Հեշտոցի արտադրությունը փոքրիկ աղջիկների դեպքում

Կա մի այնպիսի համոզմունք, որ կանանց բազմաթիվ հիվանդություններ ունենում են միայն սեռական կյանք վարող կանայք: Դա է պատճառը, որ փոքրիկ աղջնակների դեպքում արտադրություն հայտնաբերելը հաճախ վախեցնում է մայրիկներին, որոնք ընդունում են այն որպես երեխայի առողջությանը վտանգ սպառնացող երևույթ:
Պարզենք, թե որ դեպքում է արտադրությունը համարվում բնականոն և որ դեպքում է այն վտանգավոր ու պահանջում մանկական գինեկոլոգի այց: Հեշտոցի արտադրությունը բնորոշ է իգական սեռի ներկայացուցիչներին բոլոր տարիքներում (նույնիսկ նորածիններին): Այս արտադրությունը կնոջ վերարտադրողական համակարգի օրգանների գործունեության և ինքնամաքրման արդյունք է:
Սովորաբար հեշտոցային սեկրետը (արտադրությունը) բաղկացած է լինում՝
- նորացվող բջիջներից, որոնք պատում են ներքին սեռական օրգանների մակերեսը,
- լորձից, որն արտադրվում է արգանդի խոռոչի և պարանոցի գեղձերի կողմից,
- միկրոօրգանիզմներից,
- արյան բջիջներից և այլ բաղադրիչներից:
Փոքր աղջիկների հեշտոցային արտադրությունը լինում է ֆիզիոլոգիական և պաթոլոգիական ծագման:
Բնականոն համարվող արտադրություն, որից պետք չէ վախենալ
Այսպիսին է համարվում բաց գույն ունեցող, լորձանման արտադրությունը, որը կարող է պարունակել ձգվող թելանման կամ փշուրանման խառնուրդներ: Երիտասարդ մայրիկները կարող են չանհանգստանալ, եթե հայտնաբերեն այս բնույթի արտադրություն։ Առատ լորձանման արտադրություն հաճախ է հանդիպում նորածինների կյանքի երկրորդ շաբաթում: Հազվադեպ հնարավոր է, որ արտադրության մեջ երևան արյան հետքեր, և հնարավոր է այն ուղեկցվի նաև կաթնագեղձերից պղտոր, խիտ հեղուկի արտադրությամբ: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ նման երևույթը բացառապես անվտանգ է և կոչվում է նորածինների սեռական կամ հորմոնային կրիզ: Այն բնականոն երևույթ է և ունի իր բացատրությունը: Այդ միջոցով է երեխայի օրգանիզմը պատասխանում մայրիկի սեռական հորմոնների մակարդակի բարձրացմանը, որոնք հայտնվում են իր օրգանիզմում ընկերքի կամ կաթի միջոցով: Այս վիճակը բուժում չի պահանջում: Պարզապես անհրաժեշտ է ավելի ուշադիր հետևել երեխայի հիգիենային:
Երեխայի սեռական զարգացման 3-4-րդ շաբաթներից հետո գալիս է հորմոնային հանգստի շրջանը: Մինչև երեխայի 7-8 տարեկանը, երբ սկսվում է նախասեռական հասունացման շրջանը, լորձանման արտադրությունը գրեթե ամբողջությամբ վերանում է: Սեռական զարգացման այս շրջանը բնորոշվում է օրգանիզմի հորմոնային ֆոնի վերակառուցմամբ: Առաջին դաշտանի սկսվելուց մոտ մեկ տարի առաջ հորմոնային փոփոխությունների ազդեցության ֆոնին կարող է կրկին նկատվել հեշտոցային՝ ֆիզիոլոգիական արտադրություն: Իննից տաս տարեկանում կամ ոմանց դեպքում 15 տարեկանում արտադրությունը դառնում է ցիկլային, առատ և այդպես կարգավորվում է մենստրուալ ցիկլը:
Պաթոլոգիական արտադրություն, պատճառները և նշանները
Նորածինների դեպքում պաթոլոգիական արտադրությունը բնորոշվում է առատությամբ, արյան կամ թարախի առկայությամբ, ինչպես նաև սուր, տհաճ հոտով: Սովորաբար թարախային արտադրությունը հեշտոցի լորձաթաղանթը կամ արտաքին սեռական օրգանները ախտահարող բորբոքային պրոցեսի հետևանք է լինում: Դրա պատճառը երեխայի հեշտոցի և վուլվայի (արտաքին սեռական օրգաններ) ֆիզիոլոգիական առանձնահատկություններն են: Բանն այն է, որ փոքր աղջնակների հեշտոցը պատող լորձաթաղանթը փխրուն և նուրբ կառուցվածք ունի: Բացի այդ, երեխաների հեշտոցում չկան համապատասխան պայմաններ, որ այնտեղ գոյատևեն կաթնաթթվային ցուպիկները: Իսկ դրանք հասուն կնոջ դեպքում ապահովում են թթվային միջավայր, որը կանխում է ախտածին բակտերիաների ու սնկերի զարգացումը: Այնպես որ՝ մանկան հեշտոցի միջավայրը հիմնային է և այնտեղ մշտապես առկա են պայմանականորեն ախտածին միկրոօրգանիզմներ: Ցածր իմունիտետի, հիգիենայի կանոնների խախտման, ալերգիկ հիվանդությունների դեպքում այդ բակտերիաներն սկսում են ակտիվորեն բազմանալ, ինչն էլ հանգեցնում է արտադրության:
Բորբոքային պրոցեսի սկիզբը բնութագրվում է ոչ միայն ախտածին դեղին կամ կանաչավուն արտադրության ի հայտ գալով, այլև այնպիսի նշաններով, ինչպիսիք են՝
- արտաքին սեռական օրգանների և հարակից շրջանի մաշկի կարմրություն՝ հիպերեմիա,
- այտուցվածություն,
- թույլ կամ ուժեղ այրոց և քոր, որոնք կտրուկ սրանում են միզարձակման ժամանակ:
Դեղնականաչավուն արտադրությունը վկայում է բակտերիալ վուլվովագինիտի (շեքի և հեշտոցի լորձաթաղանթի բորբոքում) առկայության մասին: Հեշտոցի միկրոֆլորայի հավասարակշռության խախտման դեպքում առաջացող արտադրությունն ունենում է մոխրագույն կամ կաթնային կրեմանման սպիտակ տեսք և ուղեկցվում է տհաճ հոտով: Եթե աղջնակի օրգանիզմում առկա լինի տրիխոմոնադային վարակ (ծննդաբերական ուղիների անցման ժամանակ), կառաջանա փրփուրանման արտադրություն: Ալերգիկ վուլվովագինիտի դեպքում արտադրությունը կլինի ջրիկ, իսկ լորձաթաղանթը՝ շատ բարակ ու չոր:
Ո՞ր դեպքերում է պահանջվում բուժում
Բուժումը նշանակվում է բացառապես բժշկի կողմից: Երեխայի տարիքից և նրա քրոնիկական հիվանդությունների առկայությունից կախված մշակվում է անհատական ծրագիր: Նախ և առաջ բժիշկը պարզում է, թե ինչն է վուլվովագինիտի հարուցիչը, որքանով է այն զգայուն հակաբիոտիկների նկատմամբ: Այնուհետև նշանակում է դեղորայքային բուժում՝ հակասնկային, հակաբիոտիկ դեղամիջոցներով և այլն: Սուր ընթացքի և առատ արտադրության դեպքում երեխային անհրաժեշտ է խիստ անկողնային ռեժիմ:
Եթե պարզվում է, որ հիվանդության առաջացմանը նպաստել է ճիճվային վարակը, ապա անհրաժեշտ է բուժում իրականացնել նաև փոքրիկի ծնողների համար: Ընդ որում՝ խորհուրդ է տրվում դեղորայքային բուժմանը զուգահեռ երեխային խոտաբուսային կամ հակասեպտիկ թուրմերով լվացումներ կատարել:
Կարելի է կիրառել հետևյալ կանխարգելիչ միջոցները՝
- վարել ճիշտ, առողջ ապրելակերպ,
- զգույշ լինել տարբեր վարակներ կրող մարդկանց հետ շփվելիս,
- պահպանել հիգիենայի կանոնները,
- հնարավորինս շուտ բուժել ցանկացած վարակային հիվանդություն:
Այսպիսով՝ եթե նկատել եք պաթոլոգիական արտադրություն, ապա երեխային հնարավորինս շուտ տարեք բժշկի, որպեսզի խուսափեք բարդացումներից և կրճատեք բուժման ժամանակահատվածը: Հիշեք, որ հիվանդությունն ավելի հեշտ է բուժել վաղ շրջանում:
Աղբյուրը՝ mama.ru
Թարգմանությունը և ադապտացիան՝ sotskiy.am