Ի՞նչ է պետք իմանալ կաթի մասին

07.08.201525417

Կաթից պատրաստված մթերքները խիստ օգտակար են հղի կանանց և երեխաների համար, քանի որ պարունակում են կալցիում, ֆոսֆոր, վիտամիններ և սպիտակուց: Շատերը, սակայն, չեն սիրում և նույնիսկ շատերի օրգանիզմը չի ընդունում կաթնամթերք, իսկ ստամոքսի խնդիրների դեպքում այն առհասարակ հակացուցվում է: Այսպիսով, արդյո՞ք կաթնամթերքն օգտակար է հղիության ընթացքում:

Կաթի բաղադրությունը

Կաթը յուրահատուկ մթերք է, որ հաճախ իր բաղադրությամբ համեմատում են արյան հետ. այն բաղկացած է պլազմայից, պարունակում է շաքար և հանքային աղեր, սպիտակուցներ, կաթնային ճարպեր: Կաթն իր բարձր կալորիականության և մեծաքանակ օգտակար նյութեր պարունակելու հաշվին հավասարապես դասվում է մսամթերքների շարքին:

Կաթում պարունկավող սննդանյութերն առավելապես արդյունավետ են ներծծվում օրգանիզմում, եթե այն ընդունում եք թարմ, դեռ տաք տեսքով, իսկ սառը վիճակում այն ավելի երկար է պահպանվում ստամոքսում:

Կաթի սպիտակուցը պարունակում է կասեին՝ մոտ 80%, գլոբուլին՝ 5% և ալբումին: Հենց կասեինն է անջատվում կաթից, երբ այն ենթարկում են ցանկացած տեսակի թթվային մշակման: Այդ փրփուրանման զանգվածից էլ ստանում են կաթնաշոռ և պանիր: Չնայած իր չնչին պարունակությանը, գլոբուլինը մեծ հակաբակտերիալ դեր ունի, որն ակտիվացնում է օրգանիզմի պաշտպանիչ ուժերը և պաշտպանում վարակներից:

Կաթնային շաքարն այնքան էլ քաղցր չէ, ինչպես սովորականը, բայց ունի միևնույն սննդային արժեքը: Այն մասնակցում է աղիներում կաթնաթթվային խմորման գործընթացին և կանխում նեխման գործընթացի զարգացումը: Այն պարունակվում է ֆերմենտներում, որոնք անհրաժեշտ են սրտամկանի, լյարդի և երիկամների գործունեության համար:

Վիտամիններն ամբողջական են թարմ կաթում, սակայն սառելուց կամ նույնիսկ կարճաժամկետ պահպանումից հետո դրանց մեծամասնությունն անհետանում է: Իսկ պաստերիզացումից (ջերմամշակում) հետո կաթում պարունակվող կալցիումը վերածվում է չլուծվող կալցիում-ֆոսֆատի, որը մարդու օրգանիզմը չի մարսում:

Այսպիսով, օգտակար է միայն թարմ, ստուգված կաթը: Մասնագետները նշում են, որ հատկապես լավ է օգտագործել այծի կաթ, որը պարունակում է եռգլիցերիդներ՝ արագամարս ճարպեր: Այծի կաթը լավ է ներծծվում երեխաների օրգանիզմում, ունի պաշտպանական հատկություն: Կաթն օգտակար է հղի կանանց համար այրոցի դեպքում, այն օգնում է արագ քնել, եթե խմեք երեկոյան ժամերին:

Ինչո՞վ է կաթը վտանգավոր հղի կանանց և կերակրող մայրերի համար

Կաթը վնասակար է այն կանանց համար, որոնց օրգանիզմում բացակայում է լակտոզան ներծծող ֆերմենտը, քանի որ՝

  • այն բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը և հակացուցված է ստամոքսաբորբի (գաստրիտի) դեպքում,
  • ստամոքսի թթվային միջավայրի կարգավորման համար օրգանիզմն ստիպված է լինում հանքանյութերը, այդ թվում կալցիումը դուրս հանել օրգանիզմից, այնպես որ այն օգտագործելով՝ հղի կինը կորցնում է անհրաժեշտ հանքանյութը,
  • լակտոզայի դժվարամարսությունն առաջացնում է ավելորդ գազարտադրություն և փորլուծություն,
  • այն հակացուցված է սակավարյունության՝ անեմիայի դեպքում, քանի որ փոխազդում է երկաթի ներծծմանը:

Վերոնշյալ հատկությունները վերաբերում են միայն ստուգված, թարմ, ջերմային վերամշակման չենթարկված բնական կաթին: Պաստերիզացված կաթը պարզապես ծառայում է օրգանիզմին որպես էներգիայի աղբյուր:

Ինչ վերաբերվում է խանութից գնված կաթին, այն թերի է այն բանով, որ ստացված է փոշուց կամ կովերից, որոնց կարող են կերակրել հորմոններ պարունակող հավելումներով: Բացի այդ, ջերմամշակման արդյունքում կաթնային ճարպերը փոփոխվում են և օրգանիզմում վերածվում են անօգտակար խոլեստերինի:

Ամփոփենք

Թարմ կովի կամ այծի եռացրած կաթն արդյունավետ է հղիության ընթացքում տոքսիկոզի և անքնության դեմ պայքարում: Այն հանգստացնող ազդեցություն է ունենում օրգանիզմի համար, սպիտակուցի և էներգիայի աղբյուր է, բարձրացնում է իմունիտետը և հարստացնում օրգանիզմը վիտամիններով:

Բնական կաթը հակացուցված է անեմիայի, բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի, կոլիտի, մարսողական այլ խանգարումների, սպիտակուցի և լակտոզայի ներծծման խանգարումների դեպքում:

Այսպիսով, կաթն իր բաղադրությամբ շատ օգտակար է, սակայն պետք է գնել վստահելի և ստուգված աղբյուրներից, որպեսզի բացառեք վտանգները (օրինակ՝ սալմոնելլիոզ հիվանդությունը): Եթե ապագա մայրիկը շատ է սիրում կաթ, իսկ վերոնշյալ հակացուցումները չկան, ապա կաթը սննդակարգից բացառելու կարիք չկա: