Արգանդի թափածակում (պերֆորացիա)

Արգանդի թափածակում (պերֆորացիա)

Արգանդի թափածակումը յատրոգեն հիվանդություն է: Դա վիրահատկան միջամտության ժամանակ (օրինակ`աբորտ) արգանդի պատի ծակումն է:

Ներարգանդային միջամտությունների հետևանքով արգանդի թափածակում ախտորոշվում է հիվանդների 1 տոկոսի դեպքում, 0,7%- ի դեպքում դա արհեստական աբորտի, ախտորոշիչ քերում կատարելու, հիստերասկոպիայի արդյունք է, իսկ 0,3% –ի դեպքում՝ ներարգանդային հակաբեղմնավորիչի տեղադրման արդյունք:

Կանխարգելում

Սա ներառում է ներարգանդային միջամտությունների ընթացքում տեխնիկայի կանոնների խիստ պահպանում:

Դասակարգում

Արգանդի թափածակումը կարող է լինել՝

  • ամբողջական (վնասվում է արգանդի պատն ամբողջապես),
  • չբարդացած (առանց փոքր կոնքի և որովայնի խոռոչի օրգանների վնասման),
  • բարդացած (աղիների, միզապարկի, արգանդի հավելումների և այլ օրգանների վնասվածքներով),
  • ոչ ամբողջական (այս պարագայում արգանդի արտաքին լորձաթաղանթն անվնաս է մնում):

Պատճառագիտություն

Արգանդի թափածակման պատճառը ներարգանդային վիրահատությունների տեխնիկայի խախտումն է: Դրա զարգացման վտանգի գործոններ կարող են համարվել արգանդի սուր և քրոնիկական բորբոքումները, միջամտություններից հետո արգանդի վրա առաջացած սպին, արգանդի հաճախակի կամ ոչ այնքան վաղ շրջանում կատարված վիրահատությունը՝ ներառյալ վիրահատական աբորտները և ախտորոշիչ քերումը:

Ախտածագում

Ամենավտանգավորն աբորտցանգով և կյուրետկայով թափածակումն է, քանի որ դրանք ունեն սուր ծայրեր և կարող են նույնիսկ ներքին օրգանները վնասել: Արգանդը լայնացնող գործիքը (հեգարը) ունի կլորավուն ծայր, այդ պատճառով դրա վնաս հասցնելու հավանականությունը քիչ է:

Կլինիկական պատկերը

Հիվանդները սովորաբար գանգատվում են որովայնի ստորին հատվածի կտրուկ ցավից, սեռական ուղիներից եկող արյունային արտադրությունից, ջերմաստիճանի բարձրացումից (սովորաբար մինչև 37,5 °С), թուլությունից և գլխապտույտից: Ուժգին արյունահոսության դեպքում կարող է դիտվել զարկերակային ճնշման նվազում, տախիկարդիա, մաշկի գունատություն: Եթե թափածակված հատվածը ծածկված է փոքր կոնքի կամ որովայնի որևէ հարևան օրգանով՝ օրինակ ընդերացանցով (сальник), կլինիկական պատկերը դառնում է չարտահայտված ախտանշաններով:

Ախտորոշումը

Քանի որ ներարգանդային մանիպուլյացիաները հիմնականում կատարվում են անզգայացման ներքո, և հիվանդները չեն գանգատվում, ապա արգանդի թափածակման դեպքում մտածելու տեղիք կա, երբ միջամտության ընթացքում հանկարծ վիրահատական գործիքն առանց արգանդի պատին հանդիպելու ներթափանցում է խորք: Վիրահատության ընթացքում բժշկի ուշադիր վերաբերմունքը բոլոր մանիպուլյացիաների հանդեպ թույլ կտա գրեթե ամբողջությամբ բացառել արգանդի պատի թափածակումը չնկատելու վտանգը:

Կլինիկական տվյալների անամնեզից ելնելով՝ (արհեստական աբորտ, ներարգանդային հակաբեղմնավորիչի տեղադրում) հեշտությամբ բացահայտվում է արգանդի թափածակումը: Կասկածելու դեպքում կատարվում է հիվանդի ընդհանուր վիճակի գնահատում՝ հաշվի է առնվում մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գույնը, ստուգվում է պուլսը, զարկերակային ճնշումը, կատարվում է որովայնի զննում, պալպացիա: Սովորաբար նկատվում է մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն, սառը քրտինք, տախիկարդիա, զարկերակային ճնշումը կարող է լինել նորմալ կամ ցածր: Որովայնի ստորին հատվածներում նկատվում է լարվածություն, կարող է դիտվել ցավ, որովայնի գրգռվածության ախտանշաններ: Լրացուցիչ կատարվում է փոքր կոնքի օրգանների տրանսվագինալ ՈւՁՀ, որի ընթացքում որոշվում է փոքր կոնքում ազատ հեղուկի առկայությունը:

Եթե կասկածվում է որովայնի խոռոչի օրգանների վնասում, անհրաժեշտ է խորհրդակցել վիրաբույժի հետ:

Բուժումը

Բուժման նպատակը արգանդում թափածակված հատվածի վերացումն է:

Հոսպիտալացման ցուցումները

Արգանդի թափածակում կասկածելու դեպքում ցուցվում է անհապաղ հոսպիտալացում գինեկոլոգիական բաժանմունք: Մինչհոսպիտալացման փուլում անհրաժեշտ է կատարել որովայնի ստորին հատվածի սառեցում, ինֆուզիոն թերապիա և այլ լուծումներ՝ կախված հիվանդի ընդհանուր վիճակից:

Բուժման մեթոդները

Բուժման հիմնական մեթոդը վիրահատական միջամտությունն է: Դեղորայքային բուժում չի կիրառվում: Թե արգանդի թափածակումը ախտորոշելու և թե այն բուժելու համար կատարվում է լապարասկոպիա, որի ընթացքում վիրաբույժը կատարում է փոքր կոնքի և որովայնի խոռոչի օրգանների վերստուգում, որպեսզի գնահատի դրանց վիճակը:

Վիրահատությունը սովորաբար չի լինում մեծածավալ, կարում են վերքի ծայրերը և լվանում որովայնի խոռոչը: Հետվիրահատական շրջանում բոլոր հիվանդներին ցուցվում է կանխարգելիչ հակաբակտերիալ թերապիա:

Արգանդային զոնդով թափածակման դեպքում, ինչպես նաև ներքին արյունահոսության կլինիկական և ուլտրաձայնային նշանների բացակայության պարագայում հնարավոր է սպասողական տակտիկա վարել՝ արգանդը կրճատող միջոցների նշանակում, դինամիկ հսկողություն, ուլտրաձայնային վերահսկում:

Աբորտի ժամանակ աբորտցանգով և կյուրետով արգանդի մեծ չափի լայնացում կատարելիս առաջացած թափածակման դեպքում ցուցվում է վիրաբուժական միջամտություն (լապարասկոպիկ կամ լապարատոմիկ միջամտություն):

Որովայնի խոռոչի օրգանների վնասման դեպքում ցուցվում է վիրաբույժի կամ ուրոլոգի խորհրդատվություն՝ կախված վնասվածքի տեղակայումից:

Չբարդացած ամբողջական թափածակման դեպքում աշխատունակությունը վերականգնվում է 7 օր անց:

Հետագա ցուցումներ

Այն կանայք, ովքեր թափածակումից հետո արգանդի վրա սպի են ունեցել, հետագայում հղիանալուց պետք է գտնվեն հատուկ հսկողության տակ: Հնարավոր է ներարգանդային միջամտությունը բարդացնի արգանդի թափածակումը: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է անցնել համապատասխան նախապատրաստում, հատկապես վտանգի գոտում հայտնված կանանց դեպքում: Իսկ այդ խմբում են համարվում կանայք, ովքեր գտնվում են հետկլիմաքսային շրջանում, և նրանք, ովքեր անամնեզում ունեն՝

  • սուր և քրոնիկական էնդոմետրիտ,
  • մեծաքանակ ներարգանդային վիրահատություններ (ախտորոշիչ քերում, բժշկական աբորտներ),
  • վիրահատությունից հետո արգանդի սպի (կեսարյան հատում, պահպանողական միոմեկտոմիա),
  • նվազագույնը 6 ամիս առաջ կատարված ներարգանդային վիրահատական միջամտություն:

Վիրահատության նախապատրաստման տևողությունն ու ծավալը որոշում է բժիշկը:

Կանխատեսումներ

Ժամանակին կատարված ախտորոշման և համապատասխան բժշկական օգնության դեպքում կյանքի և առողջության կանխատեսումները բարենպաստ են:

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում