Ձվարանի պատռվածք` ապոպլեքսիա

26.11.20154155

Ձվարանի պատռվածքը կամ ապոպլեքսիան ձվարանի և նրա անոթների ամբողջականության խախտումն է, որի հետևանքով որովայնի խոռոչում արնահոսություն է սկսվում և որովայնի ցավ։ Ձվազատման ընթացքում ձվարանի պատռում է տեղի ունենում ֆոլիկուլի հատվածում, ինչը բնական ֆիզիոլոգիական երևույթ է և ցավով ու արնահոսությամբ չի ուղեկցվում։ Օրգանիզմի ախտաբանական փոփոխությունների հետևանքով ապոպլեքսիա է ձևավորվում։

Պատճառները

Ապոպլեքսիայի առաջացման հստակ պատճառները դեռևս հայտնի չեն։ Հաճախ դիտվում է 25-35 տարեկանում։ Համարվում է, որ հիմնական պատճառը ձվազատման կարգավորման գործընթացների ժամանակ նեյրոէնդոկրինային տեղաշարժերն են։

Զգալի դեր կարող են խաղալ փոքր կոնքի հատվածի բորբոքային պրոցեսները, ձվարանների զարգացման խանգարումները, ուռուցքային պրոցեսները, նաև արտաքին գործոնները՝ ծանրություն բարձրացնելը, որովայնի ստորին հատվածի վնասվածքները, բուռն սեքսը։

Մեծամասամբ ձվարանի պատռվածքն առաջանում է ձվազատման փուլում կամ ավելի ուշ՝ ցիկլի երկրորդ փուլում։ Առավել հաճախ ապոպլեքսիան ի հայտ է գալիս աջ ձվարանի վրա՝ պայմանավորված վերջինիս արյան մատակարարման առանձնահատկություններով։

Ախտանշանները

Սովորաբար ապոպլեքսիան առաջանում է անսպասելի, արագ, լավ ինքնազգացողության ֆոնին, հաճախ երեկոյան կամ գիշերը։ Պատռմանը բնորոշ է որովայնի սուր ցավ՝ տեղակայված աջ կողմում, հազվադեպ՝ ձախ։

Ցավը լինում է՝

  • պրիստուպների տեսքով, 
  • կարող է սկսվել կողային հատվածից, անցնել դեպի գոտկատեղ, շեքի հատված և տարածվել ամբողջ որովայնով մեկ։ 

Որովայնում արյան կուտակման քանակից կախված, ի հայտ է գալիս որովայնամիզի գրգռվածություն՝

  • ցավ որովայնի շոշափման դեպքում, 
  • հեշտոցից արյան արտադրություն, 
  • որովայնի պատի լարվածություն, 
  • գունատություն, 
  • սրտի զարկերի արագացում, 
  • ճնշման անկում, գիտակցության կորուստ, 
  • խշշոց ականջներում, սրտխառնոց, գլխապտույտ, 
  • երբեմն ջերմության բարձրացում։ 

Անհրաժեշտ է տարբերել ապոպլեքսիան և այն չշփոթել ապենդիցիտի (որդանման ելունի բորբոքում) և արտարգանդային հղիության հետ։

Բուժումը

Բուժման ուղղվածությունը կախված է արյան կորստի աստիճանից և արնահոսության ինտենսիվությունից։

Վիրահատությունը պատռվածքի դեպքում: Ծանրության միջին և ծանր աստիճանների դեպքում անցկացվում է վիրահատություն՝ պլազմայի և արյանը փոխարինող լուծույթների միաժամանակյա ներլցմամբ։ Վիրահատության դեպքում բժիշկները փորձում են նվազագույնի հասցնել միջամտության ծավալը՝ կատարվում է ձվարանի ռեզեկցիա և կարում վնասված անոթների ։ 

Հետևանքները

Կանխատեսումները դրական են, սակայն հիվանդանոցից դուրս գրվելուց հետո մանրակրկիտ հետազոտություն է պետք անցնել։