Հեմատոմետրա (արգանդի խոռոչում արյան կուտակում)

30.09.20169270

Հեմատոմետրան արգանդի խոռոչում արյան կուտակումն է՝ որպես նրա պարունակության արտահոսքի խանգարման հետևանք: Արգանդի խոռոչի պարունակության արտահոսքի խանգարումը կարող է խոչընդոտվել արգանդի անբավարար կծկումների, ցերվիկալ ուղու պոլիպի, արյան մակարդուկների, ընկերքի մնացորդների, չարորակ ուռուցքի առաջացրած խցանման պատճառով:

Հաճախ, հեմատոմետրան առաջանում է հետծննդաբերական շրջանում և արգանդի խոռոչի պատերի քերումից հետո (աբորտ,ախտորոշիչ քերում):

Հեմատոմենտրայի ախտանշանները

  • Որովայնի ստորին հատվածի կծկանքանման ցավեր, որոնք ուժգնանում են ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և տարածվում են դեպի գոտկատեղ, սրբոսկր: 
  • Որովայնի ստորին հատվածում ծանրության զգացում: 
  • Մարմնի ջերմաստիճանի բարձրացում: Ծննդաբերությունից կամ արգանդի պատերի քերումից մի քանի օր անց արյունային արտադրության կտրուկ ընդհատում: 
  • Ընդհանուր թուլություն, հոգնածություն:

Հեմատոմենտրայի պատճառները

  • ցերվիկալ ուղու պոլիպ
  • հետծննդաբերական շրջան, 
  • հղիության արհեստական ընդհատում, 
  • չզարգացող հղիության դեպքում արգանդի խոռոչի քերում, 
  • արգանդի խոռոչի ախտորոշիչ քերում, 
  • էնդոմետրիումի քաղցկեղ:

Հեմատոմենտրայի ախտորոշումը

Բժիշկը կազմում է անամնեզ՝ հիմնվելով կնոջ գանգատների վրա. երբ են առաջացել ցավերը, ուղեկցվել են արդյոք ջերմության բարձրացմամբ, արդյոք նախկինում եղել են գինեկոլոգիական հիվանդություններ, վիրահատություններ և այլն: Կատարվում է երկձեռք գինեկոլոգիական զննում՝ արգանդի, ձվարանների չափերը որոշելու, արգանդի և հավելումների կապային ապարատի շարժունությունը որոշելու համար: Կատարվում է փոքր կոնքի օրգաների ուլտրաձայնային հետազոտություն, հեշտոցի, ցերվիկալ ուղու և միզուկի քսուքի մանրադիտակային հետազոտություն, հիստերոսկոպիա:

Հեմատոմետրայի բուժումը

Բուժման համար նշանակվում են արգանդի կծկումային կարողությունն ուժգնացնող դեղամիջոցներ: Կիրառվում է սպազմոլիտիկ թերապիա՝ արգանդի և պարանոցի հարթ մկանունքը թուլացնելու նպատակով: Ցերվիկալ ուղու խցանումը վերացնելու նպատակով կատարվում է արգանդի խոռոչի զոնդավորում, հիստերոսկոպիա:

Արգանդի խոռոչի կուտակումները վերացնելու նպատակով կատարվում է վակուում ասպիրացիա: Նշանակվում է հակաբորբոքային թերապիա:

Երկրորդային վարակի և վարակիչ-բորբոքային պրոցեսի առաջացման դեպքում կատարվում է հիստերոսկոպիա՝ արգանդի խոռոչի սանացիայով և նշանակվում են հակաբիոտիկներ: Հեմատոմետրան ժամանակին չբուժելու հետևանքով կարող է առաջանալ էնդոմետրիտ, պիոմետրա՝ արգանդի խոռոչում թարախի կուտակում, պերիտոնիտ՝ որովայնի խոռոչի բորբոքում, սեպսիս, անպտղություն:

Հեմատոմետրան կանխարգելելու համար անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենան, ժամանակին բուժել փոքր կոնքի օրգանների վարակիչ-բորբոքային հիվանդությունները, ինչպես նաև կանոնավոր այցելել գինեկոլոգի: