6 ամսական երեխայի զարգացումը

15.11.201638070

Երեխան արդեն բավականին մեծ է, ձեռք է բերել նոր կարողություններ, որոնք ակտիվորեն կիրառում է և ծնողներից ավելի մեծ ուշադրություն է պահանջում իրեն հետևելու համար:

6 ամսական երեխան սիրում է նստած մնալ, թեպետ դեռ ինքնուրույն չի կարողանում նստել պառկած դիրքից, շրջվում է մեջքից որովայնի վրա և հակառակը, ինքուրույն պահում է գլուխը և կարողանում է կառավարել այն ցանկացած դիրքում: Չոչելու փորձեր է անում, կարող է մանկասայլակից փորձել դուրս գալ: Երեխան նաև կարողանում է իրերը տեղափոխել մի ձեռքից մյուսը, ակտիվորեն ձայնարկում է՝ մա-մա-մա, գու-գու-գու և այլն:

Փոխվում են երեխայի էմոցիաները: Եթե նախկինում էմոցիաները ուրախությունն ու լացն էին, ապա այժմ ավելանում են դժգոհությունը, տխրությունը, վախը, զգուշավորությունը:

Սովորաբար, այս հասակում սկսում են ի հայտ գալ կաթնատամները: Երբեմն դա տեղի է ունենում աննկատ, երբեմն էլ ուղեկցվում է երեխայի անհանգստությամբ, լացով, տրամադրության անկումներով, ցավով և անքուն գիշերներով:

Այս հասակում երեխայի գլխավոր սնունդը մնում է մայրական կաթը, որին զուգահեռ սկսվում է հավելյալ սնուցումը: Այն պետք է երեխայի սննդակարգ մտցնել աստիճանաբար, փոքր չափաբաժիններով: Կարևոր է հետևել երեխայի ռեակցիային. մաշկային ցան, կարմրություն, ցան, որովայնային ցավ, փորլուծություն: Թվարկված նշանների դեպքում հարկավոր է դադարեցել հավելյալ սնունդը մի քանի օր:

Փոքրիկի խնամքն ու հիգիենան շարունակվում է նույն կերպ, ինչպես նախկինում էր. առավոտյան լվացում, ամենօրյա լոգանք, զբոսանք դրսում: Հատկապես ուշադիր եղեք տակդիրը փոխելիս, օգտագործեք մանկական յուղեր և քսուքներ երեխայի մաշկի խնամքի համար:

6 ամսական երեխան քնում է օրական մոտ 14 ժամ, որից 10 գիշերը:

Կարդացեք՝ Այն, ինչ հարկավոր է իմանալ նորածնի քնի մասին:

Երեխան այս հասակում սիրում է մեծահասակների ուշադրությունը գրավել: Անհրաժեշտ է երեխային ժամանակ հատկացնել, խաղալ, խոսել նրա հետ, միասին երգել, զբաղվել: Կարևոր է երեխայի հետ մշտական շփումը, ցույց տվեք նրան առարկաներ, և ասեք անունները, այդպես նա կկուտակի բառերի պասիվ պաշար, ինչը կօգնի հետագայում նրա խոսքի ձևավորմանը: Արդեն շուտով նա կկարողանա գիտակցաբար կրկնել ձեր բառերը, իսկ մինչ այդ զինվեք համբերությամբ և օգնեք փոքրիկին: