Կեսարյան հատումից հետո

24.08.201560582

Կեսարյան հատումների թիվն այսօր աճում է ամբողջ աշխարհում: Երևանում ծննդաբերությունների շուրջ 30%-ը կատարվում է կեսարյան հատման եղանակով: Առհասարակ, եթե չկան հստակ ցուցումներ, ապա վիրահատությունը ցանկալի չէ: Այնուամենայնիվ, եթե կատարվել է կեսարյան հատում, կինը պետք է իմանա ինչ է իրեն սպասվում և ինչ է անհրաժեշտ անել ապաքինման համար:

Պատրաստվեք վեր կենալ և քայլել: Բժիշկները խորհուրդ են տալիս կեսարյան հատումից 24 ժամ անց վեր կենալ անկողնուց և սկսել շարժվել, քանի որ քայլելը նվազեցնում է արյան մակարդուկների առաջացման վտանգը և գործի է դնում մարսողական ֆունկցիան: Անհրաժեշտ է սկսել դանդաղ, կարճ քայլերից։ Հնարավոր է սկզբում թուլություն և գլխապտույտ ունենաք, այնպես որ կարող եք դիմել հարազատների օգնությանը: Նաև թույլատրվում է ցնցուղ ընդունել երկու-երեք օր անց, քանի որ այդպիսով նվազում է վարակների ներթափանցման հավանականությունը: Միայն զգույշ եղեք կտրվածքի հատվածում, որպեսզի վիրակապը չթրջվի և դուրս չգա: Սպիի ապաքինումից հետո (սովորաբար 7-10 օր անց) կարելի է մի փոքր ակտիվ լինել:

Պատրաստ եղեք անսպասելի ցավի: Կանանց մեծամասնությունը գիտակցում է, որ կեսարյան հատումից հետո ցավեր է ունենալու․ չէ՞ որ այն վերջիվերջո վիրահատություն է: Ոչ բոլորը գիտեն, որ հնարավոր է նաև ունենան աղիների սպազմ և փքվածություն, ինչը բնական երևույթ է հետվիրահատական շրջանում։ Ցավը մեղմելուն կօգնի ոչ միայն քայլելը, այլև թեկուզ պառկած դիրքում ոտքերը շարժելը, իսկ աղիներում ավելորդ գազարտադրությունից խուսափելուն կօգնի վիրահատությունից 48 ժամ առաջ կիսահեղուկ սնունդի ընդունումը, օրինակ՝ յոգուրտ, մակարոնային ապուրներ և այլն:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Պետք չէ մեքենա վարել, աստիճանով բարձրանալ, ֆիզիկական ծանր աշխատանք կատարել վիրահատությունից հետո նվազագույնը 2 շաբաթ: Վիրահատության կարերը սովորաբար հեռացվում են 3-7 օրվա ընթացքում, բայց նույնիսկ դրանից հետո պետք է խուսափել ծանր իրեր բարձրացնելուց: Ուշադրություն դարձրեք հետևյալ ախտանշաններին, որոնք գուցե վկայեն վարակի մասին՝ 

  • բարձր ջերմություն,
  • հեշտոցային առատ արտադրություն,
  • կտրվածքի հատվածում ցավ, որը գնալով վատթարանում է,
  • կտրվածքի հատվածից արյունահոսություն կամ այլ հեղուկի արտազատում,
  • կարմրություն կտրվածքի ծայրերում: 

 

Մի հուսահատվեք: Կանայք, ովքեր պլանավորել և նախապատրաստվել են բնական ճանապարհով ծննդաբերության, հնարավոր է կեսարյան հատումից հետո ձախողման կամ հուսահատության որոշակի զգացումներ ունենան: Այդ պարագայում փորձեք կենտրոնանալ երեխայի ծնունդի վրա, իսկ թե ինչ ճանապարհով եք ծննդաբերել, իրականում նշանակություն չունի: