Հղիություն և սուր պանկրեատիտ

Հղիություն և սուր պանկրեատիտ

Սուր պանկրեատիտը բնորոշվում է ենթաստամոքսային գեղձի բորբոքային, քայքայիչ փոփոխություններով։ Հղի կանանց դեպքում սուր պանկրեատիտը որովայնի խոռոչի այլ սուր հիվանդությունների համեմատ հազվադեպ է հանդիպում։ Կարող է առաջանալ հղիության ցանկացած ժամկետում, սակայն հաճախ դիտվում է երկրորդ կեսի ընթացքում։ Հիվանդությունը ծանր ընթացք է ունենում։

Տեսակները

Առանձնացնում են սուր և քրոնիկական տեսակներ։

Պատճառները

Հղիների սուր պանկրեատիտի առաջացման պատճառը ենթաստամոքսային գեղձի ծորանի անցանելիության խանգարումն է, որի հետևանքով ծորանի և գեղձի պատը պատռվում է՝ հետագայում հյուսվածքներում ախտաբանական պրոցեսներ առաջացնելով։

Կլինիկական պատկերը

Հղիների դեպքում սուր պանկրեատիտի ախտորոշումը շատ դժվար է։ Կլինիկական ընթացքն ուղղակիորեն կախված է ենթաստամոքսային գեղձի ախտաբանական փոփոխությունների աստիճանից։ Գեղձի սուր այտուցվածության դեպքում ընթացքը սովորաբար թեթև է լինում, հեմոռագիկ պանկրեանեկրոզի դեպքում հիվանդի վիճակը ծայրահեղ ծանրանում է։ Հղիության ընթացքում հաճախ ի հայտ են գալիս պանկրեատիտի անցավ ձևերը, որոնց բնորոշ են շոկը և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման նշանները։

Հիվանդությունը հիմնականում սկսվում է որովայնի վերին հատվածի կամ կողատակի շրջանի սուր, հանկարծակի ցավով։ Հաճախ ցավն այնքան ուժեղ է լինում, որ ցավային շոկ կամ անոթային կոլափս է առաջացնում։ Ցավի նոպաները կարող են ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով, ջերմության բարձրացմամբ, փորի փքվածությամբ ու լարվածությամբ։Որոշ դեպքում հիվանդությունն ուղեկցվում է նևրոլոգիական ախտանշաններով, գլխացավով, մաշկի և աչքերի սպիտակուցային թաղանթի դեղնածությամբ։

Ախտորոշումը

Արյան կլինիկական հետազոտության արդյունքում բարձր լեյկոցիտոզ է դիտվում, կենսաքիմիական հետազոտության արդյունքում՝ հիպերգլիկեմիայի և հիպոկալցիմեայի առաջացում։ Հիվանդության ախտորոշման հարցում գլխավոր դերը պատկանում է ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների որոշմանը։

Հիվանդության սկսվելուց ութ ժամ անց արյան մեջ ամիլազի մակարդակն զգալիորեն բարձրանում է և առավելագույնի հասնում 24-36 ժամ անց։ Լիպազի պարունակությունը մեծանում է փոքր-ինչ ուշ և ավելի երկար է բարձրացած մնում, քան ամիլազի մակարդակը։ Արյան շիճուկում կալցիումի մակարդի անկումը դինամիկ հետազոտության դեպքում վկայում է պրոցեսի զարգացման մասին։

Ախտորոշման նպատակով կատարվում է նաև գործիքային հետազոտություն՝ ՈւՁՀ։ Հղի կանանց սուր պանկրեատիտը պետք է տարբերել սուր խոլեցիստիտից, միզաքարային հիվանդությունից, բնականոն տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատումից։

Բուժումը

Քրոնիկական պանկրեատիտի սրացման բուժումը հիմնված է այն նույն սկզբունքների վրա, որոնց վրա հիմնվում են սուր պանկրեատիտի դեպքում՝ ցավազրկում, ռացիոնալ դիետաթերապիա, ենթաստամոքսային գեղձի աշխատանքի շտկում, առաջացման պատճառների վերացում։

Ցուցումներ հիվանդանոց տեղափոխման համար

Հիվանդության ծանրության միջին աստիճանի դեպքում համակողմանի թերապիան տևում է 7-10 օր, ծանր ընթացքի դեպքում՝ նվազագույնը 3 շաբաթ։ Սուր պանկրեատիտ ունեցող հղի կանանց բուժումը կատարվում է միայն ու միայն վիրաբուժական ստացիոնարում։

Թերապիայի անարդյունավետության, գեղձի ծորանի սուր խցանման և դեղնուկի զարգացման դեպքում վիրահատություն է ցուցվում։ Այն կատարվում է հղիության ժամկետից անկախ, հնարավորության դեպքում՝ վերջինիս պահպանմամբ։

Շոկի դեպքում անհրաժեշտ ծավալով հակաշոկային թերապիա է անցկացվում, կորտիկոստերոիդային հորմոններ են ներարկվում, օգտագործվում են սպազմոլիտիկ և ցավազրկող դեղամիջոցներ։ Կիրառում են նաև էպիդուրալ ցավազրկում։ Թարախակալումից խուսափելու նպատակով նշանակվում են հակաբիոտիկներ։

Ծննդալուծման ժամկետը և մեթոդը

Ծննդալուծումը զարգացող կամ չզարգացող հղիության դեպքում կատարվում է բնական ճանապարհով համապատասան ցավազրկմամբ (էպերիդուրալ անզգայացում)։ Կեսարյան հատումը բացառիկ դեպքերում է կատարվում և ըստ մանկաբարձական բացարձակ ցուցումների, քանի որ ինֆեկցիոն բարդությունների առաջացման վտանգը խիստ մեծ է։

Նմանատիպ նյութեր

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար