Բեղմնականխման ավանդական անմիտ միջոցներ

03.06.201525649

Ինչպե՞ս պաշտպանվել անցանկալի հղիությունից: Յուրաքանչյուր կին իր կյանքի այս կամ այն փուլում մտածում է այս հարցի մասին և չնայած որ ժամանակակից հակաբեղմնավորիչները թույլ են տալիս հղիության հավանականությունը հասցնել նվազագույնի, միևնույնն է, շատ կանայք են դիմում իրենց մայրերի, ընկերուհիների խորհուրդներին, կիրառում տատիկների մեթոդները, որոնք երբևէ օգնել են որևէ մեկին: Ի վերջո, որքանո՞վ են արդյունավետ այդ մեթոդները: Փորձենք միասին հասկանալ, թե որն է իրականություն, որը՝ միֆ:

Երկու խոսք հակաբեղմնավորիչների պատմության մասին

Անցանկալի հղիության կանխման տարատեսակ մեթոդներ հայտնի են մարդկանց մեկ հազարամյակից ավել: Դեռ նախնադարյան ցեղերում գոյություն ունեին ծնունդների վերահսկման որոշակի միջոցներ: Որոշ ցեղեր համարում էին, որ հղիությունը կանխել կարելի է գորտի բերանի մեջ թքելով, որոշներն էլ կարծում էին, որ անհրաժեշտ է մեծ քանակությամբ մեղու ուտել: Հին աֆրիկացիները լայնորեն կիրառում էին սեռական ակտի դադարեցումը որպես հղիությունից խուսափելու մեթոդ, հնդկացիների կանայք ներլվացում էին կատարում լիմոնի և կարմիր ծառի կեղևի թուրմերով, իսկ հին եգիպտացի կանայք հեշտոցի թթվային միջավայրի բարձրացման նպատակով կիրառում էին մեղրի և ակացիայի թուրմի կամ փղի, կոկորդիլոսի կղանքի մեջ թրջած տամպոններ:

Ավելի ուշ հին հույն բուժակները խորհուրդ էին տալիս կանանց օգտագործել թմրադեղային նյութերով, ուռենու տերևների կամ խեժի, մայրու, շիբի և խնձորի խառնուրդներով թաթախված տամպոններ, իսկ տղամարդկանց առաջարկում էին մերձեցումից առաջ յուղի և սոխի խառնուրդ քսել առնանդամի վրա: Չինաստանում բեղմնականխիչ նպատակներով կիրառում էին սնդիկ, իսկ Ճապոնիայում՝ յուղի մեջ թրջած բամբուկի տերև կամ բարակ կաշվից կտոր, որը կանխում էր սերմնաբջիջների ներթափանցումն արգանդ (կանացի պահպանակի նման):

Եվրոպական երկրներում կիրառում էին քացախաթթվի տամպոններ կամ կիտրոնի կեղև էին տեղադրում հեշտոցում: Բացի այդ, շատ երկրներում կիրառվում էին նաև բուժիչ խոտաբույսերի թուրմեր, հյութեր կամ փոշիներ, օրինակ՝ չհասած անանասի, գիհու, իշկաթնուկի, ճնճղապաշարի, կռատուկի, սուսամբարի և ոլոռի: Ավելի ուշ արդեն սկսեցին կիրառել տղամարդու պահպանակներ, որոնք պատրաստում էին կենդանիների կաշվից, իսկ կանայք օգտագործում էին արգանդի պարանոցի համար նախատեսված թիթեղյա, թանկարժեք մետաղներից, ծառից կամ փղոսկրից պատրաստված հատուկ պաշտպանիչ միջոցներ:

Ժամանակակից ավանդական բեղմնականխիչ անմիտ մեթոդների թոփ հնգյակ

Ավանդական բեղմնականխիչ միջոցներից որո՞նք են ներկայում համարվում առավել գործող: Հնգյակում առաջատար է սեռական ակտի դադարեցումը, այսինքն՝ մինչև սերմնաժայթքումը հեշտոցից առնանդամը դուրս հանելը: Ոչ բոլորը գիտեն, որ սեռական ակտի սկզբում արտադրվում են փոքր քանակությամբ սերմնաբջիջներ: Այդ պատճառով, ըստ վիճակագրության, յուրաքանչյուր երրորդ դադարեցված ակտ հանգեցնում է անցանկալի հղիության: Բացի այդ, այս մեթոդը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել տղամարդու պոնտենցիայի նվազման:

