«Երիտասարդության» հորմոններ

22.09.201610533

Օրգանիզմում հորմոնների թիվն անցնում է հարյուրից: Որոշները համարվում են երիտասարդության հորմոններ, ինչը, թեպետ բժշկական տերմին չէ, բայց իրական է այնքանով, որ այս հորմոններն ուղղակիորեն պատասխանատու են մեր երիտասարդ տեսքի համար, քանի որ դանդաղեցնում են օրգանիզմի ծերացման գործընթացը: Այս հորմոններն են էստրոգենը, սոմատոտրոպինը, տեստոստերոնը,ԴՀԷԱ-ն (դեհիդրոէպիանդրոստերոն) և մելատոնինը:

Էստրոգեն հորմոնները պատասխանատու են վերարտադրողական ֆունկցիայի, ինչպես նաև մաշկի առաձգականության և երիտասարդության համար: Այս հորմոնները բարենպաստ ազդեցություն ունեն սրտամկանի աշխատանքի վրա, պաշտպանում են անոթները, ապահովում են ոսկրերի ամրությունը: Կնոջ օրգանիզմում էստրոգենների բավարար քանակությունը հետաձգում է դաշտանադադարի սկիզբը, և հետևաբար պահպանում է կնոջ ակտիվությունն ու երիտասարդությունը:

Օրգանիզմում սոմատոտրոպինի բարձր մակարդակն օգնում է ոչ միայն պահպանել հյուսվածքների երիտասարդությունը, այլև մինչև խոր ծերություն ապահովում է մտքի պարզությունը:

Յուղազրկված, սպիտակուցներով հարուստ մթերքնեը խթանում են օրգանիզմում սոմատոտրոպինի արտադրությունը:

Տեստոստերոնը արական հորմոն է, որը խթանում է նյութափոխանակության գործընթացը և ազդում է հուզական ֆոնի վրա: Այն բարձրացնում է կնոջ ինքնագնահատականը, սեքսուալությունը, տոնուսավորում է մկանային հյուսվածքը, ամրապնդում է ոսկրերն ու հոդերը, խթանում է բջիների ռեգեներացիան:

ԴՀԷԱ հորմոնն արտադրվում է մակերիկամների կողմից, այն իր հերթին սինթեզում է իգական և արական այլ հորմոններ: Տոնուսավորում է մկանային հյուսվածքը և թույլ չի տալիս, որպեսզի ճարպային բջիջները կուտակվեն օրգանիզմում ավելորդ կիլոգրամների տեսքով: Այս հորմոնի բավարար քանակությունը բարելավում է նյութափոխանակությունը, ամրապնդում է իմունային համակարգը, կարգավորում է քունը և արդյունավետ կերպով պաշտպանում է օրգանիզմը սթրեսային իրավիճակներում: Սովորաբար այս հորմոնի մակարդակը սկսում է նվազել 40 տարեկանից հետո:

Մելատոնինը պատասխանատու է կենսառիթմերի համար, այսինքն նա է մեզ հուշում երբ քնել, և երբ արթնանալ: Բոլորին հայտնի է, որ հենց քնի ժամանակ է տեղի ունենում օրգանիզմի վերականգնման գործընթացը, հետևաբար երիտասարդության պահպանման հարցում լավ քունը կարևոր դեր ունի: Մելատոնինը նաև հակաօքսիդանտային հատկություններ ունի, կարգավորում է էնդոկրին համակարգի գործունեությունը, արյան ճնշումը, մարսողական համակարգն ու ուղեղի աշխատանքը:

Այսպիսով, կնոջ երիտասարդության և առհասարակ առողջության համար կարևոր է օրգանիզմում ճիշտ հորմոնային հավասարակշռություն պահպանելը:

Կարդացեք՝  Հորմոնները հղիության պլանավորման փուլում: