Որո՞նք են ամռանը հղի լինելու դրական կողմերը

27.07.201515857

Տարվա ամենաշոգ եղանակն է, իսկ դուք հղի եք: Օրգանիզմում արյան ծավալի մեծացման պատճառով կինն ավելի շատ է ջերմություն զգում, եղանակն էլ մյուս կողմից: Ամառը, սակայն, ունի իր դրական կողմերը:

Ամառը հիանալի ժամանակահատված է դրսում մարզվելու համար

Ապագա մայրիկի համար լավագույն մարզանքը զբոսանքն է և լողը: Քայլելն ամենալավ տարբերակն է, քանի որ այն հարմար է հղիության ցանկացած ժամկետում և մարզվածության ցանկացած աստիճան ուեցող մայրիկների համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քայլելը բազմաթիվ օգտակար ազդեցություններ է ունենում ինչպես մայրիկի, այնպես էլ փոքրիկի վրա: Այն նպաստում է, որ ավելի շատ թթվածին մատակարարվի մայրիկի մկաններին ու հյուսվածքներին, հետևաբար նաև ընկերքին, որի միջով այն փոխանցվում է երեխային: Թթվածնի միջոցով փոքրիկն ստանում է ավելի շատ սննդանյութ: Մյուս հրաշալի տարբերակը լողն է, որը կօգնի նվազեցնել հղիության առաջացրած անհարմարությունները՝ առատ քրտնարտադրությունը, ճնշումը, հոդերի լարվածությունը և այլն: Ջրային աերոբիկայով զբաղվելը, կարելի է ասել, միակ եղանակն է, երբ կինը չի զգում ավելորդ ծանրություն, իսկ սառը ջուրը թարմացնող հիանալի ազդեցություն է ունենում:


Կարդացեք՝ Սպորտը և հղիությունը

Ամռանը թարմ մրգերն ու բանջարեղենն առատ է

Դրանցում պարունակվող վիտամինները, էներգիայի աղբյուր ածխաջրերն ու բջջանյութը շատ կարևոր են փոքրիկի զարգացման համար: Շոգ եղանակն ստիպում է ուտել սառը մթերքներ, իսկ բանջարեղենով ու մրգերով կարող եք պատրաստել հիանալի աղցաններ:

Ամառվա արևը վիտամին D-ի աղբյուրն է

Կարևոր է ամռանը զգուշանալ արևահարվելուց և օգտագործել արևապաշտպան քսուքներ, սակայն արևի տակ չափավոր մնալու դեպքում օրգանիզմը կստանա իրեն անհրաժեշտ վիտամին D-ի անհրաժեշտ քանակը։ Այդ վիտամինի անբավարարությունը հղիության ընթացքում հաճախ հանդիպող դեպք է, և այն կապում են գեստացիոն շաքարային դիաբետի, պրեէկլամպսիայի և բակտերիալ վագինոզի հետ: Դժվար է միայն սննդի միջոցով ստանալ վիտամին D-ի բավարար քանակություն, հետևաբար անհրաժեշտ է օգտագործել այնպիսի հավելումներ, որոնք պարունակում են այդ վիտամինը: Հղիների համար նախատեսված վիտամինները ճիշտ ընտրելու հարցում կօգնի ձեր բժիշկը:

Ամռան ամիսներին շնչառական սինցիտիալ վիրուսի (RSV) ձեռք բերման վտանգը նվազում է

Այն վարակիչ վիրուս է, որ առաջացնում է շնչառական ուղիների բորբոքում: Վտանգավոր է անհաս կամ սրտի, թոքերի խնդիրներ ունեցող երեխաների համար, հատկապես՝ կյանքի առաջին 6 ամիսներին: Տաք ամիսներին ծնված երեխաների դեպքում այն ավելի հազվադեպ է հանդիպում:


Ամռանն ավելի հեշտ է խուսափել ջրազրկումից

Բոլորը գիտեն, որ կարևոր է օրգանիզմում պահպանել ջրի բավարար քանակությունը, իսկ ամռան ամիսներին այդ դժվար չէ: Կարելի է ջրին զուգահեռ խմել բնական կոկտեյլներ, որոնք նաև կզովացնեն:

Կարդացեք՝ Ինչպես դիմակայել ամռան շոգին հղիության ընթացքում