Ցիստիտ

Ցիստիտ

Ցիստիտը միզապարկի բորբոքային հիվանդություն է: Սովորաբար այն հայտնվում է ուրետրիտի (միզուղիների բորբոքման) հետ: Միզապարկը պարկանման օրգան է, որում կուտակվում է երիկամներից արտադրվող մեզը: Ունի երկու միզածորան, որոնց միջով մեզը հոսում է երիկամներից և միզուղիներով դուրս գալիս օրգանիզմից: Ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ կլինի կատարել մեզի հետազոտություն և մեզի ցանքս: Դա կատարվում է ախտորոշման հաստատման և հարուցիչ մանրէների տեսակը որոշելու համար (որպեսզի նշանակվի առավել համապատասխան հակաբիոտիկ դեղամիջոց):

Ինչպե՞ս հանձնել մեզը 

Անհրաժեշտ է արտաքին սեռական օրգանները լվանալ գոլ ջրով կամ մաքրել այդ հատվածը ախտահանիչ միջոցներով: Կանայք պետք է լվացում կատարեն առջևից հետև: Անհրաժեշտ է մեզի առաջին շիթը բաց թողնել, այնուհետև միզել նախատեսված տարրայի մեջ: Չի՛ կարելի դիպչել տարրային ներսից:

Կարդացեք. Ինչպե՞ս ճիշտ հանձնել անալիզները

Ցիստիտի առաջացման պատճառները

Սովորաբար ցիստիտն առաջանում է մանրէների պատճառով, որոնք միզուղիներով հայտնվում են միզապարկի մեջ: Ամենից հաճախ հարուցիչը escherichia coli աղիքային ցուպիկն է, որը նորմայում հանդիպում է աղիներում:

Մարմնի անատոմիական կառուցվածքից ելնելով՝ կանայք և աղջիկները ցիստիտով հիվանդանալու ավելի մեծ հակում ունեն, քան տղամարդիկ: Կանանց միզուկը կարճ է, լայն և տեղակայված է հետանցքին մոտ, և հետևաբար վարակներն ավելի հեշտությամբ են ներթափանցում:

Ցիստիտի առաջացման մեկ այլ պատճառ է սեռական ակտից հետո միզուղու բորբոքումը: Այդ դեպքում ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս հարաբերությունից հետո 12 ժամվա ընթաքում:

Ցիստիտի նշաններ կարող են առաջանալ միզուղու արտաքին անցքի բորբոքումից: Երբեմն պատճառ են դառնում տարատեսակ ալերգիաները կոսմետիկ օճառներից, տալկերից և նույնիսկ տուալետի գունավոր թղթից:

Երբեմն ցիստիտով հիվանդանում են նաև երեխաները: Որոշ դեպքերում դա առաջանում է անատոմիական փոփոխությունների պատճառով, երբ մեզը հետ է մղվում միզածորան, և արտազատման համակարգով մեզի հոսքը խանգարվում է: Եթե երեխան ունի ցիստիտի   ախտանշաններ, ապա նրան անհրաժեշտ է բժշկական զննում: Ցիստիտի առաջացման վտանգը մեծ է այն երեխաների և մեծահասակների դեպքում, ովքեր երկար ժամանակ հետաձգում են միզարձակումը: Հազվադեպ ցիստիտը կարող է պայմանավորված լինել ուռուցքով:

Ցիստիտի ախտանշանները

Մեծահասակների դեպքում ցիստիտը սովորաբար առաջացնում է հաճախակի և ցավոտ միզարձակում: Ցավը բնութագրվում է այրոցի զգացողությամբ: Մեզը կարող է ուժեղ հոտ ունենալ, լինել պղտոր, արյան հետքերով: Ընդ որում՝ կարող է դիտվել ինքնազգացողության վատացում և մշտական ցավ գոտկատեղում: Երեխաների և տարեցների ախտանշաններն այդքան ուժեղ չեն արտահայտվում: Հիմնականում դիտվում է դողէրոցք, որովայնի ցավ և սրտխառնոց:

Ի՞նչ կարող եք անել դուք

  • Անհրաժեշտ է խմել օրական 10-14 բաժակ ջուր: 
  • Նվազեցրեք թեյի քանակը, բացառեք սուրճը և ոգելից խմիչքները: Դրանք գրգռում են միզապարկը: 
  • Նվազեցրեք կալցիումի մեծ պարունակությամբ սննդի՝ կաթի, պանրի, յոգուրտի քանակը (միայն բուժման ընթացքում): 
  • Ցավը մեղմելու համար կարելի է որովայնին, մեջքին կամ ոտքերի միջև տաք իր դնել, օրինակ՝ տաք ջրով լցված շիշ: 
  • Յուրաքանչյուր 3 ժամը մեկ խմեք մեկ գդալ սոդայաջուր: Դա կօգնի նվազեցնել մեզի թթվայնությունը և ազատվել այրոցի զգացողությունից: 

Եթե ունեք հետևյալ ախտանանները, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի՝

  • եթե օրվա ընթացքում ախտանշանները չեն անցնում, 
  • եթե առկա է տենդ, մեջքի ստորին հատվածի ցավ, արյուն մեզի մեջ,
  • եթե ախտանշաններն առաջանում են հղիության ընթացքում (հղի կանայք ավելի հակված են երիկամների վարակման),
  • եթե հիվանդությունը կրկնվում է, 
  • եթե հիվանդությունն սկսվել է տարբեր սեռական զուգընկերներ ունենալուց հետո,
  • եթե հիվանդությունը երեխայի կամ տղամարդու մոտ է առաջացել:

Եթե մշտապես ունենում եք միզուղիների խնդիրներ, ապա ձեզ անհրաժեշտ է դիմել ուրոլոգի: Դեղորայքն ընդունեք բժշկի ցուցումների համաձայն (հիմնականում նշանակվում է հակաբիոտիկ և ցավազրկող): Չի՛ կարելի ընդհատել բուժումը:

Ի՞նչ կարող է անել բժիշկը

Բժիշկը կնշանակի հետազոտություններ՝ միզապարկի, միզուղիների և երիկամների վիճակը ստուգելու համար: Այնուհետև դուրս կգրի համապատասխան դեղորայք: Որոշ դեպքերում հնարավոր է պահանջվի վիրահատական միջամտություն:

Կանխարգելում

  • Միզապարկի դատարկումը պետք է կատարվի այնքան հաճախ, որքան պահանջում է ձեր օրգանիզմը: Դա շատ կարևոր է, քանի որ մեզը պահելը ցիստիտի առաջացման ամենգլխավոր պատճառներից մեկն է: 
  • Պետք է խմել նվազագույնը 8 բաժակ հեղուկ ամեն օր: 
  • Ամենաքիչը մեկ անգամ անհրաժեշտ է լվացվել օրվա ընթացքում: Միզարձակումից հետո կանայք պետք է լվացում կատարեն նախ առջևից, հետո հետևից, որպեսզի նվազեցնեն հետանցքից միզուղի մանրէների ներթափանցման վտանգը: 
  • Նախընտրեք բամբակյա ներքնազգեստ և փորձեք չկրել նեղ տաբատներ: 
  • Եթե ցիստիտը կրկնվում է, լավ կլինի վաննա ընդունելու փոխարեն պարզապես լոգանք ընդունեք: Դա մի փոքր հեշտացնում է լվացում կատարելու ընթացքը: 
  •  Անհրաժեշտ է սեռական հարաբերությունից հետո միզել, որպեսզի միզուղու անցքի մոտ հայտնված մանրէները դուրս գան մեզի հետ նախքան բազմանալը:
Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում