Փոքրիկ աղջիկների սեռական շուրթերի սինեխիա (կպում)

Փոքրիկ աղջիկների սեռական շուրթերի սինեխիա (կպում)

Ինտիմ ոլորտի խնդիրներ են ունենում ոչ միայն կանայք, այլև փոքրիկ աղջիկները։ Մանկական գինեկոլոգներն աղջնակներին ախտորոշում են սեռական օրգանների անոմալիաներ, վուլվովագինիտ և այլ հիվանդություններ։ Հաճախ հանդիպող խնդիրներից է սեռական շուրթերի սերտաճումը՝ սինեխիան (կպումը)։

Առաջացման պատճառները

Այս խնդիրն ի հայտ է գալիս 6 ամսականից մինչև 6 տարեկանն ընկած ժամանակահատվածում, երբեմն և ավելի վաղ։ Սովորաբար այդ վիճակում երեխան ոչ մի գանգատ չի ունենում։ Կպումը հիմնականում անհետանում է առանց որևէ միջամտության, սակայն որոշ դեպքերում վիրահատական բուժում է պահանջվում։

Առաջացման պատճառներն են՝

  • հաճախակի լվացումներ օճառով, 
  • բորբոքումներ և խիստ նեղ ներքնաշոր կրելու հանգամանքը, 
  • սեռական օրգանների հատվածում կամ միզուղիներում առկա բորբոքային պրոցեսներ։ 

Այժմ պարզենք, թե ինչպես են ծնողներն ու բժիշկները հայտնաբերում խնդիրը, և ինչ օգնություն է հարկավոր ցուցաբերել։

Կարդացեք՝ Հեշտոցի արտադրությունը փոքրիկ աղջիկների դեպքում

Ի՞նչ է սեռական շուրթերի սինեխիան

Սինեխիան սեռական մեծ կամ փոքր շուրթերի սերտաճումն է ամբողջությամբ կամ մասնակիորեն, որի դեպքում փակվում է հեշտոցի մուտքը։ Ամբողջական սերտաճման դեպքում չի երևում նաև միզուկը։ Սինեխիան հնարավոր է նկատել անգամ անզեն աչքով։ Ախտանշաններն ի հայտ են գալիս բորբոքային հիվանդությունների դեպքում, որոնք սկսվում են մեզի արտահոսքի խանգարման հետևանքով։

Բուժումը

Եթե կպումն ամբողջական է և դժվարացնում է միզարձակումը կամ ի հայտ են եկել բորբոքման նշաններ, ապա անհրաժեշտ է դիմել մասնագետի, որ համապատասխան միջոցներ ձեռք կառնի։

1. Ավանդական մեթոդ

Բժիշկների մեծամասնությունը դիմում է բուժման ավանդական եղանակին։ Նշանակում են էստրոգեններ պարունակող հատուկ քսուք։ Բաղադրիչ հորմոնները նպաստում են կպած շրթունքների անջատմանը։ Էստրոգեններով քսուքը խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ սխեմայով։ Հարկավոր է երեխային պառկեցնել մեջքի վրա, բացել ոտքերն ու մեծ շուրթերը և քսուքը մատով քսել կպումի գծի երկայնքով՝ խուսափելով չտուժած մասերին քսելուց։

Անգամ երկարատև բուժման ընթացքում էստրոգեն պարունակող քսուքները չեն վնասում փոքրիկին, կողմնակի երևույթներ նույնպես չեն առաջանում։ Որոշ դեպքերում ծնողները փոքրիկի վուլվայի լորձաթաղանթի գունավորում, մազիկներ, կաթնագեղձերի փքվածություն են նկատում, ինչն էստրոգենների ազդեցությունից է լինում։ Քսուքի օգտագործումը դադարեցնելուց հետո այդ բոլոր նշաններն անհետանում են։

2. Վիրաբուժական մեթոդ

Եթե կպման հատվածում մաշկը կարմրել է, երեխան չի կարողանում միզել, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկի։ Մասնագետը վիրաբուժական եղանակով կանջատի կպած շրթունքները և հակամանրէային քսուք կքսի։ Միջամտությունը վտանգավոր չէ, կատարվում է ցավազրկմամբ (ընդհանուր կամ տեղային)։

Հաճախ բժիշկները վիրաբուժական անջատումից հետո էստրոգեններ են նշանակում՝ կանխելու կրկին կպչելու վտանգը։

Կանխարգելումը

Սեռական շուրթերի սինեխիան կանխելու նպատակով հարկավոր է խստիվ հետևել հիգիենայի պահպանման կանոններին, որակյալ ներքնաշոր հագցնել փոքրիկին և ժամանակին բուժել բորբոքային խնդիրը։

1. Հիգիենայի առանձնահատկությունները

Ինչպես նշվեց, կարևոր դեր է խաղում հիգիենան։ Աղջիկներին հարկավոր է լողացնել առավոտյան, կեսօրին և երեկոյան՝ օգտագործելով սենյակային ջերմաստիճանի մաքուր ջուր։ Խորհուրդ է տրվում սեռական օրգանները լվանալ ցնցուղով և ոչ թե վաննայում՝ խուսափելով փրփուրի՝ երեխայի լորձաթաղանթի վրա ընկնելուց։

Օճառը պետք է լինի հատուկ մանկական, չպարունակի ներկանյութ։ Խորհուրդ չի տրվում հաճախ օգտագործել այն, քանի որ գրգռում է, չորացնում մաշկը և նպաստում փոքրիկ ճաքերի առաջացմանը (հենց սա էլ կպումի առաջացման պատճառներից մեկն է․ վուլվայի լորձաթաղանթն սկսում է վերականգնել իր ամբողջականությունը)։ Չի կարելի նաև սպունգ օգտագործել։ Լվանալուց հետո պետք է սրբիչի նուրբ շարժումներով չորացնել սեռական օրգանները։

Կարդացեք՝ Փոքրիկ աղջիկների հիգիենան և խնամքը

1. Ներքնաշորի ընտրությունը

Լավագույն նյութը բամբակն է։ Հենց բամբակյա ներքնաշորեր է հարկավոր ընտրել աղջիկների համար, քանի որ դրանք ապահովում են օդի ներհոսքը՝ թույլ տալով մաշկին շնչել։ Այն չպետք լինի նեղ և փոքր։

3. Բորբոքային հիվանդույթունների ճիշտ ժամանակին բուժումը

Կանխարգելման կարևոր միջոցներից մեկը կասկածելի նշանների դեպքում մանկական գինեկոլոգի դիմելն է։ Եթե նկատվում է սեռական օրգանների մաշկի կարմրածություն, փառ, արտադրություն, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի․ չէ՞ որ դրանք կարող են վկայել բորբոքման մասին։ Եթե հետազոտման արդյունքները վկայեն որևէ հիվանդության մասին, ապա բժիշկը համապատասխան բուժում կնշանակի՝ կանխելով հետագա զարգացումը։

Նշենք, որ երեխաները չեն ծնվում սինեխիայով։ Վերջինիս առաջացումը մեծապես կախված է ծնողների գործողություններից։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում