Պտղի ջրգողություն

09.03.201611208

Պտղի ջրգողություն (водянка) են անվանում նրա ախտաբանական վիճակը, երբ օրգանիզմի բոլոր հյուսվածքներում հեղուկ է կուտակվում, և ամբողջ մարմինն այտուցվում է։ Հիմնականում դիտվում է ռեզուսկոնֆլիկտային հղիության և պտղի հեմոլիտիկ հիվանդության դեպքում։ Տարբերում են պտղի իմունային և ոչ իմունային ջրգողություն։

Պատճառները

Պտղի իմունային ջրգողության հիմնական պատճառը նրա հեմոլիտիկ (արյունալուծական) հիվանդությունն է։ Ոչ իմունային տեսակի պատճառները բացահայտված չեն, սակայն առանձնացվում են հետևյալ գործոնները՝

  • պտղի քրոմոսոմային հիվանդություն (Դաունի համախտանիշ, տրիսոմիաներ, մոզաիցիզմ և այլն), 
  • գենային հիվանդություններ (A-թալասեմիա, Նունանի համախտանիշ, ախոնդրոգենեզ, Պենի-Շոկեյի համախտանիշ, ախոնդրապլազիա և այլն),
  • կրծքավանդակի խոռոչի զարգացման արատներ (կրծքավանդակի դիսպլազիա, դիաֆրագմալ՝ ստոծանու ճողվածք և այլն), 
  • միզարձակման համակարգի արատներ (բնածին նեֆրոտիկ համախտանիշ, միզուկի և երիկամների արատներ), 
  • սրտանոթային հիվանդություն (կարդիոմիոպատիա, սրտի բնածին արատներ, կազմախոսական շեղումներ և այլն), 
  • խորիոանգիոմա, 
  • բազմապտուղ հղիություն (ֆետաֆետալային տրանսֆուզիա), 
  • հղիության ընթացքում մոր վարակիչ հիվանդություններ (ցիտոմեգալավիրուս, սիֆիլիս, տոքսապլազմոզ և այլն),
  • հղիության բարդություններ (պրեէկլամպսիա, ծանր սակավարյունություն, հիպոպրոտեինեմիա և այլն), 
  • փոխանակման բնածին խանգարումներ (Գոշեի հիվանդություն, Մորկիոյի հիվանդություն, 4-րդ տիպի մուկասախարիդոզ և այլն),
  • գլխուղեղի և ողնուղեղի, միզարտադրողական և մարսողական համակարգի, լյարդի բնածին ուռուցքներ, նեյրոբլաստոմա և այլն։

Ախտորոշումը

Պտղի ջրգողության ախտորոշումն ուղղված է պատճառի բացահայտմանը։ Առաջին հերթին որոշվում է արյան խումբը և ռեզուս-գործոնը, որպեսզի հաստատվի կամ հերքվի ռեզուս-կոնֆլիկտը և պտղի իմունային ջրգողությունը։

Վերլուծվում է կյանքի անամնեզը (նախկինում տարած վարակիչ հիվանդությունները, վիրահատությունները և այլն), մանկաբարձագինեկոլոգիական անամնեզը (գինեկոլոգիական հիվանդությունների առկայությունը, նախորդած հղիությունների ընթացքն ու ելքը), ներկա հղիության ընթացքը, բարդացումները, քաշի ավելացումը և այլն։

Ախտորոշման հիմնական մեթոդը ՈւՁՀ-ն է։ ՈւՁՀ-նշաներից են՝

  • պտղի այտուցվածություն, 
  • գերջրություն
  • այտուցվածության պատճառով պտուղը սովորականից մեծ է լինում, 
  • հեղուկի կուտակում պտղի օրգանիզմի բոլոր հյուսվածքներում, 
  • ենթամաշկային-ճարպային շերտի այտուց, 
  • գլխամաշկի, ձեռքերի, ոտքերի այտուց, 
  • կարդիամեգալիա (սրտի մեծացում), 
  • ստամոքսի պատերի հաստացում, 
  • լյարդի մեծացում, 
  • շարժողական ցածր ակտիվություն։ 

ՈւՁՀ-ից հետո նշանակվում է ամնիացենտեզ կամ կորդացենտեզ պտղի կարիոտիպը որոշելու, պտղից արյուն վերցնելու և ներարգանդային բուժում կատարելու համար։ Ներարգանդային վարակումը բացառելու նպատակով նշանակվում է ՊՇՌ ենթադրյալ վարակների հայտնաբերման համար։

Բուժումը

1-2-րդ եռամսյակում պտղի զարգացման բնածին արատների հայտնաբերման դեպքում (որոնք անհամատեղելի են կյանքի հետ) կնոջն առաջարկում են ընդհատել հղիությունը։ Ընդհատումից հրաժարվելու դեպքում բժիշկները շարունակում են հետևել հղիության ընթացքին և հիվանդության զարգացմանն այնքան ժամանակ, մինչև հնարավոր լինի ներարգանդային թերապիա անցկացնել։

Պտղի ջրգողության բուժումը ենթադրում է կորդացենտեզ և արյան փոխներարկում պորտալարի մեջ։ Երկվորյակների ֆետոֆետալային տրանսֆուզիայի դեպքում կատարվում է պտուղներին իրար կապող անոթների լազերային կոագուլյացիա։

Եթե անհնար է նախածննդյան բուժում կատարելը, գնահատվում է վաղաժամ ծննդաբերության աստիճանը, և ծննդալուծումը կատարվում է ժամանակից շուտ՝ պտղի թոքերի հասունացումն արագացնող դեղամիջոցների նախապես նշանակմամբ։

Նախքան ծննդալուծումը հատուկ պատրաստվում են ջրգողությամբ պտղի ծնվելուն։ Ծնարանը պետք է հագեցած լինի սրտաթոքային ռեանիմացիայի սարքավորումներով, պետք է ներկա լինեն նեոնատոլոգներ։

Կանխատեսումները

Պտղի ջրգողության պարագայում կանխատեսումները բացասական են։ Առաջին եռամսյակում պտղի ջրգողության զարգացման դեպքում սովորաբար հղիությունն ավարտվում է հանկարծակի ընդհատմամբ, երկրորդ և երրորդ եռամսյակներում պտղի անտենատալ մահվան վտանգը խիստ մեծանում է։ Իմունային տիպի դեպքում կանխատեսումները հույս են ներշնչում․ պրենատալ և պոստնատալ բուժման արդյունավետությունը 80-90% է։