Պտղաջուր․ ի՞նչ է, ինչպե՞ս է առաջանում, ինչի՞ն է ծառայում

Պտղաջուր․ ի՞նչ է, ինչպե՞ս է առաջանում, ինչի՞ն է ծառայում

Առաջին տարերքը, որին ծանոթանում է ձեր փոքրիկը, ջրային միջավայրն է, հղիության ինն ամիսների ընթացքում փոքրիկը լողում է մայրիկի որովայնում՝ պտղաջրերում: Այս բնակության միջավայրն ամբողջությամբ հոգում է փոքրիկի կարիքները և ծառայում է որպես երեխայի առողջության մասին արժեքավոր տեղեկության կրող:

Մենք չենք հիշում, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել ծննդաբերությունից առաջ, բայց ենթադրվում է, որ մեզ լավ ենք զգացել: Ինչո՞ւ, որովհետև՝

  • նախ և առաջ այնտեղ տաք է․ պտղաջրերում միշտ ջերմաստիճանը պահպանվում է 37° С,
  • այնտեղ բավականին լուռ է, հեղուկը լավ պաշտպանում է արտաքին ձայներից և հարվածներից,
  • շնորհիվ պտղապարկի հերմետիկության նրանում ոչ մի ավելորդ բան չի կարող հայտնվել,
  • հարպտղային ջրերում կա իմունոգլոբուլին, որը շատ լավ պաշտպանում է փոքրիկին հնարավոր տհաճություններից,
  • ամնիոտիկ հեղուկը կարելի է համարել յուրահատուկ բուֆեր, որը պահպանում է փոքրիկին արտաքին միջավայրի ճնշումից և հոգ է տանում, որպեսզի մայրիկի հետ միակ կապի միջոցը՝ պորտալարը չվնասվի,
  • երեխան զրկված չէ ազատ շարժվելու հնարավորությունից՝ հատկապես վաղ շրջանում, և հանգիստ լողում է պտղաջրերում:

Մասնագետները նշում են, որ ծննդաբերությունից անմիջապես հետո երեխայի առաջին լողացման ժամանակ (լոռանման թաղանթը (փոքրիկի մարմինը պատող պաշտպանիչ սպիտակ նյութ) մաքրելու նպատակով), նրանք շատ լավ թուլանում են ջրում՝ իրենց զգալով սովորական միջավայրում: Դա շատ կարևոր է նախքան նոր կյանք սկսելը՝ ամբողջովին այլ՝ թարմ օդի աշխարհում:

Ինչի՞ց են ձևավորվում պտղաջրերը

Երբ բեղմնավորված ձվաբջիջն ամրանում է արգանդի պատին և սկսում է կիսվել, ձևավորվում են բարդ մեխանիզմի հիմնական մասերը՝ պտղաթաղանթները, ընկերքը, պորտալարը և սաղմը (ապագա փոքրիկը):

Պտղաթաղանթները (ամնիոն և խորիոն) ստեղծում են հերմետիկ պտղապարկ՝ ներսում բացարձակ ստերիլ հեղուկով: Հղիության երկրորդ շաբաթվա ավարտին պտղապարկն ամբողջությամբ զբաղեցնում է արգանդը և մինչև 14-րդ շաբաթը պտղաջրերը փոքրիկի մաշկի միջոցով ներթափանցում են օրգանիզմ: Այնուհետև նրա մաշկային ծածկույթները հարստանում են կերատինով և դառնում են ավելի հաստ, իսկ ջրերը այդ ընթացքում այլ ուղով են հայտնվում փոքրիկի օրգանիզմում, օրինակ մարսողական համակարգով՝ փոքրիկը կուլ է տալիս ջուրը և մեզի հետ այն դուրս բերում օրգանիզմից: Ժամանակի ընթացքում փոքրիկի կողմից վերամշակվող հեղուկի ծավալը հասնում է օրական մի քանի լիտրի, ընդ որում՝ արգանդում մշտապես առկա է մոտ մեկ լիտր հեղուկ:

Որտեղի՞ց է առաջանում ջուրը: Պտղաջրերն առաջանում են մայրիկի արյունատար անոթների արյան պլազմայի հաշվին: Հղիության ուշ ժամկետներում հարպտղային ջրերի արտադրմանը մասնակցում են նաև փոքրիկի երիկամները և թոքերը: Հղիության ժամկետների ավարտին՝ հեղուկի ծավալը հասնում է մինչև 1.5 լիտրի, և յուրաքանչյուր երեք ժամը մեկ այն ամբողջությամբ թարմացվում է, ընդ որում՝ դրա մեկ երրորդն արտադրվում է երեխայի կողմից: Պտղաջրերի գրեթե 97%-ը ջուր է, որի բաղադրության մեջ կան տարատեսակ սննդանյութեր՝ սպիտակուցներ, հանքային աղեր (կալցիում, նատրիում, քլոր): Բացի այդ, նրանում կարելի է նաև հայտնաբերել մաշկի բջիջներ, մազեր և անուշաբույր նյութեր՝ ալկալոիդներ: Կա ենթադրություն, որ ամնիոտիկ հեղուկի բույրը նման է մոր կաթի բույրին, ինչը թույլ է տալիս նորածնին անսխալ որոշել որտեղ է մայրիկի կուրծքը: Արևմուտքի որոշ ծննդատներում նորածինների թաթիկները չեն լվանում, որպեսզի նրանք կարողանան ծծել պտղաջրերով համեմված մատիկները, որոնց բույրին նրանք սովոր են:

Ինչպե՞ս են պտղաջրերը մասնակցում ծննդաբերական գործընթացին

Պտղաջրերը կենդանի միջավայր են փոքրիկի համար, որում գտնվելով՝ նրա մոտ սկսում են զարգանալ կենսական նշանակության շատ ֆունկցիաներ: Փոքրիկի երիկամներն սկսում են աշխատել շնորհիվ այն բանի, որ նա կուլ է տալիս պտղաջրերը, վերամշակում և մեզի հետ դուրս է բերում այն (փոքրիկի միզապարկում պտղաջրերը հայտնաբերվում են հղիության արդեն 9-րդ շաբաթից): Ծննդաբերության ժամանակ թոքերը սեղմվում են, պտղաջրերի մնացորդը դուրս է գալիս, և դրանից անմիջապես հետո փոքրիկը կատարում է իր առաջին շունչը:

Հղիության ավարտին պտղապարկն սկսում է ճնշում գործադրել արգանդի պարանոցի վրա, որի շնորհիվ էլ այն բացվում է: Ծննդաբերության օրը, երբ պտղապարկը պատռվում է (անկախ այն բանից այն պատռվում է բնական, թե արհեստական ճանապարհով) ջրերը հայտնվում են ծննդաբերական ուղիներում և լվանում են այն, ինչի օգնությամբ երեխան կարողանում է շարժվել այդ ուղիներով: Եթե փոքրիկը գտնվում է գլխով ներքև ուղղված դիրքում, ապա սկզբում դուրս են գալիս միայն առջևի հատվածում գտնվող ջրերը, իսկ մյուս մասը շարունակում է դեռ պաշտպանել նրան և դուրս է գալիս միայն փոքրիկի լույս աշխարհ գալուն պես:

Պտղաջրերի ծավալը

Քանի որ պտղաջրերի վիճակի հետ կապված ցանկացած բան շատ կարևոր է փոքրիկի առողջության համար, բժիշկներն ուշադիր հետևում են ջրերի հետ կատարվող ցանկացած երևույթի: Ինչպես գերջրությունը, այնպես էլ սակավաջրությունը կարող են բացասական ազդեցություն ունենալ պտղի զարգացման վրա:

Պտղաջրերի արտահոսքը ծննդաբերությունից առաջ

Ըստ վիճակագրության՝ յուրաքանչյուր հինգերորդ կին կորցնում է պտղաջրերի որոշակի մասը դեռ նախքան պտղապարկի պատռվելը: Երբ ամնիոտիկ հեղուկն սկսում է արտահոսել, մայրիկները վախենում են, նրանց թվում է, որ չեն հասցրել հասնել զուգարան (որպեսզի սխալ ենթադրություններ չանեք՝ փորձեք մկանները լարել, քանի որ մեզի հոսքը հնարավոր է կամային ուժով կանգնեցնել, իսկ պտղաջրերի հոսքը՝ հնարավոր չէ): Քանի որ ամնիոտիկ հեղուկի արտահոսքի հետևանքով երեխայի մոտ մեծանում է վարակների ներթափանցման հավանականությունը, ավելի լավ է դիմել բժշկի: Մանկաբարձ-գինեկոլոգն արգանդի պարանոցից քսուք կվերցնի՝ որոշելու պտղաջրերի առկայությունը կամ բացակայությունը, այնուհետև կորոշի հետագա գործողությունները: Եթե այս ամենն սկսվել է մինչև հղիության 34-րդ շաբաթը և փոքրիկի մոտ դեռ ձևավորված չեն թոքերը, բժիշկները կերկարաձգեն հղիությունը՝ փոքրիկին պաշտպանելով հակաբիոտիկ միջոցներով:

Այդ ընթացքում ապագա մայրիկին կնշանակվի հատուկ դեղորայք, որի օգնությամբ փոքրիկի թոքերը կձևավորվեն, իսկ արգանդի պարանոցը կնախապատրաստվի ծննդաբերության: Եթե ջրերի արտահոսքն ուղեկցվում է վարակներով ( բարձրանում է մոր մարմնի ջերմաստիճանը, արյան և հեշտոցային քսուքում հայտնաբերվում են մեծ քանակությամբ լեյկոցիտներ, և էրիթրոցիտների նստեցման արագությունը (ԷՆԱ) բարձրացած է), այդ դեպքում կնոջն անմիջապես սկսում են նախապատրաստել ծննդաբերության:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար