Ի՞նչ համեր է զգում փոքրիկն արգանդում

30.07.201555548

Պտղի համային զգացողություններն սկսում են զարգանալ ներարգանդային վաղ շրջանում: Նա զգում է այն համը, ինչ մայրիկն է զգում: Հետազոտությունները ցույց են տվել, որ հղիության ընթացքում մայրիկի կերած սնունդն օգնում է հասկանալ, թե փոքրիկը տարիներ անց ինչպիսի սննդային նախասիրություններ կունենա:

Հղիության առաջին երկու ամսվա ընթացքում նեյրոններն (ուղեղի բջիջներ) սկսում են ճյուղավորվել դեպի մարմնի տարբեր մասեր, այդ թվում և բերան: Միևնույն ժամանակ համային ընկալիչներ են սկսում զարգանալ այն հատվածում, որտեղ պետք է լինի փոքրիկի լեզուն: Ընկալիչների այս պարկիկներն իվերջո ճանաչելու են 5 տեսակի համ՝ քաղցր, աղի, դառը, կծու և թթու:

Մինչև 8-րդ շաբաթը նեյրոնները հասնում են զարգացող ընկալիչներին, սակայն փոքրիկը դեռ չի զգում պտղաջրի համը: Նա կսկսի զգալ համը, երբ լեզվի մակերևույթին զարգանան համազգաց պտկիկներ, որոնք փոքր անցքեր են և թույլ են տալիս սննդի մոլեկուլներին փոխազդել ընկալիչների հետ:

Համային ընկալիչներն ամբողջությամբ զարգանում են մինչև հղիության 16-րդ շաբաթը: Այս ընթացքում փոքրիկն սկսում է նաև կուլ տալ պտղաջրից: Ամնիոտիկ հեղուկի մոլեկուլները փոխազդում են փոքրիկի լեզվի համային ընկալիչների հետ, և նա առաջին անգամ զգում է դրա համը՝ աղի հեղուկ: Հղիության զարգացմանը զուգահեռ փոքրիկն ավելի շատ է պտղաջուր կուլ տալիս և ավելի շատ համեր է զգում:

Փոքրիկն զգում է նույն համը, ինչ մայրիկը

Թեև մայրիկի և պտղի մարսողական համակարգերն առանձին են, այնուամենայնիվ մայրիկի ընդունած սննդից պտղաջրի մեջ են անցնում ոչ միայն անհրաժեշտ վիտամիններ, հանքանյութեր, ճարպեր և սպիտակուցներ, այլև որոշ մոլեկուլներ, որոնք սննդի յուրօրինակ համն են ապահովում: Համերը, որ զգում է փոքրիկը, այնքան էլ սուր չեն լինում, քանի որ մեր դեպքում համը զուգակցվում է նաև հոտի հետ, և մեզ թվում է, որ համն է ուժեղ: Փոքրիկն էլ, շրջապատված լինելով պտղաջրով, զգում է միայն մայրիկի արյան հոսք անցած մոլեկուլները, որոնց համը թույլ է արտահայտված, չնայած այն օգնում է փոքրիկին տարբերել սննդամթերքները: Եթե ուտեք կծու մթերքներ, ապա հնարավոր է նույնիսկ զգաք փոքրիկի զկռտոցը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ հղիության ընթացքում մայրիկի կերած սննդից է կախված, թե փոքրիկը հետագայում ինչ մթերքներ կսիրի: Օրինակ՝ մի ուսումնասիրություն է կատարվել, որի ընթացքում հղի կանայք վերջին եռամսյակում ընդունել են գազարի հյութ, և նրանց երեխաները հետագայում գազարի հյութ խմելիս մեծամասամբ սիրել են այն:

Մեկ այլ հետազոտություն է կատրավել առնետների հետ, որոնց հղիության ընթացքում կերակրել են մեծ քանակությամբ անառողջ սնունդ՝ հարուստ աղով, շաքարով և ճարպերով, իսկ հետագայում նրանց ձագերը նախընտրել են նույնպիսի սնունդ: Շատ գիտնականներ համոզված են, որ հենց հղիության ընթացքում են որոշվում փոքրիկի սննդային հակումները, ինշպես նաև շաքարային դիաբետի և գիրության նախատրամադրվածությունը: Ահա թե ինչու է այդքան կարևոր, որ ապագա մայրիկներն առողջ սնվեն:

Կարդացեք՝ Հղիության ընթացքում սնվելու ուղեցույց

Ձգտեք ունենալ հավասարակշռված և հարուստ սննդակարգ, իսկ աղի և վերամշակման ենթարկված նախուտեստների փոխարեն ընտրեք թարմ մրգեր և բանջարեղեն: Այն կօգնի ապահովել ոչ միայն հղիության առողջ ընթացք, այլև կնախապատրաստի փոքրիկին հետագայում սիրել բազմատեսակ ուտեստներ: Սուր համով մթերքները՝ սխտորը, կարին և անանուխը, արագ են փոխանցվում ամնիոտիկ հեղուկիմ մեջ, սակայն դրանց սուր համից վախենալ պետք չէ: Օգտագործեք այն մթերքները, որոնց համը ձեզ հաճելի է: