Հոդվածի աղբյուրը՝ tiensmed.ru Թարգմանությունը՝ sotskiy.am

Ի՞նչ է գեստոզը՝ պրեէկլամպսիան

20.04.201511682

Գեստոզը հղիության ընթացքում զարգացող հիվանդություն է՝ կապված օրգան- համակարգերի ֆունկցիոնալ խանգարումների հետ: Գեստոզը համարվում է զարգացող հղիության հանդեպ մոր օրգանիզմի հարմարվողականության (ադապտացիայի) գործընթացի խանգարման արդյունք: Այն առաջանում է բացառապես հղիության ընթացքում և անհետանում է ծննդաբերությունից կամ հղիության ընդհատումից հետո: Հազվադեպ են լինում դեպքեր, երբ գեստոզն առաջացնում է հղիության ավարտից հետո։ Բավականին հաճախ հանդիպող երևույթ է, այն զարգանում է ապագա մայրիկների 25-30 %-ի դեպքում: 

Գեստոզը հանգեցնում է կենսական կարևոր նշանակության օրգանների ֆունկցիայի խանգարման՝ հատկապես սրտանոթային համակարգի և արյան հոսքի հետ կապված: Եթե այն զարգանում է գրեթե առողջ կնոջ դեպքում այլ հիվանդությունների բացակայության ֆոնին, ապա ընդունված է այն անվանել մաքուր գեստոզ, իսկ եթե այն զարգանում է քրոնիկական հիվանդությունների ֆոնին (երիկամների, լյարդի, հիպերտոնիկ հիվանդությունների, ճարպային փոխանակության խանգարումների կամ էնդոկրին համակարգի պաթոլոգիաների), ապա այն անվանում են համակացված գեստոզ:

Այս հիվանդությունը կարող է զարգանալ հղիության ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ կեսին, բայց առավել հաճախ ի հայտ է գալիս 2-րդ եռամսյակի ընթացքում՝ հղիության 28-րդ շաբաթից սկսած:

Գեստոզի առաջացման պատճառները

Գեստոզի առաջացման պատճառներն ամբողջությամբ ուսումնասիրված և բացահայտված չեն: Գիտնականներն առաջարկում են գեստոզի առաջացման պատճառների և զարգացման մեխանիզմների ավելի քան երեսուն տեսություն:

Գեստոզի զարգացմանը նպաստող գործոններ կարող են լինել՝ նեյրոէնդոկրին կարգավորման հարմարվողականության ռեակցիաների անբավարարությունը, սրտանոթային համակարգի պաթոլոգիաները, էնդոկրին համակարգի հիվանդությունները, երիկամների, լյարդի և լեղամուղ ուղիների հիվանդությունները, գիրությունը, հաճախակի սթրեսային վիճակները, ինքնաթունավորումները (ալկոհոլ, թմրադեղերի ընդունում, ծխախոտ), իմունոլոգիական և ալերգիկ ռեակցիաները:

Վտանգի խմբում են՝

  • ընկճվածությամբ և քրոնիկական սթրեսով տառապող կանայք (դա մատնանշում է նյարդային համակարգի հարմարվողական կարողության նվազումը),
  • 18 տարեկանից ցածր և 35-ից բարձր տարիքի հղի կանայք,
  • կանայք, ովքեր նախորդ հղիության ընթացքում ունեցել են գեստոզ,
  • գեստոզի հանդեպ ժառանգական նախատրամադրվածություն ունեցող կանայք,
  • կանայք, ովքեր ծննդաբերել են կարճ ժամանակային ինտերվալներով կամ հաճախ են կատարել աբորտ,
  • կանայք, ում հղիությունն ընթանում է քրոնիկական վարակներով կամ ինքնաթունավորումներով,
  • սոցիալապես անապահով կանայք (անբավարար սնունդ, վատ էկոլոգիական պայմաններ),
  • սեռական (գենիտալ) ինֆանտիլիզմով կանայք (սեռական զարգացման կանգ կամ սեռական օրգանների և դրանց ֆունկցիայի թերի զարգացում),
  • առաջին հղիությամբ կանայք,
  • բազմապտուղ հղիությամբ կանայք,
  • վնասակար սովորություններ ունեցող կանայք:

Համառոտ ներկայացնենք գեստոզի զարգացումը բացատրող առավել արդիական տեսությունները:

  1. Կորտիկավիսցերալային տեսությունը գեստոզի զարգացումը բացատրում է գլխուղեղի կեղևի և ենթակեղևի միջև նյարդային կարգավորման խանգարումներով, որն առաջացնում է զարգացող հղիության հանդեպ մոր օրգանիզմի հարմարվողականության խանգարումներ: Այս ամենի հետևանքով տեղի է ունենում արյան շրջանառության համակարգի խանգարում: 
  2. Էնդոկրին (հորմոնային) տեսությունը գեստոզի առաջնային պատճառ է համարում էնդոկրին համակարգի ֆունկցիայի խանգարումները: Բայց որոշ գիտնականներ կարծում են, որ հաճախ այդ խանգարումներն առաջանում են հենց գեստոզի ժամանակ, այսինքն՝ երկրորդային են: Ըստ այս տեսության՝ որոշ հետազոտողներ գեստոզի պատճառ են համարում մակերիկամների կեղևի ֆունկցիայի խանգարումները, ոմանք համարում են ձվարանների կողմից էստրոգեն հորմոնների արտադրման խանգարումները, իսկ որոշներն էլ պատճառը տեսնում են ընկերքի ոչ բավարար հորմոնային ակտիվության մեջ: 
  3. Ընկերքային տեսության կողմնակիցները մատնանշում են ընկերքի և արգանդի անոթների փոփոխությունները, դրանց հակվածությունն սպազմերի ու հետևաբար՝ արյան հոսքի խանգարմանը, ինչը հանգեցնում է թթվածնաքաղցի (հիպոքսիա): Ընկերքը ձևավորվում է պտղի հետ միաժամանակ: Մինչև հղիության 16-րդ շաբաթը այն բավականաչափ զարգացած չէ և չի պաշտպանում կնոջը պտղի նյութափոխանակության արգասիքներից, որոնք անցնում են արյան հոսք և կնոջ օրգանիզմում առաջացնում են ինքնաթունավորում: Վերջինս կարող է արտահայտվել հոտերի հանդեպ զգայունության, սրտխառնոցի, փսխումների տեսքով: Հղիության 16-րդ շաբաթից հետո, երբ ընկերքը բավականաչափ զարգացած է, այս երևույթներն անհետանում են: 
  4. Իմունաժառանգական տեսությունը կարծես ամենահավանականն է: Այս տեսության համաձայն՝ գեստոզն առաջանում է պտղի հակագեների (խորթ սպիտակուցներ) հանդեպ մայրական օրգանիզմի ոչ համապատասխան իմունային պատասխանի հետևանքով (մոր օրգանիզմը փորձում է կարծես հետ մղել պտղին): Մեկ այլ տեսություն նշում է, որ տեղի է ունենում հակառակը՝ մոր օրգանիզմում չեն արտադրվում բավարար քանակությամբ հակամարմիններ՝ ի պատասխան արյան հոսքում մշտապես հայտնվող ընկերքային հակածինների: Արդյունքում այդ թերի համալիրները շրջանառվում են արյան մեջ և առաջացնում դրա խանգարումներ հատկապես երիկամային արյան շրջանառությունում: 
  5. Գեստոզի հանդեպ ժառանգական նախատրամադրվածությունը բացատրվում է այն բանով, որ դրա զարգացման վտանգն ավելի մեծ է այն կանանց դեպքում, ովքեր ընտանիքում ունեցել են այս հիվանդությունը (մայրը, տատիկը): 8 անգամ ավելի մեծ է գեստոզի զարգացման վտանգը, եթե կնոջ մայրն ունեցել է պրէկլամպսիա: Հետազոտությունները ցույց են տվել, որ դուստրերի օրգանիզմում էկլամպսիա զարգանում է 48.9% դեպքերում (ավելի հաճախ ավագ դստեր դեպքում, քան կրտսերի), քույրերն այն ունենում են 58% դեպքերում: Գինեկոլոգները պնդում են, որ նույնիսկ վաղ գեստոզ կամ տոքսիկոզ ունենում են այն կանայք, ում մայրերն ունեցել են այն:

Գիտնականների մեծամասնությունը հակված է կարծելու, որ գեստոզի առաջացման հարցում նշանակություն ունի այս պատճառներից մի քանիսի համադրումը:

Հղիության առաջին եռամսյակում պտղի նյութափոխանակության արգասիքները չեն վնասազերծվում ընկերքի կողմից (այն ձևավորվում է հղիության 9-16-րդ շաբաթներից) և հայտնվելով մոր արյան հոսքում՝ առաջացնում են սրտխառնոց և փսխում: Կնոջ օրգանիզմում կատարվող փոփոխությունների (այդ թվում և հորմոնային) հետևանքով մեծանում է անոթների պատի թափանցելիությունը, և դրա արդյունքում արյան հեղուկային մասն արտահոսում է և կուտակվում հյուսվածքներում՝ առաջացնելով այտուցներ: Այտուցվում է նաև արգանդը, ընկերքը, ինչի արդյունքում վատանում է արյան շրջանառությունը և պտղին թթվածնի մատակարարումը: Արյան խտացման պատճառով մեծանում է թրոմբների առաջացման վտանգը: Օրգանիզմը փորձում է այդ խտացած արյունը հոսեցնել անոթներով՝ բարձրացնելով զարկերակային ճնշումը, ինչը գեստոզի արտահայտման մեկ այլ ձև է: Երիկամներում անոթների բարձր թափանցելիությունը հանգեցնում է մեզում սպիտակուցի հայտնվելուն և դրա միջոցով օրգանիզմից դուրս բերվելուն: Այս երևույթը՝ պրոտեինուրիան, նույնպես համարվում է գեստոզի ախտանշան:

Կարդացեք՝ Գեստոզի ախտանշանները և զարգացման փուլերը

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գեստոզը

Գեստոզի զարգացումը բացասական ազդեցություն է թողնում ինչպես մոր, այնպես էլ պտղի առողջության վրա և կարող է լուրջ հետևանքների պատճառ դառնալ: Կնոջ դեպքում կարող է ի հայտ գալ երիկամների, թոքերի, նյարդային համակարգի, լյարդի աշխատանքի խանգարումներ, տեսողության վատացում: Անոթների սպազմը և միկրոշրջանառության խանգարումները, ինչպես նաև թրոմբների առաջացումը կարող են հանգեցել գլխուղեղում արյունազեղումների, անոթների թրոմբոզի, գլխուղեղի այտուցման և կոմատոզ վիճակի զարգացման, թոքերի այտուցման, սրտային, երիկամային կամ լյարդային անբավարարության:

Չդադարող փսխումը գեստոզի ժամանակ կարող է առաջացնել օրգանիզմի ջրազրկում: Այն կարող է հանգեցնել ընկերքի վաղաժամ շերտազատման, վաղաժամ ծնդաբերության, պտղի շնչահեղձության: Թեթև և միջին ծանրության գեստոզի դեպքում վաղաժամ ծննդաբերություն դիտվում է 8-9 % դեպքերում, ծանրի ժամանակ՝ 19-20% դեպքերում: Եթե գեստոզն անցնում է էկլապսիայի փուլի, ապա երեխաները վաղաժամ են ծնվում 32% դեպքերում:

Ուշ գեստոզի ցանկացած ձև կարող է առաջացնել պտղի համար խիստ անբարենպաստ հետևանքներ: Սուր գեստոզը, որն ուղեկցվում է ընկերքի վաղաժամ շերտազատմամբ, կարող է նույնիսկ հանգեցնել պտղի մահվան: Պերինատալ մահացությունը գեստոզի դեպքում հասնում է 32%-ի:

Դանդաղ ընթացող գեստոզը հանգեցնում է պտղի թթվածնաքաղցի (հիպոքսիա), ինչն էլ իր հերթին հիմնականում առաջացնում է պտղի ներարգանդային զարգացման դանդաղում: Գեստոզի պարագայում ծնված երեխաների 30-35%-ը ունենում է մարմնի ցածր քաշով: Երեխաներից շատերը հաճախ են հիվանդանում, քանի որ թթվածնաքաղցը հանգեցնում է նաև ֆիզիկական ու մտավոր զարգացման դանդաղեցման: Գեստոզի ամենածանր տեսակի՝ էկլամպսիայի պարագայում մոր և մանկան կյանքը փրկելու միակ միջոցը շտապ ծննդալուծումն է (կամ հղիության ընդհատումը): Չնայած այն բանին, որ վաղաժամ ծնունդը անհաս երեխայի համար ոչ միշտ է հանդիսանում բարենպաստ ելք, այնուամենայնիվ լինում են դեպքեր, երբ փոքրիկի համար մայրիկի արգանդից դուրս ապրելու հնարավորություններն ավելի մեծ են լինում:

Կարդացեք՝ Գեստոզի բուժումը և կանխարգելումը

Լյարդի սուր սնուցախանգարումը (դիստրոֆիա) կարող է նույնիսկ մոր մահվան պատճառ հանդիսանալ: Բարեբախտաբար այս բարդությունը հազվադեպ է հանդիպում: Գեստոզը կարող է նաև առաջացնել հետծննդաբերական ծանր արյունահոսություներ: Եթե գեստոզի ախտանշանները դիտվում են ծննդաբերությունից հետո երկու ամիսների ընթացքում, ապա սա մատնանաշում է, որ հղիության պաթոլոգիան վերափոխվել է հիվանդության: