Կլիմաքս․ միֆեր և մտավախություններ

04.03.201511541

Որքան մոտենում է դաշտանադադարը, այնքան կանայք ավելի են սկսում վախենալ։ Դա առաջին հերթին պայմանավորված է այն միֆերով, որոնք շրջանառվում են հասարակության մեջ։

Օրգանիզմի հորմոնային ֆոնի և տարիքով պայմանավորված այլ փոփոխությունները հաճախ արտահայտվում են որոշակի ախտանշաններով։ Իրականում հաճախ ամեն բան շատ ավելի հեշտ է անցնում և պետք չէ վախենալ։ Այո, կլիմաքսն ունի մի քանի հիմնական և տհաճ նշաններ, սակայն դրանք միաժամանակ չեն արտահայտվում։ Ուշադիր և իր առողջության մասին հոգացող կինը գրագետ մոտեցման դեպքում կարող է հաջողությամբ պայքարել դրանց դեմ։ Պետք չէ ծուլանալ, բողոքել և տանջվել։

Գեղեցկությունն առհավետ կորչում է

Կլիմաքսի ընթացքում էստրոգենի քանակը նվազում է, և դա իսկապես անդրադառնում է մաշկի և մազերի որակի վրա։ Դա, սակայն, չի նշանակում, որ շտկելն անհնար է։ Կոսմետիկ բազմաթիվ միջոցներ կան՝ նախատեսված տարբեր տարիքի կանանց մաշկի խնամքի համար։ Կարևորը ճիշտ միջոցն ընտրելն է՝ հաշվի առնելով սեփական պահանջներն ու առանձնահատկությունները։ Նույնը վերաբերում է նաև մազերին և եղունգներին։

Պետք է հաշվի առնել, որ կնոջ գեղեցկության վրա անդրադառնում է նաև սթրեսը, նստակյաց կյանքը և վնասակար սովորությունները։ Հարկավոր է հնարավորինս պակասեցնել այդ գործոնները․ չէ՞ որ դա հնարավոր է և մեր ուժերից վեր չէ։ Օրվա ռեժիմը, խելամիտ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հավասարակշռված սնունդը, լիարժեք քունը, ինչպես նաև մարմնի և դեմքի մաշկի խնամքը կօգնեն հաղթահարել տարիքային խոչընդոտները և պահպանել գեղեցկությունը։

Չկա դաշտան, չկա հղիություն

Պետք չէ ժամանակից շուտ կորցնել զգոնությունը։ Կինը կարող է հղիանալ վերջին դաշտանից հետո երկու տարվա ընթացքում, ընդ որում՝ այդպիսի դեպքերը շատ են։ Ոմանք հղիանում են 50 տարեկանում և նույնիսկ 60-ում, ուստի պետք է շարունակել պաշտպանվել։

Սեռական հակումը կորչում է

Էստրոգենի ցածր մակարդակի հետևանքով սեռական օրգանները ժամանակի ընթացքում փոփոխվում են չափերով, փոխվում է նաև հեշտոցի ձևը և տոնուսը, լորձաթաղանթը դառնում է չոր և բարակ։ Ուստի հնարավոր է, որ սեռական հարաբերությունն անհարմարություն առաջացնի։ Այս հարցում ևս պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Նախ կան ինտիմ հիգիենայի հատուկ միջոցներ, որոնք օգնում են հաղթահարել անհարմարությունը և վերականգնել РН-ի բնական մակարդակը, հետո էլ՝ մեծ բան կախված է նաև կնոջ արտաքին տեսքից, նրա առողջական վիճակից և տրամադրությունից։ Եթե կինը խնամված է, ինքնավստահ, ունի լավ տրամադրություն, կարողանում է գրավել տղամարդու ուշադրությունը։ Կրկին հանգում ենք առաջին կետին՝ սիրեք ինքներդ ձեզ և մի մոռացեք պարբերաբար երես տալ որակյալ խնամքով։

Կլիմաքսի ընթացքում փչանում է բնավորությունը

Հանկարծակի ջերմային առհոսքը և մյուս տհաճ ախտանշաններն իսկապես ի զորու են փչացնել տրամադրությունը, սակայն որպեսզի վատ տրամադրությունը մշտական կայուն վիճակ չդառնա, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Լավ կլինի դիմել գինեկոլոգի, ով փոխարինող հորմոնային թերապիա կնշանակի՝ կախված ձեր օրգանիզմի առանձնահատկություններից, կամ էլ այլ կենսահավելումներ կառաջարկի։

Կլիմաքսից հետո առողջական վիճակը կտրուկ վատանում է

Ոչ ոք ապահովագրված չէ, սակայն այս պնդումը խիստ ծայրահեղացված է։ Վիճակագրության համաձայն կանանց 15-20%-ն ինքնազգաողության ոչ մի փոփոխություն չի ունենում։ Այդուհանդերձ ջերմային առհոսքը միֆ չէ և շատերին է ծանոթ։ Հաճախ առողջության վատացում ասելով նկատի են ունենում ջերմային առհոսքի հետ կապված ախտանշանները։ Ինչպես արդեն նշել ենք, պետք չէ հերոսաբար տանջվել․ ժամանակին նշանակված հորմոնային թերապիան կարող է օգնել կնոջը հաղթահարել այդ փուլը և չկորցնել ինքնավստահությունը։

Սա արդեն միֆ չէ

Ապացուցված է, որ կլիմակտերիկ համախտանիշը հաճախ զարգանում է այն կանանց դեպքում, ովքեր անհավասարակշիռ են, ծանր սթրեսներ են ապրել, ունեն քրոնիկական հիվանդություններ և այլն։ Ուստի փորձեք հաշվի առնել այս հանգամանքը և պահպանել հանգստությունն ու ինքնավստահությունը։