Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ և հղիություն

23.12.20164297

Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը հաճախ հանդիպում է չզարգացող հղիության դեպքում: Այդ համախտանիշի ժամանակ օրգանիզմն արտադրում է հակամարմիններ իր սեփական ֆոսֆոլիպիդների հանդեպ: Դրա արդյունքում ընկերքի անոթների ձևավորման ժամանակ առաջանում է թրոմբ: Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը հանգեցնում է պտղի աճի հապաղման, ընկերքի վաղաժամ շերտազատման, գեստոզի և հղիության այլ բարդություների:

Ֆոսֆոլիպիդային հակամարմիններ հնարավոր է արտադրվեն օրգանիզմում այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են համակարգային կարմիր գայլախտը, համակարգային սկլերոդերմիան, ռևմատոիդ արթրիտը, չարորակ ուռուցքները, քրոնիկական վարակները և այլն:

Եթե հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը հայտնաբերվել է հղիության ընթացքում, ապա նշանակվում է համալիր թերապիա: Սա ներառում է վիտամինային պրեպարատներ, պտուղ-ընկերքային արյան շրջանառությունը լավացնեղ դեղամիջոցներ, դիպիրիդամոլային շարքի պրեպարատներ, ըստ ցուցման՝ ցածր մոլեկուլյար հեպարիններ և այլն:

Խորհուրդ է տրվում թերապիան անցկացնել հղիության ընթացքում 3-4 անգամ: Զուգահեռ կատարվում է նաև պտղի վիճակի և ընկերքի արյան շրջանառության վերահսկում ուլտրաձայնային հետազոտության միջոցով:

Կլինիկական դրսևորումը կախված է տարատեսակ գործոններից: Հաճախ մաշկի վրա նկատվում է անոթային բարակ ցանց: Հիվանդությունը կարող է հանգեցնել լյարդի ցիրոզի, ծայրամասային գանգրենայի և այլն:

Եթե հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը զարգանում է աուտոիմուն որևէ հիվանդության ֆոնին, անհրաժեշտ է նախ վերացնել այդ զուգահեռ հիվանդությունը: Հաջողման դեպքում արյան մեջ զգալիորեն կնվազի հակամարմինների քանակը: Որքան ցածր է հակամարմինների մակարդակը, այնքան նվազում է թրոմբի առաջացման վտանգը: Բուժման նպատակով կարող է կիրառվել գլյուկոկորտիկոստերոիդային և ցիտոստատիկ դեղորայք:

Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի վաղ հայտաբերման պարագայում, բժշկի բոլոր ցուցումներին և խորհուրդներին հետևելով՝ կինը բարեհաջող կանցկացնի հղիությունը և ծննդաբերությունը: