Քաշը հղիության ընթացքում

27.05.201621037

Չափից շատ գիրանալու վախը շատերին է ուղեկցում հղիության ամբողջ ընթացքում։

Քաշի բնականոն չափը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում քաշն անպայմանորեն ավելանում է, և այդ պարագայում խիստ կարևորվում է ախտաբանական ավելացումը ճիշտ ժամանակին նկատելը։ Այդ պատճառով էլ յուրաքանչյուր այցի ժամանակ կինը կշռվում է։

Առաջին եռամսյակի ընթացքում հաճախ կինը նիհարում է։ Այդ հանգամանքը պայմանավորված է տոքսիկոզով՝ սրտխառնոցով և փսխումով։ Եթե անգամ տոքսիկոզ չկա, հղի կինը միևնույնն է 1-2 կգ-ով է գիրանում։

Կարդացեք՝ Քաշի ավելացումը հղիության ընթացքում․ երբ և որքան

Քաշն զգալիորեն ավելանում է երկրորդ եռամսյակի ընթացքում, իսկ ավելացման բնական չափը կախված է մի քանի գործոնից։ Մեծանում է ճարպային հյուսվածքի քանակը, աճում է արգանդը, իսկ վերջինիս հետ նաև պտուղը։ Կարևոր դեր է խաղում նաև հարպտղային հեղուկի քանակությունը և ընկերքի չափը։ Օրգանիզմում բազմաթիվ փոփոխություններ են կատարվում, որոնք ապահովում են հղիության բնականոն ընթացքը։

Ինչո՞վ է պայմանավորված հղիության ընթացքում քաշի ավելացումը

Ահա որոշ գործոններ, որոնք կօգնեն հասկանալ՝

  • կնոջ քաշը նախքան հղիանալը, 
  • կնոջ տարիքը (որքան կինը մեծ է, այնքան մեծ է զգալիորեն գիրանալու հավանականությունը, ինչը բացատրվում է գիրանալու հակմամբ), 
  • կմախքի առանձնահատկությունները, 
  • տոքսիկոզը (վաղ ժամկետում տոքսիկոզը հաճախ նպաստում է նիհարելուն, սակայն հետագայում օրգանիզմն անպայման փոխհատուցում է հղիության ընթացքում քաշի պակասը), 
  • ախորժակի լավացում (հորմոնային փոփոխությունների արդյունքում հաճախ ախորժակը լավանում է)։

Քաշն ըստ հղիության շաբաթների

Կա հատուկ աղյուսակ, որի շնորհիվ հնարավոր է հաշվել գիրանալու առավելագույն չափը։ Այդ աղյուսակը հիմնված է մարմնի զանգվածի ինդեքսի վրա։ Բանաձևն է՝ կգ/քառ․մ։

Կարդացեք՝ Քաշ, մարմնի զանգվածի ինդեքս

Ավելորդ քաշը վտանգավոր է

Հաճախ մարմնի զանգվածի զգալի ավելացման պատճառը լինում է այտուցվածությունը և ոչ թե ճարպային հյուսվածքի ավելացումը։ Սկզբնական շրջանում հեղուկի կուտակումն աննկատ է, սակայն հետագայում տարածվում են մարմնի տարբեր մասերում՝ ոտքեր, ձեռքեր, դեմք և այլն։ Այտուցների առաջացման մի քանի պատճառ կա։

Կարդացեք՝ Այտուցվածությունը հղիության ընթացքում

Բազմաթիվ կանանց դեպքում այն ի հայտ է գալիս վերջին եռամսյակում և համարվում է բնական երևույթ։ Պատճառն օրգանիզմի ֆիզիոլոգիական վերակառուցման մեջ է թաքնված։ Եթե նախքան հղիանալը կինը սրտի կամ երիկամների հետ կապված խնդիրներ է ունենում, ապա հղիության ընթացքում այտուցվածությունը դառնում է հիվանդության արտահայտման ախտանշան։ Ամենաբարդ պատճառը գեստոզն է։

Այդ ախտորոշումը տրվում է երկուսից երեք ախտանշանի առկայության դեպքում՝ այտուցներ, բարձր ճնշում, մեզում սպիտակուցի առկայություն։ Գեստոզը լուրջ բարդություն է և անհապաղ բուժում է պահանջում։

Կարդացեք՝ Ի՞նչ է գեստոզը

Այն կանայք, ովքեր չեն վերահսկում քաշի ավեացումը, երակների վարիկոզ լայնացման վտանգի են ենթարկում իրենց։ բացի այդ, նրանց օրգանիզմում խանգարվում է նյութափոխանակությունը, մեծանում է մարսողական օրգանների և սրտի ծանրաբեռնվածությունը։ Խոլեստերինի բարձր մակարդակը բացասաբար է ազդում անոթների վրա, լյարդն սկսում է ծանրաբեռնված աշխատել։

Հնարավոր է, որ գեստացիոն շաքարային դիաբետ առաջանա։ Ավելորդ քաշի դեպքում մեծանում է խոշոր երեխայի լույս աշխարհ գալու հավանականությունը, ինչը կարող է պատռվածքների և այլ բարդությունների առաջացման պատճառ դառնալ։

Կարդացեք՝ Հղիության ընթացքում սնվելու ուղեցույց

Հղիության ընթացքում պետք է ուշադրություն դարձնել սննդի օրաբաժնին, սնվել հաճախ, բայց քիչ չափաբաժնով։ Չպետք է անտեսել նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հարկավոր է զբոսնել, մարմնամարզությամբ զբաղվել և հղի կանանց համար նախատեսված վարժություններ կատարել, որոնք ոչ միայն կբարելավեն հղիության ընթացքը, այլև կնպաստեն թեթև ծննդաբերությանը։