Մյուս մեթոդը սեռական ակտից հետո կնոջ հեշտոցի ներլվացումն է: Դրա համար կիրառում են բազմատեսակ միջոցներ՝ կալիումի պերմանգանատի լուծույթ (մարգանցովկա), ասպիրին, քացաղաթթու կամ կիտրոնաթթու: «Մասնագետների» կարծիքով այս մեթոդը փոփոխում է հեշտոցի թթվահիմնային միջավայրը և դրանով նպաստում սերմնաբջիջների շարժունակության նվազման և մահվան: Ինչ-որ առումով այս մեթոդն ունի իր ճշմարտությունը, սակայն պետք է հաշվի առնել, որ սերմնաբջիջները սեռական ուղիներից ամբողջությամբ լվանալն անհնարին է, իսկ ահա արգանդի պարանոցի էրոզիա, դիսբիոզ (դիսբակտերիոզ) ձեռքբերելը կամ հեշտոցի լորձաթաղանթի այրոց ստանալը՝ շատ հեշտ:

Պատվավոր երրորդ հորիզոնականում այս կամ այն թուրմի, խմիչքի կամ սննդի ընդունումն է: Երիտասարդների շրջանում ընդունված է մի կարծիք, որ երեք կաթիլ յոդի ավելացմամբ մեկ բաժակ ջուր խմելը սեռական ակտից անմիջապես հետո առաջացնում է վիժում: Ավելի «փորձառուները» ասում են, որ հղիությունը կարելի է կանխել սնձի սերմերի կամ ծաղիկների թուրմը, կարմիր նռան կեղևը, դափնու տերևների թուրմը, հում բազուկի հյութը կամ ասկորբինաթթուն միաժամանակ օգտագործելով: Բացի այդ, պարզվում է, որ բեղմնավորման հավանականությունը կարելի է նվազեցնել մեծ քանակությամբ ոլոռ ընդունելով: Ինչպես հասկանում եք, այս մեթոդների արդյունավետությունը հատուկ մեկնաբանությունների կարիք չունի:

Հաջորդ հորիզոնականում է կանգնած դիրքում սեռական հարաբերություն ունենալու կամ սեռական ակտից հետո վազելու մեթոդը: Այն համոզմունքը, որ սերմնաբջիջներին այս կերպ կարելի է դուրս հանել հեշտոցից, 100% սխալ է. սերմնաբջիջների շարժման միջին արագությունը րոպեում 3 մմ է, այդ պատճառով սերմնաբջիջների մեծ մասն արգանդ է հասնում ավելի շուտ, քան կհասցնեք անկողնուց վեր կենալ:

Եվ վերջապես, վերջին հորիզոնականում է օրգանիզմը ջերմային ազդեցության ենթարկելու մեթոդը: Համարվում էր, որ կինը կարող է կանխել հղիությունը, եթե սեռական ակտից հետո ոտքերը մի լավ տաքացնի մանանեխի շոգեբաղնիքում, իսկ սերմնաբջիջների բեղմնավորման ֆունկցիան էապես կարող է նվազել մոտ կես տարով, եթե տղամարդն ամեն օր տաք լոգանք ընդունի 21 օր շարունակ և նվազագույնը 45 րոպեյով:

Թվարկված միջոցներով պաշտպանվելու արդյունավետությունը հավասարազոր է զրոյի: Դրանք կարող են պաշտպանել մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունների սրացումից, բայց ոչ հղիությունից:

Ինչպե՞ս վարվել

Ցանկանու՞մ եք առավելագույնս նվազեցնել հղիանալու հավանականությունը և այդուհանդերձ պահպանել ձեր առողջությունը: Մոռացեք բեղմնականխման ավանդական միջոցները, մի՛ հավատացեք ուրիշների փորձին, դիմեք բժշկի. միայն գինեկոլոգը կարող է ընտրել ձեզ համար հուսալի և անվտանգ բեղմնականխման ժամանակակից միջոց: Բացի այդ, պետք չէ վստահել նաև կրծքով կերակրման մեթոդին (լակտացիոն ամենորեայի մեթոդ), քանի որ կրկին հղիանալու հավանականությունը մեծ է։

Կարդացեք՝ Բեղմնականխման միջոցները