Կուվելերի արգանդ

Կուվելերի արգանդ

Կուվելերի արգանդը հղիության կամ ծննդաբերական ծանր բարդություն է: Այս համախտանիշի ժամանակ տեղի է ունենում ընկերքի վաղաժամ շերտազատում՝ առատ արյունահոսությամբ, ինչի արդյունքում արգանդի մկանային հյուսվածքը ներծծվում է արյունով, և վերջինս ներթափանցում է որովայնի խոռոչ: Այս համախտանիշի զարգացման վտանգն էապես մեծանում է ընկերքի ամրացման անոմալիաների, ընկերքի առաջադրման, բազմապտուղ հղիության դեպքում: Այս պաթոլոգիան պահանջում է բուժման խիստ անհատական մոտեցում, քանի որ ուշ ախտորոշման պարագայում կրում է լուրջ վտանգներ:

Հղիության բնականոն ֆիզիոլոգիական ընթացքի և բնական ծննդաբերության դեպքում ընկերքը պտղի համար սնուցողական և շնչառական ֆունկցիա է կատարում մինչ նրա ծնունդը, հետևաբար ընկերքի շերտազատում տեղի է ունենում ծննդաբերական պրոցեսի 3-րդ փուլում՝ պտղի ծնվելուց անմիջապես հետո: Եթե այս կամ այն պատճառներով ընկերքի՝ արգանդից շերտազատումը տեղի է ունենում ավելի վաղ ժամկետում, ապա առաջանում է ռետրոխորիալ հեմատոմա, Կուվելերի արգանդ, իսկ պտղի մոտ զարգանում է հիպոքսիա (թթվածնաքաղց): Բնականոն տեղակայման դեպքում ընկերքի վաղ շերտազատման պատճառներն են՝

  • բազմապտուղ հղիություն կամ մանկաբարձական անամնեզում մեծ թվով ծննդաբերություններ, 
  • հղի կնոջ հիպերտոնիկ հիվանդություն, 
  • ուշ գեստոզ և պրեէկլամպսիա
  • հղիության ընթացքում ծխախոտի, թմրանյութերի, ալկոհոլի օգտագործում:

Կլինիկական պատկերը

Կուվելերի արգանդի համախտանիշի դեպքում կլինիկական պատկերն արագ է զարգանում: Ախտորոշիչ կարևոր նշաններից մեկը արյունահոսությունն է: Սակայն բոլոր դեպքերում չէ, որ արտաքին արյունահոսություն է դիտվում, քանի որ արյունը հնարավոր է միայն կուտակվի արգանդի պատի և ընկերքի միջև՝ առաջացնելով հեմատոմա: Շերտազատման այս տեսակը նպաստում է արյան ներծծմանն արգանդի պատի մեջ և դրա միջով որովայնի խոռոչ ներթափանցելուն: Եթե արգանդի պալպացիայի ժամանակ կինը ցավ է զգում, ապա մեծ հավանականությամբ միոմետրիումն արդեն ներծծվել է արյամբ և զարգացել է Կուվելերի արգանդ:

Պտղի վարքի փոփոխությունները՝ նրա կտրուկ, հանկարծակի ուժգնացող շարժումները, կամ հակառակը՝ դանդաղ շարժումները և դրանց բացակայությունը վկայում են հիպոքսիայի առաջացման մասին: Վտանգի առկայության պարագայում ծննդաբերության ընթացքում պարտադիր կատարվում է պտղի վիճակի գնահատում` կարդիոտոկոգրաֆիայի հսկողությամբ:

Հղիության ընթացքում բժիշկը հաշվի է առնում հնարավոր վտանգի գործոնները, որոնց հայտնաբերումն օգնում է ընտրել հղիությունը և ծննդաբերությունը վարելու ճիշտ մոտեցում: Եթե հղիության ընթացքում ախտորոշվում է զարկերակային հիպերտենզիա կամ պրեէկլամպսիա, կատարվում է պտղի հիպոքսիայի կանխարգելում և ընտրվում է ծննդալուծման օպտիմալ տարբերակ:

Հղիության ցանկացած բարդության կանխարգելման համար խորհուրդ է տրվում նախքան հղիանալը կանոնավոր այցելել գինեկոլոգիական խորհրդատվության, ժամանակին բուժել արգանդի բորբոքային հիվադությունները և էնդոմետրիոզը, քանի որ հետագայում դրանք կարող են ընկերքի ամրացման անոմալիաներ առաջացնել և հրահրել ընկերքի վաղաժամ շերտազատում:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար