Հորմոններ և կորյակային հիվանդություն

21.12.201610947

Կորյակները մաշկի բորբոքային հիվանդության արդյունք են: Ունեն առաջացման տարատեսակ պատճառներ: Սովորական կորյակները՝ ակնեն, հաճախ հանդիպում է սեռական հասունացման շրջանում: Գլխավոր պատճառն օրգանիզմում հորմոնային փոփոխություններն են:

Վարդագույն կորյակները՝ ռոզացեան, ի հայտ են գալիս 20 տարեկանից հետո: Այս երևույթի պատճառներն են երակային պաթոլոգիաները, ստամոքս-աղիքային տրակտի և հորմոնային խանգարումները: Էնդոկրին համակարգի պաթոլոգիաները կարող են հանգեցնել ռոզացեայի նաև մանկական կամ դեռահասության տարիքում:

Ինչպե՞ս են հորմոնները նպաստում կորյակների առաջացմանը

Մաշկի տարրերը՝ մազի ֆոլիկուլները, քրտնագեղձերը, ճարպագեղձերը զգայուն են անդրոգեն հորմոնների հանդեպ: Անդրոգեններն արական հորմոններ են, որոնք արտադրվում են սեռական գեղձերի և մակերիկամների կողմից: Ամենահայտնին տեստոստերոնն է:

Կնոջ արյան մեջ անդրոգեն հորմոնների բարձր մակարդակը կանխորոշում է կորյակային հիվանդության զարգացումը: Անդրոգեն հորմոնները խթանում են ճարպագեղձերի աշխատանքը, ինչի արդյունքում մաշկը յուղոտ է դառնում: Սա էլ հրաշալի պայմաններ է ստեղծում բակտերիաների զարգացման համար:

Հորմոնային խանգարման կասկածի դեպքում բժիշկը կնշանակի արյան հետազոտություն՝ պարզելու համար անդրոգեն և էստրոգեն հորմոնների մակարդակը: Դրանից հետո միայն կարելի է կորյակների առաջացման պատճառ համարել հորմոնային ֆոնի փոփոխությունները: