Որտեղի՞ց է առաջանում կրծքի կաթը

27.10.201552020

Երեխայի կրծքով կերակրումը բոլորովին նոր իրադարձություն է ցանկացած կնոջ կյանքում, իսկ ամեն նոր բան հաճախ հարցեր է առաջացնում։ Հատկապես անհասկանալի է լինում, թե ինչպես է առաջանում կրծքի կաթը։

Կնոջ կուրծքը հիմնականում կազմված է գեղձային, շարակցական և ճարպային հյուսվածքներից։ Կաթն արտադրվում է ռեֆլեքսների և հորմոնների գործունեության արդյունքում, գեղձերի հատուկ պարկիկներում՝ ալվեոլներում, որտեղից ծորաններով հոսում է դեպի պտուկ։ Դեռևս հղիության ընթացքում հորմոնների ազդեցությամբ կաթնագեղձն սկսում է ակտիվորեն զարգանալ, նրանում արագորեն աճում և ճյուղավորվում են ծորաններն ու ալվեոլները։ Բազմաթիվ կանայք նշում են, որ կուրծքը մեծանում է և ավելի զգայուն դառնում։ Հղիության վերջին շրջանում կուրծքն ավելի է մեծանում, քանի որ ալվեոլները լցվում են կաթնախեժով, սակայն պրոգեստերոն հորմոնի բարձր մակարդակի պատճառով հասուն կաթ դեռևս չի արտադրվում։

Կարդացեք՝ Կուրծքը հղիության ընթացքում

Ինչպե՞ս է արտադրվում կաթը

Երեխայի ծնունդից հետո պրոգեստերոնի մակարդակն իջնում է, փոխարենը մեծանում է մեկ այլ հորմոնի՝ պրոլակտինի մակարդակը, որն էլ հենց խթանում է կրծքում կաթի կուտակումը։ Ամեն անգամ, երբ երեխան ծծում է կուրծքը, կատարվում է պտկի նյարդային վերջավորությունների գրգռում։ Դրանք ազդակ են ուղարկում գլխուղեղին, որտեղ պրոլակտին է արտադրվում, ինչն էլ իր հերթին խթանում է ալվեոլներում կաթի արտադրությունը։ Պրոլակտինը մեծ քանակությամբ առաջանում է կերակրումից որոշ ժամանակ անց միայն։ Այլ կերպ ասած՝ երեխային կերակրելով, կինն սպառում է պրոլակտինի նախորդ արտադրությունից առաջացած կաթը և միևնույն ժամանակ արտադրում է այդ հորմոնը հաջորդ կերակրման կաթն ապահովելու համար։ Այդ գործընթացն անվանում են կաթի արտադրման ռեֆլեքս կամ պրոլակտինի ռեֆլեքս։ Գիշերվա ընթացքում ավելի շատ պրոլակտին է արտադրվում, քան ցերեկը, այդ պատճառով էլ հենց գիշերային կերակրումն է օգնում ապահովել կաթի անհրաժեշտ քանակը։

Կարդացեք՝ Ինչ բաղադրություն ունի կրծքի կաթը

Ինչպե՞ս ստանալ կաթը

Կա ևս մեկ հորմոն, որը մասնակցում է կերակրման գործընթացին։ Օքսիտոցին։ Երբ ալվեոլներում կաթ է առաջանում, օքսիտոցինը նպաստում է ալվեոլների շուրջը տեղակայված մկանային բջիջների կրճատմանը։ Այդ կերպ այն կարծես թե «հրում» է կաթը և ստիպում հոսել պտկից։ Այդ պրոցեսն անվանում են օքսիտոցինի ռեֆլեքս։ Եթե այն չի գործում, կարող է թվալ, թե կաթ չկա, իրականում կա, սակայն դուրս չի հոսում։ Օքսիտոցինի ռեֆլեքսը շատ նուրբ բան է, որի վրա կարող են անդրադառնալ մոր հույզերը, մտքերն ու զգացմունքները, օրինակ դրական տրամադրությունը նպաստում է օքսիտոցինի արտադրմանը, իսկ անհանգստությունն ու վախը ճնշում են ռեֆլեքսը։

Կարդալ՝ Ինչպես է պետք կերակրել երեխային

Կրծքի չափսը նշանակություն չունի

Բազմաթիվ կանանց հուզում է իրենց կրծքի չափսը։ Փոքր կուրծք ունեցող կանայք հաճախ մտահոգվում են՝ կարծելով, թե բավականաչափ կաթ չեն ունենա։ Իրականում կրծքի մեծությունը պայմանավորված է նրանում առկա ճարպի քանակությամբ, այլ ոչ թե գեղձային հյուսվածքի։ Այդ պատճառով էլ պետք չէ անհանգստանալ, քանի որ կրծքի մեծությունը չի ազդում կաթի քանակության վրա։ Փոքր կուրծք ունեցող մայրը նույնքան կաթ կունենա, որքան մեծ կուրծք ունեցողը։ Եթե կինը ցանկանում է մեծացնել կաթի քանակությունը, ապա պետք է ավելի հաճախ կերակրի երեխային։

Կարդացեք՝ Երբ կրծքի կաթը չի բավականացնում

Փաստորեն կրծքի կաթը հենց այնպես չի արտադրվում․ հանգստություն և լավ տրամադրություն, գիշերային և հաճախակի կերակրում, ահա թե ինչից է կախված կրծքի կաթի արտադրումը։