Հակաբեղմնավորման մեթոդներ տղամարդկանց համար

27.07.2016 15121
Ընտանիքի պլանավորման, սեքսուալ և վերարտադրողական առողջության պահպանման հարցում տղամարդու դերը խիստ կարևոր է։ Այդուհանդերձ, բեղմնականխման արդյունավետ բազմաթիվ միջոցներ, որոնք մշակվել են վերջին 25 տարվա ընթացքում, նախատեսված են եղել միայն կանանց համար։ Տղամարդու բեղմնականխումը հատուկ նշանակություն ունի այն դեպքերում, երբ կինը չի կարող կամ պատրաստ չէ բեղմնականխիչ օգտագործել ստեղծված իրավիճակում կամ առողջական վիճակի պատճառով։

Ներկայում առանձնացվում է տղամարդու բեղմնականխման երեք խումբ՝
  • սերմնաբջիջների հասունացմանը խոչընդոտող, 
  • սպերմատոգենեզը ճնշող,
  • սերմնաբջիջների՝ կնոջ սեռական ուղիներ ներթափանցելը խոչընդոտող։

Տեսակները

Առավել տարածված են հետևյալ մեթոդները՝
  • վարքային՝ ժուժկալություն, սեռական ակտի ընդհատում, 
  • մեխանիկական՝ պահպանակ, 
  • վիրաբուժական՝ ամլացում (վազէկտոմիա):

Տղամարդկանց համար նախատեսված բեղմնականխիչները պետք է՝
  • լինեն նույնքան արդյունավետ, որքան կանանց համար նախատեսված միջոցները, 
  • կիրառելի լինեն զուգընկերներից յուրաքանչյուրի համար, արագ գործեն, 
  • չունենան կողմնակի հետևանքներ (չազդեն տղամարդու կերպարի և սեռական կարողության վրա), 
  • չազդեն սերնդի վրա, 
  • չառաջացնեն պտղաբերության անդառնալի խանգարումներ, 
  • լինեն հասանելի և էժան։

Բեղմնականխման վիրաբուժական մեթոդներ

Վազէկտոմիա։ Տղամարդու վիրաբուժական ինքնակամ ամլացման դեպքում սերմնածորանները հատվում ու կապվում (փակվում) են այնպես, որ սերմնահեղուկը չկարողա անցնել սերմնատար ծորաններ։ Վազէկտոմիան բեղմնականխման պարզ և հուսալի մեթոդ է։

Հակացուցումներն են՝
  • սեռավարակներ, 
  • աճուկի ճողվածք, 
  • ծանր շաքարային դիաբետ։

Վազէկտոմիան կատարում է ուրոլոգը։ Վիրահատությունը տևում է մոտավորապես 20 ր և պահանջում է միայն տեղային անզգայացում։

Խորհուրդներ հետվիրահատական շրջանում
  • Սառը թրջոց օգտագործել վիրահատված հատվածում, որպեսզի այտուցվածություն, ցավ և արնահոսություն չառաջանա։ 
  • Երկու շաբաթ զերծ մնալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից (հատկապես՝ առաջին երկու օրը)։ 
  • Առաջին երկու օրը լոգանք չընդունել։ 
  • Երկու-երեք օր սեռական հանգիստ ապահովել։ 
  • Սեռական առաջին 20 ակտի ընթացքում պահպանակ օգտագործել (հնարավոր է, որ սերմնաբջիջները պահպանված լինեն ծորաններում՝ կապված տեղից ներքև, և միայն քսան սերմնաժայթքումից հետո է լիարժեք ստերիլություն ապահովվում)։

Ինչ պետք է իմանա տղամարդը վազէկտոմիայի դիմելուց առաջ
  • Բեղմնականխման այդ մեթոդը չի պաշտպանում սեռավարակներից և ՁԻԱՀ-ից, ուստի պետք է պահպանակ օգտագործել։ 
  • Այդ մեթոդը ոչ մի կերպ չի ազդում սեռական կարողության վրա։ 
  • Հետագայում գուցե հնարավոր չլինի վերականգնել պտղաբերությունը։ 
  • Պտղաբերության վերականգնման վիրաբուժական մեթոդը (և՛ տղամարդկանց, և՛ կանանց) ամենաթանկ վիրահատություններից մեկն է։

Բեղմնականխման ֆիզիկական մեթոդներ

Սպերմատոգենեզը հնարավոր է արգելափակել ուլտրաձայնի միջոցով, սակայն կատարված փոփոխություններն անդառնալի են, ուստի չի կարելի ուլտրաձայնն օգտագործել բեղմնականխման նպատակով։ Սերմնաբջիջների ստեղծման և հասունացման վրա բացասաբար է ազդում նաև ջերմությունը։ Ամորձիների տաքացումը հանգեցնում է սերմնաբջիջների քանակի և աշխատանքի նվազման։

Տղամարդու հորմոնային բեղմնականխում

Տղամարդու հորմոնային բեղմնականխումը հանգում է հետևյալ սկզբունքներին՝
  • լյուտեինիզացնող և ֆոլիկուլախթանիչ հորմոնի ճնշում, 
  • տեստոստերոնի ներմուծում անդրոգենային ազդեցությունների պահպանման համար,
  • ամորձիների ներսի տեստոստերոնի վերացում։

Տեստոստերոնը ճնշում է լյուտեինիզացնող և ֆոլիկուլախթանիչ հորմոնների արտազատումը, ինչի պատճառով Լեյդիգի բջիջները, որոնք մոտ են սերմնածորաններին, դադարում են տեստոստերոն արտադրել, և սպերմատոգենեզի համար անհրաժեշտ անդրոգենների մակարդակը շեշտակի անկում է ապրում։

Հակացուցումներն են՝
  • շաքարային դիաբետի ծանր ընթացք,
  • հորմոնակախյալ ուռուցք առկայություն, 
  • լյարդի և երիկամների ծանր հիվանդություններ, 
  • հեմոստազի համակարգի փոփոխություններ, 
  • զուգընկերներից մեկի անպտղություն, 
  • հոգեկան հիվանդություններ, 
  • շագանակագեղձի հիվանդություններ (բարորակ հիպերպլազիա, քաղցկեղ), 
  • օլիգոզոոսպերմիա։

Իմունաբանական բեղմնականխում

Իմունաբանական մոտեցումը ենթադրում է օրգանիզմի էնդոգեն ընդունակությունների կենտրոնացում կրիտիկական փուլերում վերարտադրողական պրոցեսը կանգնեցնելու համար։ Հետազոտություններն ուղղված են հակաֆերտիլային պատվաստանյութի ստեծմանը, որն արդյունավետ կլինի, անդառնալի ազդեցություն չի ունենա և կողմնակի երևույթներ չի առաջացնի կարճատև և երկարատև օգտագործման դեպքում։

Ամփոփելով կարող ենք ասել, որ տղամարդկանց համար նախատեսված բեղմնական փորձարարական մեթոդների շարքում արդյունավետության տեսանկյունից ամենահեռանկարայինը և կիրառելին հենց հորմոնային բեղմնականխիչներն են։


Աղբյուրը՝ "Гинекология" национальное руководство, Под ред. В.И. Кулакова (и др.), 2009 г․
Թարգմանությունը՝ www.sotskiy.am