Ընկերքի սերտաճում

20.12.20166401

Սերտաճումն ընկերքի ձևավորման խանգարում է, որի ժամանակ ընկերքի արտաքին թաղանթն ամրանում է արգանդի մկանային շերտին, երբեմն էլ ամբողջությամբ կամ մասնակի սերտաճում է նրա ողջ երկայնքով: Այդ երևույթի հետևանքով ծննդաբերության ավարտին բարդություններ են առաջանում: Մասնակի գերաճի դեպքում հաճախ արյունահոսություն է սկսվում: Հնարավոր է վիրահատական միջամտության անհրաժեշտություն առաջանա:

Ո՞ր դեպքերում է առաջանում ընկերքի սերտաճում

Սովորաբար սա տեղի է ունենում այնպիսի բարդությունների դեպքում, երբ ընկերքը ցածր է տեղակայված, խանգարված է ընկերքի արտաքին թաղանթի և արգանդի ներքին մակերեսի միջև ֆերմենտային հավասարակշռությունը: Ընկերքի սերտաճում հնարավոր է առաջանա նաև նախկինում կատարված աբորտի, արգանդի վիրահատությունների, բորբոքային հիվանդությունների հետևանքով: Ամենատարածված պատճառներից են նախորդ ծննդաբերության ժամանակ ընկերքի առաջադրությունը և կեսարյան հատումը: Այնուամենայնիվ, այս երևույթը հազվադեպ է հանդիպում:

Ընկերքի սերտաճման նախնական ախտորոշումը բավականին դժվար է: Հնարավոր է այն նկատելի լինի ՈՒՁ հետազոտության ժամանակ, բայց մեծամասամբ այն պարզվում է հենց ծննդաբերության վերջին փուլում:

Եթե երեխայի ծնունդից որոշ ժամանակ անց ընկերքը դեռ չի շերտազատվում, կատարվում է բժշկական միջամտություն՝ արգանդի պատերից այն անջատելու և հեռացնելու համար: