Աղեկապը (բանդաժ) ծննդաբերությունից առաջ և հետո

Հղիության 5-8-րդ ամսից սկսած արդեն իսկ նոր հագուստ գնելու կարիք է զգացվում։ Գնումներ կատարելիս հարկավոր է ուշադրություն դարձնել նաև աղեկապին (բանդաժ)։

Աղեկապը խորհուրդ է տրվում կրել գոտկատեղի, ոտքերի ցավը մեղմելու, բազմապտուղ հղիության, ինչպես նաև վաղաժամ ծննդաբերությունը կանխելու նպատակով։

Աղեկապի գործառույթներն են՝
  • որովայնի ճիշտ ձևի ապահովում,
  • ողնաշարի լարվածության թեթևացում, 
  • երեխայի ուղղահայաց՝ գլխով դեպի ներքև, դիրքի ապահովում, 
  • հղիազոլերի կանխարգելում և այլն։

Նախածննդաբերական աղեկապ

Աղեկապ-կիսավարտիք։ Ամենատարածված տեսակն է։ Բարձր վերնամասով կիսավարտիք է՝ գոտկատեղի հատվածում կարված առաձգական ժապավենով, որը որովայնի մեծանալուն համընթաց լայնանում է։

Աղեկապ-գոտի։ Առաձգական գոտի է, որը կրում են այնպես, որ տեղակայվում է գոտկատեղի ամբողջ երկայնքով և որովայնի տակով։ Կրում են սովորական ներքնաշորի վրայից։ Առավելությունն այն է, որ շոգ եղանակին անհարմարություն չի պատճառում։

«Գլխանոցով» աղեկապ։ Հիմնական նյութը կրկին առաձգական ժապավենն է, որը որովայնը գրկում է ներքևի հատվածից, իսկ գլխանոցը պատում է որովայնի վերին հատվածը։ Ամենահարմար տարբերակներից մեկն է և գրեթե չի երևում հագուստի տակից։

Համակողմանի՝ ունիվերսալ աղեկապ։ Ունի ժապավենի տեսք, մի կողմից լայն է, մյուս կողմից նեղ։ Նախքան երեխայի ծնվելն այն կրում են՝ լայն հատվածը հագնելով գոտկատեղի մասում, իսկ ծննդաբերությունից հետո՝ ընդհակառակը։

Աղեկապի օգտագործման մի քանի կանոն

  • Աղեկապը պետք է հագնել պառկած վիճակում։
  • Կրել միայն ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում և ոչ թե պառկելիս կամ նստելիս։ 
  • Չկրել գիշերը։ 
  • Ավելի լավ է աղեկապը հագնել ներքնաշորի վրայից՝ բացառելու ցանավորումն ու մաշկի գրգռումը։ 
  • Եթե 30 շաբաթականից մեծ ժամկետում պտուղը հետույքային կամ լայնակի դիրքում է, ապա արգելվում է աղեկապ կրել, հակառակ դեպքում փոքրիկը չի կարողանա շրջվել։

Հետծննդաբերական աղեկապ

Հետծննդաբերական բանդաժն օգնում է արագացնել արգանդի կրճատման գործընթացը։ Կեսարյան հատումից հետո պարզապես անհրաժեշտություն է այն կրելը։ Աղեկապը ֆիքսում է հետվիրահատական կարը, թուլացնում է ողնաշարի լարվածությունը և ամուր հենք ծառայում որովայնի առաջնային պատի մկանների համար։

Աղեկապ-գոտի։ Լայն գոտին հենք է ծառայում որովայնի և կոնքի համար, ամրանում է կպչուն ժապավենով։ Այդ տեսակի աղեկապը թույլատրվում է կրել երեխայի ծնունդից 3-5 ժամ անց։

Աղեկապ-կիսավարտիք։ Որովայնի հատվածում ունի հատուկ ներդիր։ Ակնհայտորեն ձգում է որովայնը, ձև է հաղորդում գոտկատեղին, հարմար է կրելը։

Հետծննդաբերական աղեկապը նույնպես կրում են պառկած դիրքում։ Ցավոք ոչ միշտ է կարելի հետծննդաբերական աղեկապ կրել։ Հակացուցումներն են՝ ոչ սովորական կարը կեսարյան հատումից հետո, մաշկային հիվանդությունները, ալերգիան։

Ինչպե՞ս ընտրել աղեկապը

Խորհուրդ է տրվում աղեկապը գնել դեղատնից կամ մասնագիտացված խանութից, իսկ մինչ այդ խորհրդակցել բժշկի հետ։

Ավելի լավ է ընտրել բնական գործվածքներից կարված աղեկապ, չնայած որ առաձգականություն հաղորդող արհեստական թելերի առկայությունն անխուսափելի է։

Բազմակի օգտագործման դեպքում կտորը կորցնում է առաձգականությունը և թուլանում է։

Աղեկապի չափսը պետք է համընկնի նախքան հղիությունը կրած հագուստի չափսին, իսկ եթե կինն զգալիորեն գիրացել է, ապա 1-2 չափսով մեծը։

Եթե աղեկապ հագնելը հեշտ է, չի կաշկանդում շարժումները, չի ձգում և ճնշում, ուրեմն համապատասխանում է ձեզ։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար