Ինչո՞ւ պետք չէ ամեն օր լոգանք ընդունել

19.04.201620072

Չկա ավելի լավ բան, քան առավոտյան լոգանք ընդունելը, այն օգնում է վերջնականապես արթնանալ ու դրականորեն տրամադրվել օրվան։ Պակաս հաճելի չէ նաև քնելուց առաջ լողանալը օրվա լարվածությունը թոթափելու ու հանգստանալու համար։ Սակայն պե՞տք է արդյոք այդքան հաճախ լողանալ։

 

«Մարդկանց մեծամասնությունը լողանում է հիգիենայի և էսթետիկայի նկատառումներից ելնելով։ Նրանք համոզված են, որ լոգանքն ապահովում է իրենց լիակատար առողջությունն ու մաքրությունը, սակայն մանրէաբանական հետազոտությունները ժխտում են այդ հանգամանքը։»

Էլեյն Լարսոն, փորձագետ-վարակաբան, Կոլումբիայի համալսարանի դեկանի տեղակալ գիտական աշխատանքների գծով։

 

Դեռևս 2004 թվականին կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ հակամանրէային օճառների, սկրաբների և կոսմետիկ այլ միջոցների հաճախակի օգտագործումն ավելի շատ վնասում է, քան օգնում։ Դրանց օգտագործման հետևանքով մաշկի վրայից մաքրվում է պաշտպանիչ բնական շերտը, այն ավելի չոր ու բարակ է դառնում։ Արդյունքում մաշկածածկույթի վրա միկրոճաքերի առաջացման բարենպաստ պայմաններ են ստեղծվում, դրանց միջով տարատեսակ վարակներ ու միկրոբներ կարող են ներթափանցել։

Այդ տեսակետը հաստատում է նաև բժիշկ Բրենդոն Միտչելը, մաշկաբանության դոցենտ Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում։ Նա ասում է, որ որոշ մարդիկ խիստ հաճախ են լոգանք ընդունում։

 

«Խիստ հաճախակի լոգանքն անձնական հիգիենայի քիմիական տարատեսակ միջոցների օգտագործմամբ մաշկը զրկում է բնական յուղերից, ինչպես նաև կարող է քայքայել մարդու բնական իմունային պաշտպանությունը։»

Բրենդոն Միտչել

 

Ի՞նչ հաճախականությամբ է կարելի լոգանք ընդունել։ Բժիշկ Միտչելն ասում է, որ այն դեպքում, երբ խոսքն առողջության մասին է և ոչ թե արտաքին տեսքի կամ տհաճ հոտի, ապա շաբաթական մեկ կամ երկու անգամը լիովին բավական է։ Մեր մարմինը բավականին խելացիորեն է կառուցված և օրական մաքրության կարիք չունի, ընդհակառակը, այդ հանգամանքը կարող է վնասել։

Բնականաբար տարբեր իրավիճակներ են լինում և որոշ մարդիկ, ովքեր կեղտոտ արտադրամասում են աշխատում կամ ֆիզիկական աշխատանքով են զբաղվում, պետք է համեմատաբար հաճախ լոգանք ընդունեն։ Նույնիսկ այդ դեպքում, ինչպես խորհուրդ է տալիս Բրենդոն Միտչելը, չարժե մեծ քանակությամբ լվացող միջոց օգտագործել։

Օճառեք մարմնի միայն այն մասերը, որոնք կեղտոտվել են, ինչպես նաև թևատակերն ու ինտիմ հատվածները։ Այդքանը բավական կլինի հիգիենայի պահանջները բավարարելու և սեփական առողջությանը չվնասելու համար։