Տարրեր, որոնցից կախված է մեր հոգեկան առողջությունը

Տարրեր, որոնցից կախված է մեր հոգեկան առողջությունը

Մեր հոգեկան և հուզական առողջությունը կախված է մի շարք գործոններից։ Ահա այն տասնվեց կարևոր տարրերը, որոնք, ըստ ամերիկացի հոգեվերլուծաբան Նենսի Մակ-Ուիլյամսի, ընկած են մեր առողջության հիմքում։

Սիրելու ընդունակություն (երեխաներին, ամուսնուն կամ կնոջը)։ Կարողանալ հարաբերություն կառուցել, բաց լինել այլ մարդու հանդեպ, սիրել նրան այնպիսին, ինչպիսին կա, նրա բոլոր թերություններով և աառավելություններով հանդերձ։

Աշխատելու ընդունակություն։ Աշխատել ոչ միայն ուղիղ իմաստով՝ գրասենյակում, աշխատավարձի համար։ Կարևոր է ստեղծելը, արարելը, աշխարհ բերել մի նոր բան, գործի դնել սեփական ստեղծագործական ներուժը։ Գիտակցել, որ այն ամենը, ինչ անում եք, պետք է իմաստ ու նշանակություն ունենա ոչ միայն ձեզ համար, այլոց համար ևս։

Խաղալու ընդունակություն։ Խոսքը մեծահասակների խաղի մասին է, «խաղալ» բառերով, խորհրդանշաններով, կարողանալ փոխաբերություններ օգտագործել, այլաբանություններ, հումոր և հաճույք ստանալ այդ ամենից։ Հոգեբանները մի վտանգավոր միտում են նկատում․ մենք դադարում ենք խաղալ։ Մեր խաղերն ակտիվից վերածվում են պասիվի․ քիչ ենք պարում, երգում, սպորտով զբաղվում և ավելի շատ դիտորդի դերում հետևում ենք, թե ինչպես են այդ անում ուրիշները։

Ապահով հարաբերություններ։ Հոգեվերլուծաբան Ջոն Բոուլբին առանձնացրել է երեք տիպի կապվածություն՝ սովորական, տագնապային (մարդ տանել չի կարողանում մենակությունը, այդ պատճառով էլ «կառչում» է կարևոր օբյեկտին) և խուսափող (կարողանում է հեշտությամբ բաց թողնել, բայց շարունակում է ապրել ներքին տագնապով)։ Արդյունքում առանձնանում է կապվածության ևս մեկ տեսակ՝ անկազմակերպ․ մարդիկ «կպչում» են կապվածության առարկային և միևնույն ժամանակ «կծում» նրան։ Ցավոք կապվածության խախտումը բավականին տարածված երևույթ է և հնարավոր է փոխել հոգեբանական խորհրդատվության օգնությամբ։

Ինքնիշխանություն։ Այս տարրի պակասն արտացոլվում է մարդկանց գործողություններում, նրանք չեն անում այն, ինչ իրենք են ուզում իրականում։ Նրանք անգամ չեն հասցնում լսել իրենց և ընտրել, թե ինչ կցանկանային ցանկանալ։ Ընդ որում ինքնիշխան և որոշելու հնարավորություն ունենալու ցանկությունը մնում է։ Այդ ժամանակ մարդ փորձում է գոնե ինչ-որ բան կառավարել, օրինակ սեփական քաշը, ինչը ծանր դեպքերում հանգեցնում է անորեքսիայի։

Ինքդ քեզ լսելու, զգալու ընդունակությունը։ Ավելի ճիշտ՝ կապը սեփական «Ես»-ի բոլոր կողմերի հետ՝ ինչպես լավ, այնպես էլ վատ, ինչպես դուրեկան, այնպես էլ տհաճ։ Շատ կարևոր է երեք կերպարի պահպանումը՝ ով եք եղել անցյալում, ով եք հիմա և ով կդառնաք տարիներ անց։ Հաշվի առնել և ներառել բնությամբ տրվածը, նաև այն, ինչ կարողացել եք զարգացնել ձեր մեջ։

