Հղիություն․ ինչպե՞ս հարմարվել նոր մարմնին

14.10.201514577

Կնոջ մարմինը փոխվում է հղիության ընթացքում։ Հորմոնային վերակառուցում, ճարպային զանգվածների վերաբաշխում, կաթնգեղձերի մեծացում, քաշի ավելացում և մեծացող փոր․ այս ամենին բախվում է յուրաքանչյուր մայր։ Ոմանց դեպքում փոփոխությունները արտահայտված են լինում, մյուսների դեպքում՝ այնքան էլ ոչ։ Հարկավոր է պատրաստ լինել ընդունելու նոր տեսքը։

Նախքան մարմնի փոփոխություններն ընդունելը հարկավոր է հասկանալ, թե ինչո՞ւ են դրանք կատարվում։ Բնությունն ամեն բանի մասին հոգացել է, յուրաքանչյուր հավելյալ կիլոգրամ իր արդարացումն ունի։

Օրգանիզմում մեծանում է հեղուկի քանակը, մեծանում է նաև արգանդը, պտուղը և ընկերքը, կերակրմանն է նախապատրաստվում կուրծքը, ինչպես նաև պահուստային ճարպ է կուտակվում, որպեսզի փոքրիկն ապահովվի անհրաժեշտ սննդով։

Հղիության ընթացքում ճարպային զանգվածների վերաբաշխումը որովայնի և կոնքի շրջանում թելադրված է արտաքին ազդեցություններից ապագա փոքրիկին հնարավորին չափ լավ պաշտպանելու միտումով։

Կաթնագեղձերի մեծացումը անհրաժեշտ է լակտացիային նախապատրաստվելու համար․ մի քանի անգամ մեծանում է կաթի արտադրման համար պատասխանատու բջիջների քանակը։

Ինչի՞ց եք վախենում

Փորձեք ձևակերպել և բարձրաձայնել վախը։ Կոնկրետ ինչի՞ց եք վախենում։ Հազիվ թե ինքներդ ձեզ ասեք՝ վախենում եմ կրծքիս ծծակների նոր ձևից, կամ վախենում եմ, որ ոտքերս կուռչեն։ Ամենայն հավանկանությամբ վախենում եք ոչ թե ինքնին փոփոխություններից, այլ դրանց հետևանքներից։ Այժմ մանրամասնորեն քննարկենք այդ հետևանքները և միֆերը տարբերենք իրականությունից։

Ֆիզիկական փոփոխությունները, որոնք սահմանափակում են ակտիվությունը։ Շարժումների ակտիվությունը նվազում է, նախկին թեթևությունը կորչում է, ծանրանում է տան աշխատանքն անելը, սպորտային ծանրաբեռնվաությունը նկատելիորեն նվազում է։ Այս ամենը ժամանակավոր է։ Այն, ինչ տեղի է ունենում, ընդունեք որպես արձակուրդ, վաստակած հանգիստ։ Շատերը ձեզ կնախանձեին, վերջապես կարելի է ինքդ քեզ թույլ տալ ծուլանալ։

Փոփոխություններ հագուստի պահարանում։ Հղի կինն ստիպված է լինում սովորական հագուստը փոխարինել ավելի հարմարավետ, պարզ հագուստով՝ հաշվի առնելով անհատական առանձնահատկությունները։ Սիրելի զգեստներն այլևս չեն կոճկվում, բարձրկրունկ կոշիկներն արգելանքի տակ են հայտնվում,իսկ նորաձև և գեղեցիկ լինելու ցանկությությունը մնում է միշտ։ Պրպտեք համացանցը և տեսեք, թե լավագույն դիզայներները որքան շատ հետաքրքիր հագուստներ են առաջարկում հղի կանանց։

Փոփոխություններ սեռական կյանքում։ Անվստահություն սեփական գրավչության հարցում, սեռական հարաբերության ժամանակ պտղին վնասելու վախ, սեռական դիրքերի սահմանափակ ընտրություն․ հնարավոր է, որ այս ամենն անդրադառնա ամուսինների սեռական կյանքի վրա։ Հաճախ այս վախի պատճառը անիրազեկվածությունն է և հղիության ընթացքում սիրով զբաղվելու փորձի պակասը։ Առանց ամոթ զգալու ձեզ հուզող հարցերը քննարկեք մանկաբարձ-գինեկոլոգի հետ, հետո ամուսնու և շարունակեք լիակատար հաճույք ստանալ սեռական կյանքից։

Ես նորովի

Փորձեք ապահովել մտքերի դրական ընթացքը, այլ անկյունից նայեք իրերին և կատարվող իրադարձություններին։ Մտածեք ոչ թե այն մասին, թե ինչ եք կորցնում, այլ այն մասին, թե ինչ եք ձեռք բերում հղիության ընթացքում։ Ամենագլխավոր ձեռքբերումը, իհարկե, փոքրիկն է։ Ձեռքբերումներ են նաև՝ նոր դերն ու նոր կարգավիճակը, մտերիմների բացարձակ ուշադրությունն ու աջակցությունը, նոր գիտելիքները, նոր հագուստներն ու նոր ծանոթությունները։

Հստակ ծրագիր կազմեք, թե ինչպես եք խնամելու ձեզ նաև երեխայի ծնունդից հետո։ Գիրացե՞լ եք։ Հղիազոլե՞ր են առաջացել։ Հոգ չէ։ Նախապես տեղեկություններ հավաքեք սննդակարգի, ֆիզիկական հատուկ վարժությունների մասին, որոնք կօգնեն վերադարձնել մարմնի նախկին տեսքը։ Նմանատիպ ծրագիրը և՛ ոգեշնչում է, և՛ վստահություն ներշնչում։

Լուսանկարների տեսադարան ստեղծեք։ Սկսեք շաբաթական մեկ լուսանկար անել, որպեսզի հետագայում համեմատեք և տեսողությամբ գնահատեք փոփոխությունները։ Բացի այդ, այդպիսի լուսանկարների շարքը կհամալրի ընտանեկան արխիվը և հետագայում կրկին ու կրկին կստիպի ձեզ ժպտալ։