10 ամսական երեխայի զարգացումը

05.12.201626731

10 ամսականում երեխան հաճույքով կատարում է մեծահասակների հանձնարարությունները, երբեմն էլ ինքնուրույն է իր համար զբաղմունք գտնում: Եթե ցանկանում եք, որ երեխան գործունյա և նախաձեռնող մեծանա, պետք է խրախուսել նրա ձգտումները:

Սկզբնական շրջանում փոքրիկն ավելի շուտ խանգարում է տնային գործերին, սակայն դրա համար նրան հեռացնել պետք չէ: Չի կարելի երեխային պատժել փչացրած որևէ իրի համար, չէ որ նա փորձում էր օգնել:

Ինչ է կարողանում անել երեխան 10 ամսականում

Նմանակելով ծնողներին՝ արտաբերում է իր համար նոր վանկեր, փորձում է պարզ բառեր արտասանել՝ տարբեր տոնայնությամբ: Հասկանում է այոն և ոչը, չի կարելի, գնացինք և այլ բառեր: Մեծահասակի խնդրանքով կարող է կրկնել նախորոք սովորած գործողությունը:

Ինքնուրույն կանգնում է, ավելի զգուշորեն է նստում կանգնած դիրքից: Անհրաժեշտ է երեխային սովորեցնել ինքնուրույն բարձրանալ բազմոցի վրա և զգուշորեն իջնել, որպեսզի չընկնի ու չվնասի իրեն, սովորեցրեք չորեքթաթ իջնել և բարձրանալ աստիճանները:

Շատ երեխաներ կարողանում են ինքնուրույն խմել բաժակից և օգտվում են գդալից, ինչն իհարկե սկզբում այնքան էլ հաջող չի լինում: Ժամանակի ընթացքում գործողությունների կոորդինացիան և հստակությունը բարելավվում են:

10 ամսականում երեխան ունի իր սիրելի զբաղմունքը. նկարել, երգել, պարել, խաղալիքներով զբաղվել: Շատ զգայուն է երաժշտության հանդեպ, իրեն դուր եկած մեղեդու տակ պարում է, ռիթմիկ շարժումներ անում: Խաղալիքների և շորերի տեսականուց ընտրում է իրեն դուր եկածը: Տարբերում է առարկան ու երևույթը:

Երեխայի զարգացումն իհարկե շատ անհատական է, ոմանք այս հասակում կարողանում են գիտակցված մի քանի բառ արտասանել, ոմանք ավելի ակտիվ են շարժումներում, քայլելու փորձեր են անում: Սովորաբար այս հասակի երեխաները բավականին շարժուն են, շատ լավ սողում են չորեքթաթ: Մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում են շրջակա միջավայրը, ձգտում են հասնել վերևում դրված իրերին:

Օրական քնում է 12-14 ժամ, որից 10-11-ը՝ գիշերը: 2-3 անգամ մայրական կաթ է ուտում: Դրան զուգահեռ ուտում է բանջարեղենային և մրգային շիլաներ, մսի արգանակ, ապուրներ: Այս հասակում երեխային դեռ չի կարելի տալ կծու համեմունքներ, կակաո, սուրճ, տապակած, ապխտած միս:

Երեխային անհրաժեշտ է լողացնել ամեն օր, զբոսնել դրսում առնվազն 2 ժամ: Հիշեք երեխային հագցնել ըստ եղանակի՝ ոչ շատ տաք, ոչ շատ ցուրտ: