Աղբյուրը՝ Акушерство. Национальное руководство, Айламазян Э.К и др., 2009 г. Թարգմանությունը՝ www.sotskiy.am

Հղիություն և քրոնիկական դուոդենիտ

26.08.20165832

Քրոնիկ դուոդենիտը տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի քրոնիկական բորբոքումն է, որն ուղեկցվում է գեղձային ապարատի կառուցվածքային վերակառուցման, մետապլազիայի և ատրոֆիայի (ապաճման) զարգացմամբ։

Կանխարգելումը

Կանխարգելումը ենթադրում է ռացիոնալ սնունդ, պայքար ալկոհոլիզմի դեմ, այլ հիվանդությունների վաղ բուժում, այնպիսի հիվանդությունների, որոնց ֆոնին կարող է երկրորդային դուոդենիտ առաջանալ։

Դասակարգումը

Առանձնացնում են դուոդենիտի սուր և քրոնիկական տեսակներ, տարածված և սահմանափակված։

Քրոնիկական դուոդենիտը լինում է՝

  • մակերեսային, 
  • ատրոֆիկ, 
  • ինտերստիցիալ, 
  • հիպերպլաստիկ կամ էրոզիվախոցային։

Առաջացումը

Անկանոն սննդակարգ՝ լի կծու, գրգռող, շատ տաք ուտեստներով, ոգելից խմիչքներով։ Երկրորդային քրոնիկական դուոդենիտ է դիտվում քրոնիկական գաստրիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության, լյամբլիոզի, սննդային ալերգիայի, ուրեմիայի դեպքում։

Պատճառներն են՝

  • սխալ սննդակարգ (կծու, խիստ տաք և չոր սննդի, ալկոհոլի օգտագործում), 
  • սթրեսներ, 
  • Helicobacter рylori բակտերիա, 
  • դեղամիջոցների երկարատև օգտագործում, 
  • ծխախոտ, 
  • աղիքային վարակներ,
  • բերանի խոռոչի և կոկորդի քրոնիկական բորբոքումներ, 
  • լյարդի, ենթաստամոքսային գեղձի, լեղապարկի հիվանդություններ։

Կլինիկական պատկերը

Բնորոշ է էպիգաստրալ հատվածի ցավը, ախորժակի անկումը, սրտխառնոցը, երբեմն փսխումը, փքվածությունը։ Հղի կանայք հիվանդության սրման շրջանում գանգատվում են այրոցից։ Քրոնիկական դուոդենիտին բնորոշ է սրման պարբերականությունը (գարուն-աշուն)։

Գեստացիայի բարդությունները

Հաճախ քրոնիկական դուոդենիտի սրացում է դիտվում հղիության I եռամսյակում կամ ծննդաբերությունից 3-4 շաբաթ առաջ։ Հնարավոր է, որ վաղ տոքսիկոզ առաջանա։

Ախտորոշումը

Անամնեզ

Ախտորոշումը հիմնվում է հիվանդության պատմության տվյալների և մարմնի համապատասխան հատվածում ցավի առկայության վրա։

Ֆիզիկալ հետազոտություն

Որովայնը շոշափելիսորովայնի առաջնային պատի և էպիգաստրալ հատվածում որոշակի լարվածություն է զգացվում։

Լաբորատոր հետազոտություններ

Քրոնիկական դուոդենիտի ախտորոշման ամենահավաստի մեթոդն էնդոսկոպիան է։ ՈւՁՀ-ն ցույց է տալիս տեղային ցավը՝ թույլ տալով տարբերել դուոդենիտով պայմանավորված ցավը խոլեցիստիտի և լեղաքարային հիվանդության ցավից։

Բուժումը

Բուժման նպատակը հիվանդության վերացումն է։

Ոչ դեղորայքային բուժում

Հիվանդության սրման դեպքում ցուցվում է անկողնային կամ պալատային ռեժիմ, հատուկ դիետա, հանքային ջրերի օգտագործում (Արզնի):

Դեղորայքային բուժում

Քրոնիկական դուոդենիտի բուժումը պետք է համակողմանի լինի, խիստ անհատական։ Դեղորայքային թերապիան անցկացնում են միայն հիվանդության սրման ժամանակ, սննդի ռեժիմի պահպանման, դիետայի դեպքում արդյունքի բացակայության պայմաններում։

Ծննդալուծման ժամկետի և մեթոդի ընտրություն

Ծննդալուծումն իրականացվում է սահմանված ժամկետում, բնական ճանապարհով։