Սթրեսից հետո վերականգնվելու ընդունակություն։ Եթե մարդն ուժեղ է, երբ բախվում է սթրեսին, ապա չի կորցնում իրեն և չի հիվանդանում, այլ նոր իրավիճակին հարմարվելու միջոց է գտնում։

Իրատեսական ինքնագնահատական։ Բազմաթիվ մարդիկ շատ խիստ են գնահատում իրենց, քննադատում են, նվաստացնում են, կամ էլ, հակառակը, չափից շատ բարձր են գնահատում իրենց։ Բանն այն է, որ ծնողները գովաբանում են երեխաներին՝ ցանկանալով ունենալ ամենալավը, այդ թվում և լավագույն երեխաներին։ Սակայն անհիմն գովասանքը՝ զրկված սիրուց և ջերմությունից, երեխաների մեջ դատարկության զգացում է առաջացնում։ Նրանք չեն հասկանում, թե ով են իրականում և հաճախ գործում են այնպես, կարծես թե իրենց հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքի իրավունք ունեն, չնայած որ չեն վաստակել այն։

Արժեհամակարգ։ Կարևոր է, որ մարդ հասկանա էթիկական նորմերը, դրանց իմաստը և ճկուն լինի դրանց հետևելու հարցում։

Հույզերը կառավարելու ընդունակություն։ Զգալ, բայց չգործել դրանց ազդեցությամբ։ Կապի մեջ մնալ ինչպես հույզերի, այնպես էլ մտքերի՝ բանական մասի հետ։

Ռեֆլեքսիա։ Ինքդ քեզ կողքից նայելու ընդունակություն։ Մարդիկ, ովքեր կարողանում են ռեֆլեքսիա անել, տեսնում են, թե կոնկրետ ինչն է իրենց խնդիրը և ջանում են լուծել այն՝ առավելագույնս օգնելով իրենք իրենց։

Մենտալիզացիա։ Նրանք, ովքեր ունեն այս ընդունակությունը, հասկանում են, որ ուրիշները անհատներ են՝ իրենց առանձնահատկություններով, անձնային և հոգեբանական ուրույն կառուցվածքով։ Նրանց ավելի հեշտ է տրվում այն գիտակցումը, որ երբեմն այս կամ այն մարդու բառերից, արարքներից առաջացած վիրավորանքը ծնվում է նրանց իսկ անձնական փորձից և անձնային առանձնահատկություններից և ոչ թե որևէ մեկին վիրավորելու ցանկությունից։

Տիրապետում պաշտպանական բազում մեխանիզմների և դրանք կիրառելու ճկունություն։

Հավասարակշռություն ուրիշների և ինքներս մեզ համար արածի միջև։ Կարևոր է լինել այնպիսին, ինչպիսին կանք, հոգալ մեր մասին և միևնույն ժամանակ չմոռանալ հաշվի առնել նաև ուրիշների հետաքրքրությունները։

Սեփական կենդանությունն զգալու կարողություն։ Զգալ, որ կենդանի ես, ապրում ես։ Հոգեվերլուծաբան Դոնալդ Վուդս Վինիկոտը գրել է, որ մարդ կարող է ապրել, գործել, բայց միևնույն ժամանակ կարծես թե մեռած լինել։ Կարողանալ ընդունել այն, ինչը չենք կարող փոխել։

Կարողություն ընդունելու այն, ինչը չենք կարող փոխել։ Կարողանալ սրտանց և անկեղծորեն տխրել, որ հնարավոր չէ փոխել այսինչ բանը։ Ընդունել սեփական հնարավորությունների սահմանափակությունը և տխրել այն բանի համար, որ չունենք մեր ուզածը։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով:

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Ո՞ր մթերքներն են ստիպում ավելի շատ ուտել և գիրանալ

Հաճախ կարող եք լսել, որ երբ խոսքը վերաբերում է նիհարելուն և քաշը պահպանելուն, ամենակարևորը կալորիաների ընդհանուր քանակն է, այլ ոչ թե դրանց աղբյուրը

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

5 միֆ սեռական կյանքի մասին դաշտանադադարի ժամանակ, որոնք վնասակար են ձեր առողջության և հարաբերությունների համար

Դաշտանադադարը դաշտանային ցիկլի բնական դադարեցումն է