոջ իմունիտետը կայուն չէ վարակի նկատմամբ և կա վարակման վտանգ, ապա պետք է նախքան հղիանալը ոչ պլանային պատվաստում կատարել։

 

Աղբյուրը՝ ya-mamochka.com, Թարգմ․ և հարմարեցումը՝ sotskiy.am

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար