Անպտղություն․ ինչու՞ հենց ես

05.03.20159852

Բոլոր ընկերուհիներն արդեն զբաղված են իրենց փոքրիկներին խնամելով, համադասարանցիներն ու համակուրսեցիները սոցիալական ցանցերում հպարտորեն տեղադրում են իրենց փորիկներով լուսանկարները, իսկ հարևանուհին կրկին հղի է, և միայն դուք եք, ում չի հաջողվում հղիանալ։ Ծանո՞թ իրավիճակ է: Հավանաբար տանջվում եք այն մտքից, թե ինչո՞ւ հենց դուք, ինչո՞ւ չի ստացվում:

Չնայած որ բժիշկներն անպտղություն ախտորոշում են միայն 12 ամսվա ընթացքում ծրագրված (ձվազատման օրերին սեռական հարաբերությունների առկայությամբ) հղիության փորձերից հետո, այնուամենայնիվ այդ խնդրին բախվող կանանց մի մասը համամիտ չի լինում այդ ժամկետի հետ:

Որոշ զույգեր չեն համաձայնում սպասել այդքան երկար և ամիսներ անց սկսում են մտահոգվել՝ կասկածելով իրենց վերարտադրողական առողջության հարցում: Այդպիսի զույգերին պետք է հիշեցնել, որ ըստ վիճակագրության՝ մեկ տարվա ընթացքում հղիանում է կանանց 90%-ը միայն: Պետք չէ շտապել և ձեզ ներառել մնացած 10%-ի մեջ: Դաշտանի 11-րդ կամ 12-րդ ցիկլում հղիանալն այնքան բնականոն է, որքան առաջինում հղիանալը:

Հատկապես այն կանայք են շտապում իրենց ներառել «անպտուղների» շարքում, ովքեր բժշկից նախկինում լսել են «հնարավոր է հղիանալու հետ կապված խնդիրներ ունենաք» խոսքերը: Ցավոք ոչ բոլոր բժիշկներն են հասկանում, որ այդպես խոսելը ոչ միայն քաղաքավարի չէ, այլև դա լսող կնոջը կարող է անգամ հղիանալու «հոգեբանական արգելքի»առջև կանգնեցնել: Բժիշկ-մասնագետը հիանալի գիտի, որ իր խոսքերը կարևոր նշանակություն ունեն: Բացի այդ, հնարավոր չէ անպտղության խնդիրները նախապես կանխագուշակել:

Դիտեք՝ Անպտղություն

Մյուս խմբի կանայք, ընդհակառակը, նույնիսկ մեկ տարի անց չեն կարողանում հարմարվել այն մտքի հետ, որ խնդիր ունեն, և շարունակում են սպասել հաջորդ ցիկլին: Այս դեպքում անպայման անհաժեշտ է ուժերը հավաքել, նայել ճշմարտության աչքերի մեջ և խոստովանել, որ ժամանակն է դիմել մասնագետների օգնությանը: Եվ նույնիսկ եթե ձեր բժշկական փաստաթղթերում նշեն «անպտղություն» ախտորոշումը, պետք է հիշել, որ դա նշանակում է միայն, որ անցել է փորձերի մեկ տարին: Դա ոչ մի դեպքում չի զրկում ձեզ մայրանալու հնարավորությունից: Հղիության բացակայության պատճառը վերացնելու համար հաճախ պահանջվում է պարզապես հորմոնային ֆոնի որոշակի ուղղումներ կատարել: Գլխավորը լավ մասնագետ գտնելն է, ով կօգնի ճիշտ ախտորոշում կազմել և ընտրել համապատասխան բուժում:

Այս առումով մեզ չի կարող չուրախացնել այն փաստը, որ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ բժշկությունը բավականին զարգացած է և թույլ է տալիս հայտնաբերել հղիանալ չկարողանալու պատճառներն ու վերացնել դրանք: Հորմոնային հավասարակշռությունը որոշվում է արյան հետազոտության, ՈՒՁՀ և այլ մեթոդների շնորհիվ, և ոչ թե պարզապես հիվանդին տեսնելով՝ օրինակ շրթունքների վերին հատվածում առաջացած մազերով կամ ցիկլի երկրորդ փուլում տրամադրության անկմամբ: Խնդիրները հաղթահարելու համար արդյունավետ կիրառվում են դեղորայքային միջոցներ, ինվազիվ վիրահատություններ, ինչպես նաև օգնության են գալիս բարձր տեխնոլոգիաներով վերարտադրողական օժանդակ միջոցներ՝ ԱՄԲ, սպերմատոզոիդների ներցիտոպլազմային ներարկում (ՍՆՆ), ձևաբանորեն (մորֆոլոգիապես) ընտրված սպերմատզոիդների ներցիտոպլազմային ներարկում (ՁԸՍՆՆ) և այլն: Այս ամենն օգնում է վերացնել հղիության բացակայության գրեթե բոլոր պատճառները:

Դիտեք՝ Վերարտադրողական տեխնոլոգիաներ

Հաճախ, երբ կինը բախվում է նմանատիպ խնդրի, մտածում է, որ իրենը բացառիկ դեպք է՝ «բոլորը հեշտությամբ հղիանում են, բացի ինձնից»: Իրականում դա այդպես չէ: Ինչպես արդեն նշվեց վերևում, անպտղություն ախտորոշվում է զույգերի 10%-ի դեպքում: Այլ տվյալների համաձայն ընտանիքների 20%-ը բախվում է նման խնդրի: Հղիության պլանավորման կայքերից, ֆորումներից ակնհայտ է դառնում, որ միայն դուք չեք հայտնվել այդպիսի իրավիճակում: Այդպիսի կայքերում կարելի է և՛ օգտակար խորհուրդներ գտնել հղիության պլանավորման վերաբերյալ, և՛ անհաջողությունից վիրավորված սիրտը թեթևացնել, և՛ հանդիպել իրական հրաշքների՝ կարդալով այն պատմությունները, երբ չնայած բոլոր ախտորոշումներին, հաջողվել է հղիանալ, և հրաշալի փոքրիկներ են լույս աշխարհ եկել: Գիտակցումը, որ նման խնդիր միայն դուք չեք, որ ունեք, և որ շատ զույգեր հաջողությամբ հաղթահարում են այն, խթանող ուժ կլինի, որպեսզի չհանձնվեք մայրանալու երջանկության համար ձեր պայքարում:

Կա ևս մեկ միտում, որը երեխա ունենալու երկարատև պլանավորումը դարձնում է հոգեբանորեն պակաս սթրեսային: Եթե նախկինում ընդունված էր մեղադրել կնոջը ընտանիքում երեխաների բացակայության հարցում, ապա այսօր անպտղությունը չի համարվում բացառապես կնոջ խնդիր: Եթե նույնիսկ բացահայտվում է, որ խնդիրը կնոջ առողջության մեջ է, զույգը միասին է լուծում այդ խնդիրը՝ աջակցելով մեկը մյուսին: Դա կանանց հավատ է ներշնչում իրենց ուժերի հանդեպ և հավատ, որ պլանավորված հղիությունը կպսակվի երեխայի լույս աշխարհ գալով: Տղամարդիկ նույնպես խիստ կարիք ունեն աջակցության, հատկապես, եթե խնդիրն իրենց առողջության պատճառով է: Այստեղ ահա կինը պարտավոր է գործի դնել իր ամբողջ նրբազգացությունն ու խելամտությունը, որպեսզի կարողանա ընտանիքում լավ հոգեբանական մթնոլորտ պահպանել: Ցանկացած դեպքում դժվարությունները միասին հաղթահարելն ավելի հեշտ է, քան միայնակ:

Երկար ժամանակ երեխայի ծնունդին սպասելը կնոջ առաջ մի շարք հարցեր է դնում՝ հոգեբանական, փիլիսոփայական, փոխհարաբերություններին առնչվող և այլ: Կինը հաճախ մտածում է՝ «ինչու՞ հենց ինձ բաժին ընկավ այս խնդիր», «իսկ ես պատրա՞ստ եմ մայրանալու», «արժանի՞ եմ արդյոք մայր դառնալուն», «ես իսկապե՞ս ցանկանում եմ երեխա ունենալ»: Իրականում պետք չէ այս հարցերին պատասխաններ փնտրել: Դրանց մեծամասնությունը չունի հստակ պատասխան: Եթե պլանավորել եք երեխա ունենալ, դուք արդեն սիրում եք նրան: Պետք չէ հուսալքվել անհաջող փորձերից, մի՛ նյարդայնացեք, և մի՛ մեղադրեք դրանում ոչ մեկի: Փոխարենը համառորեն գնացեք ձեր նպատակի հետևից, մի՛ նստեք ձեռքերը ծալած և ամեն բան կպսակվի հաջողությամբ: