Դաշտանային ցիկլի փուլերը և իգական սեռական հորմոնները

13.01.201724348

Դաշտանային ցիկլը կնոջ սեռական օրգաններում մոտավորապես հավասարաչափ ժամանակահատվածում կատարվող փոփոխությունն է։ Կենսաբանական նպատակը կնոջ օրգանիզմի նախապատրաստումն է հավանական հղիությանը։

Որքա՞ն է տևում դաշտանային ցիկլը

Դաշտանային ցիկլի բնականոն տևողությունը 21-35 օր է։ Հաշվարկն սկսվում է արնահոսության առաջին օրվանից։

Դաշտանային ցիկլի փուլերը և դրանք կարգավորող հորմոնները

Դաշտանային ցիկլն ունի երկու փուլ, որոնց արանքում ձվազատում է կատարվում։ Առաջին փուլը կոչվում է ֆոլիկուլյար։ Հենց այդ փուլում է զարգանում ֆոլիկուլը, որից պետք է դուրս գա ձվաբջիջը, որն էլ հետո (եթե բեղմնավորում լինի) կարող է վերածվել զարգացող պտղի և, վերջապես, երեխայի։

Ֆոլիկուլյար փուլն սկսվում է դաշտանի հենց առաջին օրը և ավարտվում է ձվազատումն սկսելուն պես։ Զբաղեցնում է ամբողջ ցիկլի մոտավորապես կեսը։ Այդ փուլում հատուկ բջիջներն արտադրում են սեռական հորմոններ՝ էստրոգեններ։ Դաշտանային ցիկլի ֆոլիկուլյար փուլի ամբողջ ընթացքում կնոջ մարմնի հիմքային՝ բազալ, ջերաստիճանը 36.6-37 աստիճան է լինում։ Այդ ջերմաստիճանը պետք է իմանալ ձվազատման պահը հստակեցնելու նպատակով․ ձվազատման պահին բազալ ջերմաստիճանը կտրուկ իջնում է։

Կարդացեք՝ Հիմքային ջերմաստիճան (սեփական գրաֆիկի կազմում)

Դաշտանային ցիկլի հաջորդ փուլը լյուտեինայինն է՝ դեղին մարմնի փուլը։ Դեղին մարմինը ձվարանում ձևավորվում է դուրս եկած ձվաբջջի տեղում։ Այդ փուլն սկսվում է ձվազատումից անմիջապես հետո և տևում է այնքան, որքան պահպանվում է դեղին մարմինը, այսինքն միջինում 12-14օր։

Լյուտեինային փուլի հիմնական խնդիրն էստրոգեն և պրոգեստերոն հորմոնների հավասարակշռության պահպանումն է։ Այդ հորմոններն արտադրում է դեղին մարմինը, որպեսզի օրգանիզմը նախապատրստի հնարավոր հղիությանը։ Դեղին մարմնի փուլում մարմնի բազալ ջերմաստիճանը կարող է պահպանվել 37 աստիճանի մակարդակում, իսկ հետո՝ դաշտանի սկսվելուց առաջ, կտրուկ իջնել։

Ձվազատման ժամանակ հասունացած ձվաբջիջը դուրս է գալիս ֆոլիկուլի միջից և արգանդափողով շարժվում դեպի արգանդը։ Կնոջ օրգանիզմում մինչև սեռական հասունացումը լինում է մոտավորապես 300-400 հազար ձվաբջիջ։

Կարդացեք՝ Ձվազատման թեստ․ ինչպե՞ս կիրառել

Դրանք ի ծնե առկա են ձվարաններում և սաղմնավորվում են դեռևս արգանդում։ Առաջին ձվազատումն սկսվում է սեռահասունացման սկզբից մի փոքր ուշ, վերջինը՝ դաշտանային ֆունկցիայի մարումից հետո՝ կլիմաքսի ընթացքում։ Հղիության ժամանակ ձվազատում չի կատարվում, սակայն վերականգնվում է երեխայի ծնունդից հետո։

Կարդացեք՝ Ինչպե՞ս հասկանալ, որ ձվազատում է սկսվելու

Ձվազատման պահի որոշումը հետաքրքրում է հիմնականում այն կանանց, ովքեր ցանկանում են հղիանալ, քանի որ հղիանալ հնարավոր է միայն կոնկրետ օրերի․ ձվազատումից 3-4 օր առաջ, ձվազատման ընթացքում և նրանից 1-2 օր անց։

Կարդացեք՝ Բեղմնավորման օրացույց (հաշվիչ)